Օրերս քանդել են Երեւանում գտնվող, 19-րդ դարի սկզբին կառուցված Աբաս-Միրզա մզկիթի վերջին կտորը՝ մույթը: Իսլամական այս կառույցը ներառված է ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պետական ցուցակում եւ գտնվում է նրա հոգածության ներքո: Մահմեդական հուշարձանների նկատմամբ անուշադրությունը ազգային խտրականության թե՞ անտարբերության հետեւանք է:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի համոզմամբ՝ ցանկացած հուշարձան անհրաժեշտ է պահպանել՝ անկախ այն հանգամանքից, թե որ ազգին է այն պատկանում կամ երբ է այն կառուցվել. «Ես համոզված եմ, որ հուշարձանն ավիրվել է ոչ թե այն պատճառով, որ մահմեդական պաշտամունքային կառույց էր, այլ որ մենք ազգովի հուշարձանների հանդեպ հարգանք, նախնյաց հիշատակը պահելու ձգտում չունենք: Մենք անտարբեր ենք հայկական հուշարձանների ճակատագրի նկատմամբ, էլ ուր մնաց՝ մահմեդականի հանդեպ ուշադիր լինենք»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց նա:
Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը մեզ տեղեկացրեց, որ մզկիթը սկսվել է քանդվել 2006-ին՝ տվյալ տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնող «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից: Այդ առնչությամբ ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստել է համապատասխան նյութեր եւ դիմել դատախազություն, նույն թվականի հուլիսին հարուցվել է քրեական գործ:
Մեր այն հարցին, թե այս տարիների ընթացքում արդյոք որեւէ մեկը ենթարկվել է պատասխանատվության, Կ.Այվազյանը նշեց, որ այդ մասին կոնկրետ տեղեկություն չունի. «Կարծում եմ՝ այս հարցում Երեւանի քաղաքապետարանի սխալն էլ կա. երբ շինարարությունը սկսվել էր, մեզ պետք է տեղեկացնեին, թե տվյալ տարածքում ինչ է կատարվում, իսկ «Գլենդել Հիլզին» էլ զգուշացնեին, որ տարածքում մշակութային արժեք կա»,-նկատեց նա՝ հավելելով, որ իրենք սպասում են՝ տվյալ տարածքում շինարարությունն ավարտվի, որպեսզի պնդեն, որ մզկիթի վերականգնումն իրականացվի:
Կ.Այվազյանը նաեւ ընդգծեց, որ մզկիթի վերականգնման գործընթացը պետք է իրականացվի երկու պետությունների՝ Հայաստանի եւ Իրանի համատեղ ջանքերով՝ հիշեցնելով Երեւանի Կապույտ մզկիթը վերականգնելու օրինակը:
Աննա Բաբաջանյան