Սերժ Սարգսյանը նույնիսկ մի գործարանի հարց չի կարողանում լուծել. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նաիրիտ» գործարանն ու նրա աշխատակիցներն անլուծելի խնդիր են դարձել Հայաստանի գործող իշխանության համար: Այս հարցով որքան շատ են քննարկումներ ծավալվում, այնքան մշուշոտ հարցեր են երեւան գալիս: Նախօրեին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը եւ «Նաիրիտի գործով» ենթահանձնաժողովը դռնփակ նիստ էին անցկացրել: Թե ինչ էին քննարկել, կողմերից որեւէ մեկը չմանրամասնեց՝ բացի հերթապահ մտքերից, թե քննարկում են, մտահոգվում են, փորձում են լուծումներ գտնել: Հատկանշականն այն էր, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի նախագահությամբ կայացած նիստի հաջորդ օրը՝ հենց երեկ, ՀՀ նախագահի նստավայրի դիմաց հավաքվեցին «Նաիրիտ»-ի աշխատակիցները՝ ավանդական դարձած պահանջով՝ «վճարե՛ք մեր աշխատավարձերը»: Այսինքն՝ գործարանի աշխատակիցներն ԱԺ պատգամավորների հետ ունեցած զրույցից ու ենթահանձնաժողովից հույսեր չունեն:

Ավելին՝ երեկվա բողոքի ակցիայի ժամանակ մեկ պահանջ էլ էր ավելացել. բանն այն է, որ արդեն վեց տարի հարկադիր պարապուրդի մատնված աշխատակիցներին ուղարկվում են ծանուցագրեր՝ փետրվարի 6-ից կրճատման հետեւանքով աշխատանքից ազատվելու վերաբերյալ: Իհարկե, «Նաիրիտ»-ի աշխատակիցները հրավիրվել են ներս՝ քննարկման, սակայն նախօրոք ցուցակագրված յոթ աշխատողներից միայն չորսին են թույլատրել հանդիպել նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ ու ներկայացնել ունեցած խնդիրները: Ավելի ուշ պարզվեց, որ նախագահականում խոստացել են վճարել եւս մեկ ամսվա աշխատավարձ, իսկ կրճատումների մասով հստակ ոչինչ չի ասվել:

Այսինքն՝ հարցը կրկին չի լուծվել, ինչը նշանակում է, որ մեր երկրում ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող անձնավորությունն անգամ ի վիճակի չէ մի գործարանի խնդիր կարգավորելու: Ու որքան էլ տարաբնույթ պատճառաբանություններ բերվեն, թե «Նաիրիտի» թնջուկը մեկ օրում լուծելի չէ, միեւնույն է՝ դա արդարացում չէ, քանի որ այդ իրավիճակը մեկ օրում չէ, որ ձեւավորվել է: 2008 թվականից ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնում է Սերժ Սարգսյանը: ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածով հստակ լիազորություններ են տրված նրան. «Հանրապետության Նախագահը պետության գլուխն է: Նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»:

Ու եթե այսօր «Նաիրիտի» խնդիրը չի լուծվում, աշխատակիցները ստիպված են լինում պարբերաբար բողոքի ակցիաներ անցկացնել, նշանակում է, որ կա՛մ Սերժ Սարգսյանը մեր երկրի գլուխը չէ, կա՛մ էլ լավ չի հետեւել Սահմանադրության պահպանմանը, չի ապահովել տվյալ դեպքում օրենսդիր եւ գործադիր իշխանության բնականոն գործունեությունը: Ի՞նչ հետեւություն կարելի է անել այս իրավիճակից, եթե ոչ այն, որ ՀՀ նախագահն իր տեղում չէ:




Լրահոս