ԶԱՐՄԱՑԵԼ ՈՒ ՎՐԴՈՎՎԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ «Արցախ-Հայաստան» կուսակցությունն իր «ժամանակավոր» գրասենյակը տեղակայել է Հայաստանի պետական Տնտեսագիտական համալսարանի` տնտեսական աշխարհագրության ամբիոնում: Նշել էինք նաեւ, որ կուսակցությունն իր քաղաքական գործառույթները` հանդիպումներ, զրույցներ, ժամանակավոր իրականացնում է հենց համալսարանում: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե արդյո՞ք ԱԺ նախագահ, Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղյակ է, որ «Արցախ-Հայաստան» կուսակցության ղեկավար  Սերգեյ Մելքումյանն իր կուսակցությունը «տեղափոխել» է համալսարան: Ազգային Ժողովի Հասարակության կապերի եւ լրատվության բաժնի պետ Գոհար Պողոսյանը «Ժողովուրդ»-ի այդ հարցին պատասխանեց. «Օրենքով արգելված է կուսակցության կամ տարածքային ստորաբաժանման ներկայությունը որեւէ ուսումնական հաստատությունում: Մենք պարզեցինք, որ կուսակցությունը ո՛չ այդտեղ է գրանցված եւ ո՛չ էլ ցուցանակ կա, որ այնտեղ է գործում` համալսարանում: Պարոն Աբրահամյանն ասաց, որ ինքը տեղյակ չէր: Նա ԲՈՒՀ-ի ղեկավարությանը կհանձնարարի, որպեսզի շտկի իրավիճակը` բացառելով նման դեպքերի կրկնությունը»: Իսկ Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սուվարյանին՝ «Ժողովուրդ»-ի ուղղած այդ նույն հարցին պատասխանեց Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի օգնական Սաթիկ Ալավերդյանը. «Ռեկտորի անունից ասում եմ, որ երբ ներկայացրեցի, այդ մասին լսելով ինքը չափազանց վրդովվեց, մենք տեղյակ չէինք այդ ամենի մասին եւ չգիտեինք, որ քաղաքական կուսակցություն է գործում մեր ԲՈՒՀ-ում: Այն տնտեսական աշխարհագրության ամբիոն է, իսկ պարոն Մելքումյանն էլ այդ ամբիոնի վարիչն է, մենք ուղղակի նման բան նոր ենք լսում, ես տեղեկացրեցի պարոն Սուվարյանին, ինքը ահավոր վրդովվեց, զանգահարեց պարոն Մելքումյանին, իսկ պարոն Մելքումյանը Ժխտում է, որ նման բան է եղել»: Սաթիկ Ալավերդյանի զանգից անմիջապես հետո «Ժողովուրդ»-ին զանգահարեց, այնուհետեւ «այցելեց» Արցախ-Հայաստան կուսակության ղեկավար Սերգեյ Մելքումյանը, որն անտեղյակ էր կուսակցության վերաբերյալ «Ժողովուրդ»-ում տպագրված նյութի բովանդակությանը եւ մեզ մեղադրում էր զրպարտության մեջ: Երբ «մեր օգնությամբ»  ընթերցեց տպագրված նյութը, տեղեկացավ, որ «Ժողովուրդ»-ը գրել է այն, ինչ կա իրականում, եւ այն, ինչ ասել է Արցախ-Հայաստան կուսակցության ղեկավար Սերգեյ  Մելքումյանը, հեռացավ: Իհարկե, նրա վրդովմունքը չանցավ, քանի որ խմբագրությունում ասաց, թե «Դուք լավ բան չեք անում, հիմա իմ հեռացման հարցն են դրել, բա դա անելու բա՞ն է»: Մենք նրան հակիրճ բացատրեցինք, որ արձանագրել ենք այն, ինչ կա, հիշեցրեցինք իր իսկ հայտարարությունն այն մասին` որ կուսակցության գրասենյակը վերանորոգման մեջ է, եւ ժամանակավոր այստեղ ենք հանդիպումներ, զրույցներ ունենում (ձայնագրությունը խմբագրությունում է): Գուցե լավ օրից չէ, որ Մելքումյանը համալսարանում է գործունեություն ծավալում, բայց հաստատ դրա մեղավորը «ժողովուրդ»-ը չէ: Իսկ ինչ վերաբերվում է ռեկտոր Յուրի Սուվարյանին, ապա նա պարտավոր էր իմանալ, թե ինչ է կատարվում համալսարանում: Եւ հեռակա կարգով վրդովվելը ամենեւին էլ հարցի լուծում չէ: ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս