ՈՒՐ ԵՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ ՏՐԱՆՍՎԻՍՏԻՏՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Կոմայգու տարածքում հավաքվող կնոջ արտաքինով տղամարդկանց թատերաշրջանը կարծես թե ավարտվում է: Նրանց արդեն հազվադեպ կարելի է տեսնել Կոմայգու տարածքում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի եւ armlur.am-ի նկարահանող խումբը եղավ այգում` պարզելու, թե որտեղ են անհետացել տրանսվիստիտները եւ ինչպես են վերաբերվում այդ փոփոխությանը հարակից շենքերի բնակիչները:

Կոմայգու տարածքում տեղադրված են տեսախցիկներ, որոնց առկայության մասին կան նաեւ համապատասխան զգուշացումներ: Ըստ ամենայնի, դրանք զգալի դեր են ունեցել համասեռամոլների գործունեությունը սահմանափակելու հարցում:
Նկատեցինք, որ այգու տարածքի սրճարաններից մեկում մաքրման աշխատանքներ էին ընթանում: Պարզեցինք, որ բացվող սրճարանը կոչվելու է «Մարգարիտա»:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում սրճարանի տնօրեն Մարգարիտա Սահակյանը պատմեց, որ երկար տարիներ աշխատել է Ազգային ժողովի ճաշարանում, եւ ահա այգու տարածքում ձեռք բերելով այս սրաճարանը` փորձել է իր բիզնեսը սկսել: «Անցած տարի ոսկեղեն, ինչ ունեի, դրեցի այս սրճարանն աշխատացնելու համար, սակայն համասեռամոլների պատճառով ոչ մի հաճախորդ չէր գալիս: Բոլորը ամաչում էին ու գործս փակվեց: Այս տարի նկատելով, որ տեսախցիկներ կան ու այդ անբարոյականները քչացել են, որոշեցի նորից սրճարանս բացել: Ես ինքս նկատում եմ, դրական տեղաշարժ կա, մարդիկ այգի են գալիս, երեխաներին են բերում: Իրավիճակը շատ է փոխվել, իսկ թե դրանք ուր են գնացել` ո՞վ իմանա»:
Տիկին Մարգարիտան պատմեց, որ իր որդին այգու համասեռամոլների պատճառով բազմիցս ոստիկանությունում է հայտնվել:
Իսկ լուսանկարի «հերոսուհու» մասին տիկին Մարգարիտան շատ զգուշավոր արտահայտվեց. «Այգու տարածքում միայն այս աղջիկն է ցերեկները մինչեւ ժամը 7-ը «աշխատանքի» դուրս գալիս: Անունը Ոսկի է: Տարբեր տղաների հետ, օրվա տարբեր ժամերին, գնում է հարեւանությամբ գտնվող ակումբ»:
Տարածքում հավաքված բնակիչներն էլ պատմեցին, որ Ոսկին փոքր-ինչ հոգեկան շեղում ունի, թեեւ նրանց «գործը» դրանից չի տուժում:
Ինչեւէ. «Ժողովուրդ»-ը փորձեց այգում հավաքված մարդկանցից պարզել` արդյոք տեսախցիկների տեղադրումից հետո կնոջ արտաքինով տղամարդկանց մուտքն այգու տարածք դադարե՞լ է, թե՞ նրանք ժամանակավորապես են անհետացել, որպեսզի հետո ավելի մեծ շքախմբով գրոհեն այգու տարածք: Հատկանշական է, որ հավաքվածների մեծ մասը, որոնք հիմնականում այգու հարակից շենքերի բնակիչներ էին, հրաժարվեցին որեւէ բան ասել, իսկ մի մասն էլ նշեց, որ նկատել է դրական տեղաշարժ:
Ամենատխուր փաստը, որն արձանագրեցինք, այն էր, որ այգում բարեկարգման անվան տակ ծառեր էին հատվել: Իսկ թե ում կողմից` ցավոք չկարողացանք պարզել: Այգու տնօրենը տեղում չէր, իսկ ներկաներն էլ ասացին, թե տեղյակ չեն: Հուսանք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանը, ով հաճախ է անդրադառնում ծառահատման դեպքերին, այս դեպքում եւս կարձագանքեն:
Այսպիսով` կարող ենք արձանագրել, որ Երեւանի Կոմայգու տրանսվիստիտների խնդիրը, որի մասին համապատասխան կառույցները տարիներ շարունակ խոսում էին, իսկ հարակից շենքերի բնակիչներն էլ` անվերջ բողոքում, լուծվեց շատ հեշտ` ընդամենը մի քանի տեսախցիկ տեղադրելով: Անհասկանալի է միայն, թե ինչու այդ լուծումը տրվեց այսքան ուշացումով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԼՈՒՐԵՐ

ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ
Ավելի քան երեք ամիս է, ինչ Արարատի մարզի «Ալիշան» պահածոների գործարանը դադարեցված գազամատակարարման պատճառով փակված է: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ գործարանի տնօրեն Սերժիկ Մոսեսյանը բարձրաձայնել էր, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից արված հաշվարկները սխալ են, ընկերությունն ավելի է գրել գործարանի սպառած գազի ծավալը: Հայտնի է, որ այս գործով, բացի ՀՀ նախագահի աշխատակազմից, զբաղվում է նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչությունը: Երեկ «Ժողովուրդ»-ը գործարանի տնօրենից տեղեկացավ, որ այս պահին երկու կառույցներն էլ բանակցում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ: «Տեսնենք, թե ինչ արդյունք կստանանք: Բանակցություններն ընթանում են: Ընթացքի մեջ է: Սպասենք, տեսնենք՝ ինչ կստացվի»,- լրացրեց գործարանի տնօրենը: Նկատենք, որ մինչ ՀՀ նախագահի աշխատակազմն ու Էկոնոմիկայի նախարարության համապատասխան վարչությունը բանակցում են ընկերության հետ, գործարանն այս ընթացքում խոշոր չափի վնասներ է կրում:

 

ՇՆՈՐՀԱՎՈՐ
ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Արման Նավասարդյանը դարձավ 75 տարեկան: Նավասարդյանը տարիներ շարունակ որպես դեսպան աշխատել է Մերձավոր Արեւելքի երկրներում, այնուհետեւ եղել ԱԳ փոխնախարար: Այսօր նա գլխավորում է ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնը: Պարբերաբար նա հանդես է գալիս հրապարակախոսական հոդվածներով: «Ժողովուրդ» օրաթերթը սրտանց շնորհավորում է պարոն Նավասարդյանին՝ մաղթելով նրան տոկունություն, եռանդ ու երկար տարիների կյանք:

 
ԲԼԹ

«Որեւիցե հակասություն փնտրել պետք չէ: Այո, հայտարարվեց, որ դեռ մեկ ամիս առաջ վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել: Բայց … նախագահը հանձնարարել է՝ շարունակել աշխատանքները: Ասվեց, որ հիմա նորից պնդել է եւ հարցը պետք է քննարկենք»:

Սամվել Նիկոյան «Առավոտ»

Իհարկե, որեւիցե հակասություն փնտրել պետք չէ, եւ ինչո՞ւ իզուր փնտրել, երբ այդ հակասությունները մեր աչքերի առջեւ են եւ առավել քան ակնհայտ: Եվ այդ հակասությունները կոծկելուն եւ դրանք արդարացնելուն ուղղված՝ ՀՀԿ-ական պատգամավորի խոսքերը եւս հակասական են, ինչպես եւ իր մյուս կուսակիցներինը: Նրանց մոտ առհասարակ ամեն ինչ է հակասական եւ զավեշտալի, նույնիսկ այն աստիճան, որ նախագահականի կայքում կարող են սրբագրել ԿԲ-ում Սերժ Սարգսյանի ելույթի տեսագրությունը՝ վարչապետերի հրաժարականի հետ կապված ակնհայտ հակասությունը ցույց չտալու նպատակով:

 

 

«Եթե ձեւավորվի ազգային համաձայնության կառավարություն, ՀՅԴ-ն ներկայացնելու է իր առաջարկությունները, եւ եթե դրանք ընդունվեն, ապա ՀՅԴ-ն մաս կկազմի ազգային համաձայնության կառավարությանը»:

Աղվան Վարդանյան Yerkir.am

Պատգամավորի ասած այդ առաջարկությունների մեջ են մտնում նաեւ այն 7 կետերը, որոնք ՀՅԴ-ն ներկայացրել էր դեռ 2012-ին: Եվ այդ կետերից մեկն էլ, օրինակ, երկրի կառավարման խորհրդարանական համակարգին անցումն է, ինչը նախեւառաջ կարող է ձեռնտու լինել հենց Սերժ Սարգսյանին, քանի որ վերջինս 2018-ին այլեւս չի կարողանա առաջադրվել որպես նախագահ: Արդեն իսկ պարզ է դառնում, որ ՀՅԴ-ն ավելի շատ հույսը դնում է իր առաջարկների` գոնե մի մասն ընդունվելու եւ այդ ճանապարհով կրկին նախկին «փառքը»՝ կոալիցիայում իրենց տեղը վերականգնելու ու նախարարական պորտֆելներ ձեռք բերելու վրա:

 

 

 

«Ես հիմա ոչ մի բան ոչ խոսում եմ, ոչ անում եմ, ոչ դնում եմ, որովհետեւ չգիտեմ` քաղաքականության մեջ իմ բարեկամն ու թշնամին ով է: Ես քաղաքականության մեջ իմ բարեկամին ու թշնամուն չճանաչեցի»:

Վարդան Ղուկասյան 1in.am

Ընդհանրապես կրիմինալի հետ որեւէ առնչություն ունեցող մարդը չի կարող ունենալ ո՛չ բարեկամներ, ո՛չ էլ նույնիսկ թշնամիներ, քանի որ այս ոլորտում ամեն ինչ բխում է շահերից, եւ ցանկացած թշնամություն էլ կարող է դադարել եւ մոռացվել՝ ելնելով շահերից: Իսկ Գյումրիի նախկին ՀՀԿ-ական քաղաքապետը, ում ազգականների անունները մշտապես ասոցացվել են կրիմինալի հետ, առավել եւս չէր կարող ունենալ ո՛չ բարեկամ, ո՛չ էլ թշնամի, հետեւաբար չունեցած բանը չէր էլ կարող ճանաչել, քանի որ քաղաքականության մեջ Վարդան Ղուկասյանն այդպես էլ չկարողացավ զերծ մնալ իր կրիմինալ հակումների դրսեւորումներից:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս