Հավանաբար կվերադառնանք նաեւ հին ավանդույթներին, երբ «տակից» ֆրանսիական օծանելիք էին վաճառում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը հրաժարվեց մեկ ժամ կամ մի քիչ ավելի պակաս ժամանակ տրամադրել թվարկելու, թե որ ապրանքներն են առաջիկայում թանկանալու մեր երկրում, այնուամենայնիվ, դրամի միքանիօրյա արժեզրկման գործընթացն արդեն հուշում է, որ աշխարհաքաղաքական զարգացումները մեր երկրի՝ առանց այդ էլ խոցելի տնտեսությունը պարզապես տանում են կործանման: Առաջիկա օրերից սկսած մի քանի ամիս շարունակ Հայաստանում գրեթե ամեն ինչ թանկանալու է՝ անգամ օծանելիքը: Ստիպված ենք լինելու օգտագործել ԵՏՄ անդամ երկրների արտադրած օծանելիքը, օրինակ՝ «Красная Москва», ու հարդարման պարագաները: Հավանաբար կվերադառնանք նաեւ հին ավանդույթներին, երբ «տակից» ֆրանսիական օծանելիք կամ բուլղարական ներքնաշորեր էին վաճառվում այս կամ այն առեւտրականի տանը:

Ու քանի որ ՀՀ գործող իշխանության ջանքերով մեր երկրում ապրանքաների մեծ մասը ներկրվում է, այլ ոչ արտադրվում տեղում, ուստի ներքին շուկան ինքնաբավ չէ, դրա համար էլ արտարժույթի՝ հատկապես դոլարի ցանկացած ցատկ իր անդառնալի հետեւանքներն է թողում մեր տնտեսության վրա՝ ուղիղ հասնելով ՀՀ քաղաքացիների գրպանին: Եւ այս իրավիճակում արդեն իսկ կարելի է կանխատեսել, որ ԵՏՄ անդամագրմամբ առաջիկայում որակյալ ապրանքների քանակը կպակասի: Բանն այն է, որ սպասվելիք շեշտակի գնաճի արդյունքում ընկնելու է գնողունակությունը: Այսինքն՝ ընդհանուր աղքատացումը մեր երկրում ուղղակի անխուսափելի է, եւ այսօրվա 32.5 տոկոս ցուցանիշին դեռ երանի կտանք:

Իսկ ի՞նչ է անհրաժեշտ անել բացի այն սուր քննադատությունից, թե «էշի քուռակ են այն պատգամավորները, որոնք կքվեարկեն ԵՏՄ պայմանագրի օգտին»: Որեւէ մասնագիտական միտք, խելամիտ առաջարկ՝ իրավիճակից դուրս գալու մասով, չեն հնչում ո՛չ իշխանության, ո՛չ էլ ընդդիմության կամ այլընտրանքային ուժերի ներկայացուցիչների շուրթերից: Որեւէ մեկը փաստարկված չի բացատրում, թե ինչ այլընտրանք ուներ Հայաստանը ԵՏՄ չգնալու մասով, եւ այդ այլընտրանքն ինչ լուսավոր ապագա էր մեզ խոստանում:

Մնում է՝ այս համընդհանուր անպատասխանատվության մթնոլորտում կանխատեսել, որ դրամի արժեզրկման պայմաններում Հայաստանը թերեւս պետք է արտարժույթով վարկ վերցնի: Իսկ ո՞վ է տալու այդ վարկը: Ռուսաստանի Դաշնությունը գուցե ԵՏՄ պայմանագրի ստորագրումից հետո համաձայնի ֆինանսական հոսք ապահովել դեպի մեր երկիր, սակայն ոչ արտարժույթով: Իսկ ռուբլիով վերցրած վարկը որեւէ դրական ազդեցություն չի կարող ունենալ մեր երկրի համար: Հետեւաբար անհրաժեշտ է վարկ վերցնել դոլարով կամ եվրոյով, որպեսզի դրամի արժեզրկումը գոնե հնարավոր լինի որոշ ժամանակով կանգնեցնել՝ կայունացնելով տնտեսական վիճակը: Իսկ ինչո՞ւ վարկ, որովհետեւ դժվար է պատկերացնել, որ այսօր որեւէ այլ երկիր կհամաձայնի մեզ հենց այնպես գումար տալ: Անցան «գրանտակերության» «երանելի ժամանակները»:




Լրահոս