ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆՈՒՐ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դեսպան Տրայան Հրիսթեան չի կարող գնահատական տալ 2013թ. դեկտեմբերի 9-ին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի զեկույցին, որը վերաբերում էր դատական ոլորտում կաշառակերությանը:

«Ժողովուրդ»-ը փորձեց Եվրոպական միության պատվիրակության դեսպան Տրայան Հրիսթեանից հետաքրքրվել, թե արդյոք նա ուսումնասիրե՞լ է 2013թ. դեկտեմբերի 9-ին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի՝ «Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ զեկույցը` դատական կաշառքի սակագների մասին»: Հիշեցնենք, որ ըստ ՄԻՊ-ի` դատական կաշառքի սակագներն Առաջին ատյանում` 500-10.000 ԱՄՆ դոլար են, Վերաքննիչ դատարանում` 2.000-15.000, Վճռաբեկ դատարանում` 10.000-50.000 ԱՄՆ դոլար:
-Պարոն դեսպան, ՄԻՊ այս զեկույցը բավականին աղմուկ բարձրացրեց, Դուք ծանոթացե՞լ եք զեկույցին:
-Անկեղծ ասած, չեմ կարդացել: Գիտեք, նաեւ ճիշտ չի լինի, որ ես այդ գործընթացի վերաբերյալ որեւէ գնահատական տամ: Սակայն վստահ եմ, որ օրենքի համաձայն՝ Ազգային ժողովի կողմից օմբուդսմենի զեկույցը լսված կլինի: Կարծում եմ նաեւ, որ Ազգային ժողովում լսումների արդյունքում, պատգամավորները հնարավորություն կունենան իրենց կարծիքն ասել այդ մասին:
-Որքա՞ն ժամանակ է, որ Դուք Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դեսպան եք:
-2011թ. դեկտեմբեր ամսից:
-Զարմանալի է, որ երկու տարի, լինելով դեսպան Հայաստանում, ծանոթ չեք ՄԻՊ զեկույցին: Այս երկու տարիների ընթացքում, ուսումնասիրելով տարբեր գերատեսչություններ, ո՞ր ոլորտն եք Հայաստանում առավել կոռումպացված համարում:
-Կարծում եմ՝ սա շատ լուրջ թեմա է եւ լուրջ ուսումնասիրության կարիք ունի, քանի որ, եթե դատեմ այն կարծիքից, ինչը ստանում եմ հասարակությունից, ապա պետք է ասեմ, որ այն Հայաստանում շատ տարածված է: Այդ կարծիքն արտահայտել ենք կառավարության հայտարարությունների, հասարակության հայտարարությունների եւ ծրագրերի հիման վրա: Բոլոր կարծիքները, որոնք որ լսել եմ՝ լինեն դրանք կառավարության հատուկ մասնագետների, հասարակական կազմակերպությունների, բոլորի կարծիքը մեկն է եղել՝ պետք է լինի հակակոռուպցիոն ռազմավարություն: Եթե մենք վստահենք այդ կարծիքներին, մեզ մնում է միայն օժանդակել այդ ռազմավարությանը, եթե այն լինի եւ ընդունվի: Կրկնում եմ՝ մենք պատրաստ կլինենք օժանդակելու ռազմավարության իրականացմանը: Եվ ասեմ, որ այս օրերին մենք կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարություն ենք մշակել:
-Միգուցե Դուք պատրաստ եք, բայց ինչ եք կարծում՝ ՀՀ իշխանությունները պատրա՞ստ են պայքարել կոռուպցիայի՝ գոնե համատարած երեւույթը կանխելու համար։
-Չեմ կարծում, որ դա իմ պատասխանելու հարցն է: Դուք ձեք ղեկավարությանը պետք է հարցնեք:
-Նշեցիք, որ Հայաստանում կոռուպցիան համատարած է: Արդյոք նախատեսե՞լ եք ստեղծված իրավիճակի շուրջ հանդիպումներ ունենալ տարբել գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:
-Անձամբ իմ օրակարգում չկա, բայց ունեմ թիմ, որը պարբերաբար հանդիպումներ է ունենում համապատասխան մարմինների հետ` թե՛ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, թե՛ Էթիկայի հանձնաժողովի, թե՛ Արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ՓԱԿԵԼ ԵՆ ՄՈՒՏՔԸ

 

Երեկ Երեւանի ոսկու շուկայի ոսկերիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ փակելով շուկայի մուտքը: Պատճառն այն է, որ շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը 60- 100 տոկոսով բարձրացնում է ոսկերիչների տաղավարների վարձավճարի չափը, ինչին աշխատակիցները դեմ են: Նշենք, որ վերջերս ոսկերիչների մի մասը հանդիպել է շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանի հետ, որի ընթացքում վերջինս անկեղծացել է՝ հայտարարելով, որ այլ տարբերակ չկա: Սակայն, շուկայի տնօրինությունն այս անգամ ավելի վաղ արձագանքեց ակցիայի մասնակիցներին: Ոսկերիչներից մեկը, որի անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց. «Տնօրենը՝ Վաղարշ Աբրահամյանը, իր որդու եւ թիկնապահների հետ իջավ ներքեւ եւ մեզ համոզեցին, որ մենք դադարեցնենք բողոքի ակցիան: Խոստացան, որ կվերանայեն տաղավարների վարձավճարների չափերը»: Սակայն երբ ոսկերիչներն անցել են իրենց աշխատանքին, տնօրինությունից համապատասխան աշխատակիցները թղթերը ձեռքներին սկսել են շրջել ոսկերիչների տաղավարներով՝ նրանց պարտադրելով ստորագրել բարձր վարձավճարների մասին պայմանագրերը: Նրանցից եւ ոչ ոք չի ստորագրել այդ թղթերը: Ավելին՝ եթե շուկայի տնօրենը չնվազեցնի վարձավճարի չափը, ապա ոսկերիչները նորից կփակեն շուկայի մուտքը:

 

ՍՆԱՆԿԱՑԵԼ ԵՆ

Երեկ տեղեկություններ էին տարածվել, որ ապրիլի 7-ի գիշերը «Այրվածքաբանության եւ ճառագայթային բժշկության» կենտրոնում գողության դեպք է արձանագրվել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Այրվածքաբանության եւ ճառագայթային բժշկության կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանցը պատմեց դեպքի մանրամասները: Ըստ տնօրենի` դեպքի օրը կենտրոնի աշխատակիցները տարածքում են եղել, սակայն որեւէ տարօրինակ բան չեն նկատել. «Մենք ունենք պահակներ, գողություն կատարողները մտել են մեր կենտրոնի բակի կողմից, առաջին հարկում ունենք մի սենյակ, այդ սենյակի պատուհանի երկաթները հանել են ու այդ սենյակից էլ գնացել են հաշվապահության սենյակ, ջարդել ու տարել են 1 միլիոն 700 հազար դրամ: Դա վճարովի ծառայություններից հավաքված գումարն էր»:
Մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ գողություն կատարողներին ներսից ինֆորմացիա են տվել. «Այդքան հստակ իմանալ, թե որտեղից կարելի է մտնել»:
Նորայր Դավիդյանի խոսքով՝ գողացված գումարը կազդի կենտրոնի աշխատակիցների աշխատավարձի եւ հիվանդանոցի ֆինանսական այլ պարտավորությունների վրա:

 

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ԿԱՆԱՅՔ ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ

Մի խումբ ազատամարտիկ կանայք խստ վրդովված լինելով Պաշտպանության նախարարությունից եւ իշխանությունների անտարբերությունից ապրիլի 7-ը` մայրության եւ գեղեցկության տոնը նշել են սեփական միջոցներով: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Հայոց ազգային բանակի ջոկատի անդամ Անահիտ Գրիգորյանը: «Մեր նկատմամբ, զոհվածների կանանց եւ, առհասարակ, ազատամարտիկ կանանց նկատմամբ շատ վատ վերաբերմունք կա: Ինչ ասեմ, մենք էլ ազատամարտիկ կանանցով, որոշել ենք մայրության տոնն առանց նրանց աջակցության տոնել»,-ասաց ազատամարտիկ Անահիտ Գրիգորյանը՝ հավելելով, թե որոշ նախարարներ իրենց այս դժգոհությանը պատասխանել են հետեւյալ կերպ. «Չգնայիք կռվեիք, ով էր ձեզ խնդրել»: Թե ով է ասել, տիկին Անահիտը, խոստացավ ավելի ուշ մանրամասնել:

