Ուրբաթ օրը «Ժողովուրդ»-ը մի լուր հրապարակեց այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ժնեւում հանդիպել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Ընդ որում, լուրը հրապարակելուց երկու օր առաջ փորձել էինք ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից ճշտել՝ եղե՞լ է արդյոք նման հանդիպում, թե՞ ոչ: Նա երկու օր շարունակ չկարողացավ ճշտել՝ ի վերջո հայտնելով, թե չի հաջողվում որեւէ բան պարզել, ուստի կարող ենք հրապարակել լուրը:
Իսկ Ծառուկյանի խոսնակը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց տեղեկությունը:
Բայց երբ լուրը հրապարակվեց, Սողոմոնյանը «Երկիր»-ին հայտնեց, թե Ռոբերտ Քոչարյանը վերջերս՝ առնվազն անցնող տարում, Ժնեւում չի եղել: Այս նախադասությունն առաջացնում է մի քանի բնական հարց՝ եթե պարոն Սողոմոնյանը հստակ գիտեր, որ Քոչարյանը մեկ տարի Ժնեւում չի եղել, ինչո՞ւ էր երկու օր շարունակ ինչ-որ ճշտումներ անում ու ձախողում դրանք: Ինչո՞ւ այդ մասին նա չասաց այն ժամանակ, երբ իրեն հարց էր ուղղվել: Բացի այդ, եթե Քոչարյանը Ժնեւում չի եղել, արդյո՞ք Շվեյցարիայի որեւէ այլ քաղաքում է հանդիպել Ծառուկյանին: Կամ արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը ԱՖԿ «Սիստեմա» կորպորացիայի անկախ տնօրենի կարգավիճակով ընդհանրապես վերջերս չի եղել Շվեյցարիայում:
Հուսանք՝ առաջին հարմար առիթի ժամանակ նա հարկ կհամարի պատասխանել այս հարցերին, բայց անկեղծորեն: Իսկ մինչ այդ փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ էր կողմերին այդքան անհարմարություն պատճառել հրապարակված լուրը: Արդյո՞ք մենք «դարի գաղտնիքն» էինք բացահայտել՝ գրելով, որ Ծառուկյանն ու Քոչարյանը հանդիպել են: Ի վերջո, որեւէ մեկի համար էլ այն նորություն չի կարող համարվել: Հատկապես հիմա, երբ Ծառուկյանը քաղաքական կոնսուլտացիաների շարք է սկսել եւ հանդիպում է ամենատարբեր քաղաքական գործիչների ու կուսակցությունների ներկայացուցիչների հետ, ինչո՞ւ չպետք է զրուցեր նաեւ Քոչարյանի հետ:
Ի վերջո, երբ «Ժողովուրդ»-ը գրեց, որ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, Ծառուկյանի աշխատասենյակի անկյուններում «մոմ պահողներից» մի քանիսը սկսեցին տքնաջան հերքել նաեւ այդ լուրը: Սակայն մեկ օր անց ՀՀԿ խորհրդի անդամ Ռազմիկ Զոհրաբյանն անձամբ հաստատեց, որ այո՛, Ծառուկյանն ու Սարգսյանը հանդիպել են:
Այսքանից հետո մնում է ընդամենն արձանագրել, որ երբ որեւէ տեղեկություն է հրապարակվում՝ շահագրգիռ կողմերի հետ արված համապատասխան ճշտումներով, ուրեմն լռե՛ք եւ համակերպվե՛ք իրականության հետ, որքան էլ որ այն դաժան լինի. մախաթը պարկում չես պահի. փոքր երկրում ենք ապրում, ամեն ինչ էլ իմացվում է: Պարզապես այսօր Հայաստանում ադեկվատ մարդկանց պակաս կա: Ընդ որում, այդ տեսակի պակասը կա ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իրենց քաղաքական մյուս հարթությունում պատկերացնողների շրջանում: Ցավոք: