«Հայջրմուղկոյուղին» պարբերաբար կոնֆլիկտներ է ունենում բաժանորդների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում ջրօգտագործողների եւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի աշխատակիցների միջեւ պարբերաբար տեղի ունեցող հակամարտություններն արդեն անհանգստացնող են դարձել: Բանն այն է, որ ընկերությունը բաժանորդներից պահանջում է սպառած ջրի՝ տարիներով կուտակված վարձավճարները վճարել, իսկ վերջիններս էլ հրաժարվում են՝ պատճառաբանելով, որ վճարունակ չեն, բացի այդ՝ ընկերությունը ծառայություն չի մատուցել իրենց, խողովակաշարերը փտած են:

Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի հետ:

-Պարո՛ն Լորեն, մեր հանրապետության մարզերի քանի՞ տոկոսն է ջրաչափերով ապահովված:

-Ընդհանուր սպասարկման տարածքում ավելի քան 85 տոկոսում ջրաչափ կա:

-Խմելու ջրի որակն ինչպե՞ս եք ստուգում եւ ի՞նչ ջուր եք տալիս բնակիչներին:

-Ջրի որակը վերահսկվում է Հայաստանի օրենսդրությամբ հաստատված նորմերին համապատասխան կարգով: Եւ այդ կարգը ենթադրում է ամենօրյա նմուշառում, տեղերում զննում: Ի դեպ, Աշտարակ քաղաքում լաբորատորիա կա, որտեղ հանձնվում են այդ նմուշները, եւ փորձաքննություն է իրականացվում: Խիստ քաղաքականություն կա, որը մշակել ենք նմուշառումների փորձաքննության հետ կապված, որն էլ իրականացվում է ըստ կարգի: Իսկ այդ կարգը, ինչպես նշեցի, հաստատված է օրենսդրությամբ:

-Ինչո՞ւ է Ձեր եւ ջրօգտագործողների միջեւ պարբերաբար կոնֆլիկտներ ծագում:
-Այո՛, պարբերաբար լինում են կոնֆլիկտային իրավիճակներ բաժանորդների հետ: Հիմնականում այն բաժանորդներն են, ովքեր երկար ժամանակահատված կուտակված պարտքեր ունեն սպառած ջրի դիմաց: Բայց հաճախ կոնֆլիկտները ստեղծվում են այն պատճառով, որ տվյալ բաժանորդը կամ ջրօգտագործողը ինքն է շտապում միանգամից կոնֆլիկտ ստեղծել: Մինչդեռ դրա փոխարեն նա կարող է ներկայանալ համապատասխան տեղամաս, ճշտել իր պարտքի չափը եւ հասկանալ, թե ինչու է գոյացել այն:

-Ի՞նչն է պատճառը, որ տարիների պարտք մնացած վարձավճարները Դուք միանգամից եք պահանջում՝ շատ լավ գիտակցելով, որ անհնար է: Չէ՞ որ ՀՀ-ում մարդիկ այնքան էլ վճարունակ չեն:

-Ի վերջո, կան մի քանի տարբերակներ՝ այդ պարտքը մարելու համար, մեխանիզմներ ունենք՝ երկարաժամկետ մարման ժամանակացույցով, որով էլ հնարավոր է այդ պարտքը մարել: Իսկ մարդիկ գերադասում են միանգամից բողոքի ալիք բարձրացնել, դրա համար էլ երբեմն կոնֆլիկտային պահեր են առաջանում:

-Ի՞նչ հնության են խմելու ջրի խողովակները, եւ դրանք փոխելու համար ի՞նչ գումարներ են պետք: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ի խմբագրությունը պարբերաբար բողոքներ է ստանում գյուղապետերից:

-Ընդհանուր ցանցերի ենթակառուցվածքի մոտ 30 տոկոսն է միայն փոխարինվել նորերով: Կառավարության կողմից ընկերությանը ներդրումների համար տարեկան մոտավորապես 30 մլն դոլարի չափով վարկային միջոցներ են հատկացվում: Դրանով համաչափորեն ցանցերն աստիճանաբար վերանորոգվում են: Ըստ մեր կանխատեսումների՝ մոտավորապես 20 տարի դեռեւս անհրաժեշտ է, որպեսզի ամբողջությամբ թարմացվի ենթակառուցվածքը:

-Ի վերջո, դրանք ե՞րբ են ամբողջությամբ փոխվելու:

-Անկեղծորեն պետք է ասեմ, որ ահռելի գումար է փոխանցվում, բայց անկախ այդ գումարի չափից՝ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի դրան համապատասխան նախագծային փաստաթղթերը պատրաստենք, նախագծում, մրցույթ իրականացնենք շինարարական ընկերություն ընտրվի: Նաեւ սեզոնային սահմանափակումներ կան: Ընդհանուր առմամբ՝ 7-9 ամիս ենք կարողանում շինարարական աշխատանքներ իրականացնել: Մոտակա հինգ տարիների համար հատկացված ներդրումային գումարները տեղաբաշխված են: Խոսքը 30 մլն դոլարի մասին է:

-Վարդենիսի բնակիչները պարբերաբար դժգոհում են, որ իրենց թաղամասերում ջրի խողովակաշարն անցնում է գետնի վրայով: Իսկ դուք էլ պահանջում եք ջրաչափ դնել: Այդ դեպքում մարդիկ ստիպված են լինելու ջուրը փակել, որպեսզի վճարեն ջրաչափի ցուցիչին համապատասխան: Բայց հենց փակում են ջուրը, այն սառչում է, խողովակները պայթում են: Ձեր ընկերությունը հրաժարվում է փոխել խողովակները, անցկացնել գետնի տակով. ինչպե՞ս պետք է լուծվի խնդիրը:

-Դրանք պատրվակներ են, մարդիկ կեղծ բաներ են փնտրում, որ ջրաչափ չտեղադրեն: Այնտեղի բնակչությունն ուղղակի իրենց տեղական իշխանությունների, մասնավորապես՝ քաղաքապետի աջակցությամբ, ցանկացած փաստարկ բերում են, որպեսզի նորմալ օրենքով նախատեսված ընթացակարգերից իրենք դուրս մնան, եւ ինչ-որ բացառություն արվի իրենց համար: Վարդենիսը յուրահատուկ դեպք է ամբողջ երկրի տարածքում: Արդեն մի քանի տարի է, ինչ մեր կողմից սպասարկվող բոլոր բնակավայրերում ջրաչափեր են տեղադրվում, միայն Վարդենիսում է, որ մարդիկ դեմ են:

-Վարդենիսցիները պնդում են, որ իրենք թույլ չեն տա իրենց վրա վաճառել պապենական ջուրը:

-Ես դեռեւս 4-5 տարի առաջ Վարդենիսում ասել եմ, որ մինչեւ մարդկանց տրամադրվածությունը չփոխվի, այնտեղ ներդրում չենք անելու:

-Հիմա Վարդենիսում ջրաչափի տեղադրումը ո՞ր փուլում է գտնվում:

-Այս պահին հուսադրող է: Հուսով եմ, որ հնարավորություն կա կարգավորելու խնդիրը: Այնտեղ որոշակի ներդրում արվել է. մեր ընկերության կողմից ներդրում է կատարվել՝ կոյուղու մաքրման կայան է կառուցվել: Բայց հիմա կոյուղու մաքրման կայանի մուտքի՝ մոտ հինգ անգամ ավել ջրաքանակ է մտնում մաքրման կայան, քան իր հզորությունն է: Մենք գիտակցում ենք, որ Վարդենիսում մի փոքր ավելի երկար ժամանակահատված է պետք՝ տեղացիներին «դարձի բերելու» համար, քան այլ բնակավայրերում: Բոլորն էլ պետք է գիտակցեն, որ այս փոփոխությունները, ի վերջո, իրենց ապագայի համար է: Իհարկե, ջուրն իրենք անվճար են օգտագործում, բան չունեմ ասելու, սկզբնաղբյուրում անվճար է, բայց մինչեւ ծորակ հասնելը բազմաթիվ ծախսեր են լինում, մեծ ճանապարհ է անցնում, վերանորոգումներ են կատարվում: Չէ՞ որ այն երկնքից միանգամից ծորակ չի հասնում: Ա՛յ, իրենք հենց այդ ծառայության դիմաց են վճարում, ոչ թե ջրի:




Լրահոս