Նախընտրելի կլիներ, որ ԵՏՄ-ն նվաստացուցիչ համարողները դահլիճում լինեին. Էդուարդ Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր, անդրադարձ է կատարվել նաև Ազգային ժողովի աշխատանքներին: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Լրագրողների այն հարցին, թե ինչպես է բացատրում այն հանգամանքը, որ ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցությանը դեմ էին ընդամենը յոթ պատգամավոր, Է. Շարմազանովը հայտարարեց, թե դա նշանակում է, որ մյուսները ճիշտ են համարում Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունն ու ծափահարում քաղաքական կուրսին:

«Դուք հիշում եք, թե ինչ քննադատության ալիք բարձրացավ, երբ ղեկավարներն իրենց հերթ չտալով քննադատում էին նախագահի որշումը, ասում էին վասալական պայմանագիր է, բայց այսօր 103 կողմ գրանցվեց», – նշեց նա:

Շարմազանովն ընդգծեց, թե կցանկանար, որ դահլիճում նստած լինեին այն քաղաքական գործիչները, ովքեր մշտապես դեմ են արտահայտվել այդ միության մասին:  ՀՀԿ խոսնակը նշեց, որ այս ամենն ապացուցեց, որ այսօր ամբողջական իշխանափոխության պահանջ չկա: Դա պարզ դարձավ նաև Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանի իմպիչմենթի մասին նախաձեռնության տապալումից, որի տակ ստորագրեցին միայն երկու պատգամավոր:

«Եթե այդքան մտահոգված էին մեր ժողովրդի ապագայով, ապա միգուցե ավելի ազնիվ լիներ, որ նրանք ներկա լինեին, բայց երբ հայտնի դարձավ նրանց կուսակցությունների կարծիքը, նրանք նախընտրեցին լռել: Մենք այն քաղաքական գործիչներից չենք, որոնք օրվա ընթացքում մինչև ժամը մեկն ասում են մի բան, մեկից հինգը մեկ այլ բան, իսկ օրվա վերջում էլ չեն հիշում, թե ինչ են ասել առավոտյան», – ընդգծեց նա:

Թե մասնավորապես քննադատողներից ում մասին է խոսքը, Էդուարդ Շարմազանովը խորհուրդ տվեց հիշել, թե ով էր ասում, որ ԵՏՄ-ին անդամակցելը նվստացուցիչ պայմանագիր է, և  այն համարում էր վասալություն:

Այն դիտարկմանը, թե ինչո՞ւ այդ հարցը հանրաքվեով չորոշվեց, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ ԵՏՄ-ին անդամակցելու հարցի շուրջ հանրաքվե անցկացնելն իրատեսական չէ:




Լրահոս