 

 

 

 

 

 

ԲԼԹ

 

«Ասեմ հետեւյալը, որ ինքը (Հովիկ Աբրահամյանը)… բոլոր քաղաքական ուժերի կողմից ընդունելի է, եւ այն խորհրդակցությունները, որ ինքն է անցկացնում քաղաքական ուժերի հետ, կարծում եմ` մշտապես եզրահանգումները, լուծումները գտնվում են»:

Գալուստ Սահակյան 1in.am
Վերջերս խորհրդարանը վեր էր ածվել ԱԺ-կառավարություն գզվռտոցի ռինգի, եւ Հովիկ Աբրահամյանն այդ ռինգում որպես ռեֆերի` բավականին վատ էր կատարում իր գործը, չկարգավորելով այդ գզվռտոցը։ Նրա մոտ միայն խոսափող անջատելու գործն էր լավ ստացվում, բնականաբար՝ միայն ՀՀԿ-ի օգտին: Ու հիմա, երբ հասկանալի է, որ ՀՀ վարչապետ է նշանակվելու Հովիկ Աբրահամյանը, պարզվում է նաեւ, թե ինչու էր հանդուրժում կառավարության վրա հարձակումները: Նա փորեց Տիգրան Սարգսյանի ոտքի տակը, որ վարչապետ դառնա: Դե, իհարկե, Գալուստ Գրիգորիչը պետք է «թելի նրա թելը»։

 

«Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ Երեւանը բոլորիս տունն է…»։

Տարոն Մարգարյան
Եթե Երեւանի քաղաքապետը նկատի ունի քաղաքում մայթերին աղբ նետողներին, իհարկե, ճիշտ է, բոլորը պետք է ունենան այդ գիտակցությունը, որ Երեւանը բոլորիս տունն է։ Բայց այդ գիտակցությունը պետք է ունենա նաեւ ինքը՝ քաղաքապետը, որ Երեւանը մեր տունն է, իսկ քաղաքային բյուջեն էլ մեր վճարած հարկերով է հավաքվում, հետեւաբար այդ բյուջեն մսխելուց էլ պետք է հաշվի առնվի բոլորի կարծիքը, իսկ բոլորի մեջ մտնում են նաեւ ծայրամասային համայնքների բնակիչները, որոնք իրենց փողոցները նույնպես կուզեին բարեկարգված տեսնել։ Միայն կենտրոնը չէ:

 
«Ինձ ինչքան ուզում են գաղտնալսեն, ես տենց արտառոց մի բան դժվար թե ասեմ կամ մի խոսակցության մասնակցեմ, որն ինչ-որ մեկի, իմ գործընկերների շահերին վնասի կամ էն մարդկանց, ում հետ որ ես աշխատում եմ»:

Ալիկ Սարգսյան 1in.am
Որքան էլ հիմա նախկին ոստիկանապետը ձեւացնի, թե իրեն չեն մտահոգում 2011թ. արված՝ իր եւ Հովիկ Աբրահամյանի խոսակցությունների գաղտնալսումները` Ռ. Քոչարյանին հետ բերելու մասին, միեւնույն է՝ հիշում ենք, որ հենց այդ պատճառով Ալիկ Սարգսյանն ազատվեց աշխատանքից։ Այս երեւույթը միշտ եղել է՝ ամեն մեկն արդյունքում ընկել է իր իսկ փորած փոսի մեջ: Ոստիկանապետ եղած ժամանակ էլ Ա. Սարգսյանն ինքն էր գաղտնալսում ուրիշներին՝ առանց մտածելու, որ մի օր էլ հենց ինքը գաղտնալսման զոհ կդառնա։ Այնպես որ՝ ճիշտը կյանքում ազնիվ աշխատելն է:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս