ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ ԴԱՐՁԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում արդեն ավանդույթ է ձեւավորվում. բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարականների դիմումներ են ներկայացնում՝ իրենք էլ տեղյակ չլինելով այդ մասին: Տիգրան Սարգսյանի հրաժարականը եւս այդ շարքից էր. նրան Սերժ Սարգսյանն ամենակոպիտ ձեւով հեռացրեց իշխանությունից՝ իր աթոռը պահպանելու համար:

Պատրաստվում էր ելույթին

Մարտի 19-ին, երբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ 4 ոչ իշխանական ուժերը որոշում են կայացրել՝ ստորագրահավաք սկսել՝ ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու մասին, այդ օրվանից Տիգրան Սարգսյանը ՀՀ նախագահի նստավայրի աշխատակիցների հետ միասին սկսել էր զբաղվել կառավարության պատասխան քայլերի մշակմամբ:
Հիշեցնենք՝ ԱԺ կանոնակարգ օրենքի 107 հոդվածը հստակ սահմանում է, որ երբ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը դնի կառավարության վստահության հարցը, այն պետք է 24 ժամվա ընթացքում առանց քվեարկության ընդգրկվի հերթական նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում եւ քննարկվի:
Բացի այդ, կանոնակարգ օրենքը նախատեսում է նաեւ, որ մինչեւ 30 րոպե տեւողությամբ հարակից զեկուցումով պետք է հանդես գա վարչապետը: Իսկ ինչ վերաբերում է քվեարկությանը, ապա «Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան 48, եւ ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում»:
Այսինքն՝ 4 ուժերի կողմից նախաձեռնած անվստահության գործընթացը միանշանակ կլիներ, քանի որ պատգամավորների շրջանում՝ Տիգրան Սարգսյանի դեմ 44 ստորագրություն հավաքելը դժվար չէր: Ուստի Սերժ եւ Տիգրան Սարգսյանները լրջորեն պատրաստվում էին ապրիլի 28-ին: Ավելին՝ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մարտի 19-ից արդեն Տիգրան Սարգսյանը աշխատում էր անվստահություն հայտնելու հիմքերի դեմ «կազմաքանդիչ» ելույթի վրա:
Սակայն հասկանալի է, որ նրա գործունեության ընթացքում ձախողումներն ավելի շատ էին, քան ձեռքբերումները, դրա համար էլ գործող իշխանությանը եւս մեկ անգամ չխայտառակելու եւ ծաղրուծանակի առարկա չդարձնելու համար Սերժ Սարգսյանը որոշեց զոհաբերել Տիգրան Սարգսյանին: Դա արեց ամենավատ ու ամենադաժան ձեւով՝ օրվա երկրորդ կեսից հետո նրան հայտնելով հրաժարական գրելու իր պահանջի մասին:

Ի՞նչ կլինի առաջիկայում

Բնականաբար, մեր երկրում այսօրվա թիվ մեկ հետաքրքրության հարցը ՀՀ ապագա վարչապետն է եւ կառավարության կազմը: Եթե փորձենք վերլուծել Սերժ Սարգսյանի կողմից արվելիք հնարավոր քայլերը, թերեւս պետք է այն դասակարգել 3 մոդելի.
1. Ազգային համաձայնության կառավարության ձեւավորում. սա, թերեւս, ամենաընդունելին է ե՛ւ Ս. Սարգսյանի, ե՛ւ ԲՀԿ-ի համար: Ըստ այս մոդելի տրամաբանության՝ վարչապետ է նշանակվում մի մարդ, ով ընդունելի է ե՛ւ ՀՀԿ-ի, ե՛ւ ԲՀԿ-ի շուրջ հավաքված եռյակի համար (կարող է լինել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կամ նույնիսկ Գագիկ Ծառուկյանը): Իսկ կառավարությունն էլ կձեւավորվի հենց այդ ուժերի կողմից ներկայացված անհատների միջոցով: Եթե չստացվի, նախարարների խնդիրը Ս. Սարգսյանը կլուծի իր «ճաշակով»:
2-րդ մոդելն այն է, որ Սերժ Սարգսյանը կարող է վարչապետ նշանակել ոչ ՀՀԿ-ական գործչի, օրինակ՝ ուժային կառույցների այսօրվա ղեկավարներից որեւէ մեկին՝ փորձելով անհատների ուժն օգտագործելով կառավարել երկիրը, լռեցնել 4 ուժերին ու տարբեր ճանապարհներով մեղմել հասարակական դժգոհությունը:
Եվ վերջապես 3-րդ մոդելն այն կարող է լինել, որ Սերժ Սարգսյանը բարկանա, վերջնականապես կորցնի իրականության զգացողությունը եւ վարչապետ նշանակի ՀՀԿ-ական որեւէ գործչի՝ պահպանելով «գաղջ մթնոլորտը»: Այստեղ եւս կարող է տեղավորվել ԱԺ նախագահը կամ որեւէ այլ ՀՀԿ-ական:
Թե նշված տարբերակներից որով կառաջնորդվի Սերժ Սարգսյանը, դժվար է ասել: Բայց որ նրանից բոլորը փոփոխու+թյուն են սպասում՝ իր թիմակիցներից սկսած, դա փաստ է: Սպասենք զարգացումներին:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ՈՒՇԱՑԱԾ ՀՐԱՎԵՐ

Այն, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականն անակընկալ էր նաեւ անձամբ վարչապետի համար, այլեւս նորություն չէ։ «Ժողովուրդ»-ի աղբյուրները պնդում էին, որ ապրիլի 3-ին դեռ կառավարության նիստից առաջ Տիգրան Սարգսյանի օգնականները, ինչպես նաեւ` մամուլի խոսնակը զանգահարել են «Դեմ եմ» նախաձեռնության անդամներին ու փորձել պայմանավորվել` վարչապետի հետ հաջորդ շաբաթ կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանդիպելու մասին: Սակայն, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ, եւ նույն օրը երեկոյան պարզ դարձավ, որ Տ.Սարգսյանը հրաժարական է ներկայացրել:
Նախկին վարչապետի խոսնակ Հարություն Բերբերյանից երեկ փորձեցինք մեկնաբանություններ ստանալ այս առնչությամբ, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին ու էլեկտրոնային փոստով հարցմանը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ

Մինչ Հայաստանում հասարակության ուշադրությունը կենտրոնացած է կառավարության հրաժարականի ու ապագա վարչապետի թեկնածուների փնտրտուքի վրա, երեկ Ղարաբաղի հարցը քննարկման թեմա է դարձել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման ժամանակ: Հանդիպմանը հետեւած մամլո ասուլիսի ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության խնդրի շուրջ իրենց դիրքորոշումն անփոփոխ է, եւ այդ սկզբունքային հարցում Թուրքիայի կողմից որեւէ զիջում բացառվում է: Նրանք քննարկել են նաեւ էներգետիկ ու տնտեսական ոլորտի նախագծերը, այդ թվում` Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն ու Տրանսանատոլյան խողովակաշարի նախագիծը, որով նախատեսվում է ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա հասցնել:

 

ՆՈՐԻՑ ԽԱԲԵԼ Է

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցներին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը խոստացել էր շաբաթվա վերջին վճարել աշխատավարձերը: Սակայն, երեկ «Ժողովուրդ»-ը աշխատակիցներից տեղեկացավ, որ նրանք աշխատավարձ չեն ստացել, ավելին՝ հույս էլ չունեն, որ ստանալու են: «Ամեն անգամ խոստանում են, որ շաբաթվա վերջին կտան: Էս անգամ էլ նախարարն ասել է, թե փող չկա՝ հաջորդ շաբաթ»,- դժգոհեց աշխատակիցներից մեկը: Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ նաիրիտցիներին վախեցրել են այն աստիճան, որ չեն համարձակվում նույնիսկ բողոքի ակցիա կազմակերպել: Հիմա էլ է նույն վիճակը. «Ոչ ոք ռիսկ չի անում դուրս գա ու ձայն հանի»:

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

 

ԴԻՄԵԼ ԵՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով վարույթ հարուցել եւ քննության առնել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից Էթիկայի կանոնները խախտելու փաստը: Հիշեցնենք, որ մարտի 25-26-ին Երեւանում անցկացված միջազգային կոնֆերանսի ժամանակ նախարարը դիմելով բնապահպան ակտիվիստին՝ ասել էր. «Չափդ ճանաչի, ականջներդ կպոկեմ, կտամ ձեռքդ, լակոտ»:

 

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՎԻ

Ի պատասխան այն խոսակցությունների, թե Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո վարչապետ է նշանակվելու ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վերջինիս գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Yerkir.am-ին ասել է, թե այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:

 

ԱԽՐ ԻՆՉ ԱՍԻ

Արարատյան առաջնորդական թեմի փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը armlur.am-ի հետ զրույցում խուսափել է կարծիք հայտնել Տիգրան Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ: «Ախր ես ի՞նչ ասեմ: Քաղաքական գնահատականներ չեմ կարող տալ: Ես քաղաքական գործիչ չեմ»,-ասել է սրբազանը: Հայտնի է, որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ջերմ եւ ընկերական հարաբերությունների մեջ է Տիգրան Սարգսյանի հետ: Ավելին, ըստ գործարար Փայլակ Հայրապետյանի՝ արքեպիսկոպոսը Սարգսյանի եւ ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի հետ միասին օֆշորային գոտում հաշվեհամար էր բացել եւ տարատեսակ զեղծարարություններ թույլ տվել:

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՄՈՒԼՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է

Տիգրան Սարգսյանի հրաժարականին անդրադարձել են նաեւ միջազգային լրատվամիջոցները: Մասնավորապես` թուրքական Hurriyet-ը գրել է, որ ժողովրդի կողմից բողոքի մեծ ալիք բարձրացավ կառավարության հանդեպ այն բանից հետո, երբ հայտարարվեց պարտադիր կուտակայինի մասին օրինագծի օրինականացման մասին: Պարբերականը նաեւ ընդգծել է Տիգրան Սարգսյանի` Եվրամիությունից դեպի Մաքսային միություն կտրուկ վերակողմնորոշման փաստը: ՀՀ վարչապետի հրաժարականին են անդրադարձել նաեւ ռուսական, ադրբեջանական, վրացական, իսրայելական եւ ամերիկյան պարբերականները:

 

«ԿՐԿԻՆ ՓՈՐՁԻՐ»-Ի ՍԿԶԲՈՒՆՔՈՎ

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ Վանաձորում հրավիրած նախահավաքի ժամանակ իշխանափոխության կոչ է արել. «Անցյալ տարի այն ահավոր պայքարի ընթացքում ոչ ոք չհավատաց հայ ժողովրդին, բայց հայ ժողովուրդը հավատաց իրեն: Եթե շարքային քաղաքացին ինքը դուրս չգա իր իրավունքը պաշտպանելու, ուրեմն ոչինչ չի փոխվի, արտագաղթը կշարունակվի: Այն, ինչ անցած տարի արեցինք հաղթական, անարյուն, ու ավարտին չհասցրինք, այս տարի պարտավոր ենք հասցնել»։

 

ԳՈՆԵ ՄԵԿԸ ԳՈՎԵՑ

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը նամակ է հղել Տիգրան Սարգսյանին, որում մասնավորապես ասված է. «Ուզում եմ երախտագիտություն հայտնել Ձեզ մեր 6-ամյա համագործակցության, ուղղակի ասեմ` համատեղ աշխատանքի համար: ԼՂՀ-ում իրականացված մի շարք կարեւոր ծրագրերում առկա են Ձեր անմիջական մասնակցության շոշափելի հետքերը: Դուք միշտ սրտացավորեն եք հետեւել մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումներին եւ նպաստել, որ դրանք ընթանան դրական առաջընթացով»:




Լրահոս