ՕԵԿ-ը սկսել է Սերժ Սարգսյանին բացահայտ քաղաքական շանտաժի ենթարկել՝ պահանջելով կամ ավելացնել իշխող կոալիցիայում իրենց պորտֆելները, կամ էլ իրենք դուրս կգան կոալիցիայից: Այսօր էլ տեղի է ունենալու ՕԵԿ քաղխորհրդի նիստը, որի ժամանակ կլինի համապատասխան որոշումը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո Արթուր Բաղդասարյանը փորձել է անել հնարավոր ու անհնարին ամեն ինչ՝ Սերժ Սարգսյանից վարչապետի պաշտոն «պոկելու» համար. այս ընթացքում նույնիսկ Ս.Սարգսյանի մոտ գործուղեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն.Բորդյուժային, որպեսզի վերջինս բարեխոսի իր համար. բայց՝ ապարդյուն. վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը: «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ ՕԵԿ ներսում Ա.Բաղդասարյանը միշտ էլ բարձրաձայն արտահայտվել է, որ իրեն համարում է Ս.Սարգսյանի իրավահաջորդն ու հենց այդ նպատակով 2008թ. մարտի 1-ի սպանդի նախօրեին համաձայնվեց մտնել իշխող կոալիցիայի կազմում, իսկ 2013թ. սատարեց նրան: Ավելին՝ այս ողջ ընթացքում նա ցանկացել է հայտնվել վարչապետի պաշտոնին՝ այն համարելով ամենակարճ ճանապարհը՝ դեպի 2018թ. նախագահական ընտրություններ ու նախագահի աթոռ: Պատահական չէ, որ երբ բոլորը խոսում էին Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու մասին, ՕԵԿ-ն, ընդհակառակը, Սերժ Սարգսյանի մոտ Սահմանադրությամբ նախատեսված կոնսուլտացիաների ժամանակ բացահայտ առաջարկել է գործադիրի ղեկավարի պաշտոնում նշանակել իրենց կուսակցության առաջնորդին ու պնդել այդ տեսակետը:
Այս պլանը ձախողվելուց հետո ՕԵԿ-ը սկսել է Սերժ Սարգսյանից ու նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանից պահանջել ավելացնել նախարարական տեղերը՝ երեքից դարձնելով հինգ: Վաղուց հայտնի փաստ է, որ ՕԵԿ քվոտայով նախարար նշանակված անձինք ՕԵԿ-ին անդամակցում են ձեւականորեն: Ավելին՝ վերջին շրջանում այդ նախարարների ու Ա.Բաղդասարյանի միջեւ բավականին լարված հարաբերություններ են. նախարարներն, ըստ էության, չեն ենթարկվում ՕԵԿ առաջնորդին ու նրա ուզածի չափով չեն մասնակցում կուսակցության ֆինանսական կայացմանը: Մյուս կողմից, սակայն, Ա. Բաղդասարյանը չի կարող հետ կանչել հատկապես Արմեն Երիցյանին ու Սերգո Կարապետյանին. Երիցյանը համարվում է Ս.Սարգսյանի, իսկ Ս.Կարապետյանը՝ Հ.Աբրահամյանի մտերիմը: Ուստի, Ա.Բաղդասարյանը փորձում է իշխող կոալիցիայում ՕԵԿ նախարարական պորտֆելներն ավելացնելով իր մտերիմներին այնտեղ տեղավորել: Ու հիմա իշխանության ներսում նոր պորտֆելներ պոկելու նպատակով նրանք սկսել են իրենց թանկացնել՝ ակնարկելով, թե հակառակ դեպքում իրենք կգնան ընդդիմադիր ճամբար: Ձեռքի հետ էլ, ՕԵԿ-ը քարոզչական արշավ է սկսել նորանշանակ վարչապետ Հ.Աբրահամյանի դեմ. այս օրերին ՕԵԿ-ականները, այդ թվում՝ պետական պաշտոններ զբաղեցնող անձինք, սոցիալական ցանցերում սկսել են ուղղակի եւ անուղղակի կերպով ծաղրել ու քննադատել Հովիկ Աբրահամյանին:
Իսկ ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը երեկ հայտարարել է, թե Հայաստանում քաղաքական նոր իրավիճակ է ստեղծվել, եւ նա, ըստ էության, չի հերքել «Ժողովուրդ» օրաթերթի երեկվա համարում տպագրված լուրը, թե ՕԵԿ-ը, հնարավոր է, դուրս գա կոալիցիայից: «ՕԵԿ քաղխորհրդի նիստը կգումարվի, որի ժամանակ էլ կքննարկենք Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծված նոր իրավիճակը եւ ՕԵԿ քաղաքական դիրքորոշման հետ կապված հարցեր»,- ասել է նա: Բիշարյանը, սակայն, ավելի հեռուն է գնացել ու սկսել է իշխանությունների հասցեին անուղղակի մեղադրանքներ հնչեցնել. «Չեմ վարանի նշելու, որ ՕԵԿ-ը շիտակ եւ սկզբունքային քաղաքական ուժ է: Հակառակ պարագայում թող որեւէ մեկը ապացուցի, որ կուսակցությունը կապ ունի մեր երկրում որեւէ արատավոր երեւույթի` թալանի, գանձագողության, կոռուպցիայի, մարդկանց հարստահարելու եւ նման բաների հետ»: Այլ կերպ ասած, իշխող ՕԵԿ-ի փոխնախագահը համաձայնվել է, որ Հայաստանում կա կոռուպցիա, թալան, գանձագողություն, մարդկանց հարստահարում, բայց դրա հետ իրենք կապ չունեն: Ու քանի որ իշխող կոալիցիայում երկու կուսակցություն է՝ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը, ինքնաբերաբար ստացվում է՝ այդ բացասական երեւույթների հետ կապ ունի ՀՀԿ-ն:
Այսքանից հետո ի՞նչ է անելու ՕԵԿ-ը: Տեսակետ կա, որ, հայտարարելով կոալիցիա չմտնելու մասին, ՕԵԿ-ը կդառնա ընդդիմություն: Միայն թե, ընդդիմադիր դաշտում ՕԵԿ-ին որեւէ մեկը չի սպասում. ի վերջո, բոլորն իրենց աչքի տակ ունեն 2008թ. մարտի 1-ի դառը փորձը, եւ չեն համաձայնվի համագործակցել մի ուժի հետ, որը կարեւոր պահին հանուն պաշտոնի ու փողի, պարզապես, գցեց ընդդիմությանը: Եվս մեկ կարեւոր փաստ. ՕԵԿ-ը վաղուց ի վեր սպառել է իր վարկանիշը, եւ եթե 2012թ. կարողացավ հաղթահարել ԱԺ մտնելու 5 տոկոսանոց անցողիկ շեմը, ապա բացառապես ՀՀԿ-ի շնորհիվ, ու այս վեց տարիների ընթացքում ՕԵԿ-ը եղել է ՀՀԿ-ի դուստր ձեռնարկությունը կամ կույրաղիքը: ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալն այնքան էլ ՕԵԿ-ականների սրտով չէ. նրանք սովոր են՝ թեկուզ կցորդի կարգավիճակում, բայց՝ լինել իշխանության մեջ: «Ժողովուրդ»-ի աղբյուրները երեկ պնդում էին՝ 2008թ. մարտի 1-ից մոտ մեկ ամիս անց ՕԵԿ քաղխորհրդի նիստում Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր. «ՕԵԿ-ն այլեւս երբեւիցե ընդդիմություն չի լինելու», այնուհետեւ՝ մի պահ դադար տալուց հետո շարունակել է. «Եղա՞վ: Բոլորին պա՞րզ է: Մինչեւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտը չեմ առաջադրվելու եւ մնալու ենք իշխանության մեջ»:
Երեկ մեկնաբանությունների համար դիմեցինք ՕԵԿ խոսնակ Արթուր Միսակյանին, ով ասաց, թե իրենք չեն քննարկել ո՛չ իշխող կոալիցիային ՕԵԿ անդամակցության, ո՛չ էլ կոալիցիայից դուրս գալու հարցերը, եւ այս առումով դիրքորոշումը հայտնի կլինի քաղխորհրդի նիստից հետո: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, այնտեղ ներքին հրճվանք կա՝ ի վերջո կազատվեն կցորդ բալաստից ու միայնակ, ամբողջությամբ կվայելեն իշխանության քաղցրությունը:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԸՆԿԵՐ ԼԵՎՈՆՆ ՈՒ ԱՐԾՎԻԿԸ ՆԱԽԱՐԱՐ
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ, մինչեւ ապրիլի 18-ին ՀՅԴ ԳՄ ժողովը պաշտոնապես որոշի Դաշնակցության դիրքորոշումը, արդեն իսկ կուսակցությունը տվել է իր համաձայնությունը մաս կազմելու կոալիցիային, ստանալով երկու նախարարական պորտֆել` առաջարկելով Լեւոն Մկրտչյանի եւ Արծվիկ Մինասյանի թեկնածությունները: Սակայն ՀՅԴ շարքերում այս առումով տարակարծություններ կան, քանզի դաշնակցականների մի մասը ցանկանում է նախարարական աթոռին տեսնել Դավիթ Լոքյանին: Բայց թե որ նախարարություններն են պատրաստվում տալ ՀՅԴ-ին, դեռեւս հստակեցված չէ:
ՀԱՐՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԴՐՍՈՒՄ
ՀՀ դեսպանների գույքի եւ ունեցվածքի հայտարարագրերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ մեր դեսպանները նաեւ տվյալ երկրի արժույթով են իրենց խնայողությունները պահում: Օրինակ՝ Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն ի լրումն իր եկամուտների հայտարարագրել է նաեւ 190 հազար չինական յուան, իսկ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը` 94 հազար ռուսական ռուբլի: Ընդ որում, ուշագրավն այն է, որ Եսայանը տարեսկզբին չի նշել, թե որքան ռուբլի է ունեցել, իսկ Արմեն Սարգսյանի յուանները բավականին կտրուկ են աճել՝ 20 հազարից դառնալով 190 հազար: Իսկ ահա ՀՀ դիվանագիտական կորպուսի եթե ոչ ամենահարուստ, ապա գոնե առաջատար, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն ընդհանրապես հայտարարգիր չի ներկայացրել: Մինչդեռ հետաքրքիր կլիներ, որ հանրությունը տեսներ, թե աշխարհի ամենաթանկ արտարժույթներից մեկով` անգլիական ֆունտ-ստեռլինգով, որքան «խնայողություններ» ունի մեր նախկին վարչապետը:
«ՆԻՍՅԱ»-ՈՎ
ՀՀ Կոտայքի մարզի Արտավազ համայնքի ընտանիքների մեծ մասը 50-ից 100 000-ական դրամ պարտք ունեն գյուղի խանութին: Այս մասին «Ժողովուրդ»-ին պատմեց գյուղում գործող միակ խանութի աշխատակցուհին՝ տիկին Նելլին: Նրա խոսքով՝ բնակիչները խանութից «նիսյա»-ով գնում են միայն առաջին անհրաժեշտության ապրանքները. հաց, մակարոնեղեն, ձեթ, սիգարետ, սուրճ եւ շաքարավազ: «Կան ընտանիքներ, որոնք չունեն եկամտի եւ ոչ մի աղբյուր, ինչի համար էլ տարիներ շարունակ պարտք են մնում խանութին: Նրանք նույնիսկ «Ընտանեկան նպաստ»-ից կամ «Փարոս» համակարգից չեն օգտվում: Բոլորն էլ «նիսյա»-ի վրա են նստած»,- տխրությամբ ասաց տիկին Նելլին: Սակայն խանութի աշխատակցուհու պատմածի մեջ ամենասարսափելին այն է, որ Արտավազում ընտանիքներ կան, որոնք խանութից 100 գրամով շաքարավազ են գնում, իսկ 50 գրամով՝ սուրճ:
ԳՆՈՒՄ ԵՆ ՀԵՐԹՈՎ
Armlur.am-ի տեղեկություններով՝ Հրազդանի ԲՀԿ կառույցը քանդվում է: Բանն այն է, որ ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանի եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Դավիթ Քոչարյանի՝ ԲՀԿ-ից հեռանալուց հետո, նրանց թիմակիցները եւս կուսակցությունից հեռանալու դիմումներ են ներկայացրել: Շուտով շատ ԲՀԿ-ականներ կլքեն ԲՀԿ շարքերը` հատկապես ԲՀԿ-ի գործարար մասը:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐ ԵՆ
Ապրիլի 15-ին Ոստիկանության մասնագիտական տոնի նախօրեին, ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հանդիպում ունեցավ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության գնդի ծառայողների հետ։ Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության հասակակից ոստիկանության կենսագրության դրվագներին եւ այսօր համակարգում ընթացող բարեփոխումներին՝ ոստիկանության պետը կարեւորեց այն խնդիրները, որ այսօր պետությունն ու հասարակությունը առաջադրում են ոստիկանությանը, առաջնահերթությունները, որոնք օրենքի ու ժամանակի պահանջն են: Խոսելով ոստիկանության ծառայողի բարոյակամային չափորոշիչների, իրավապահի պարտքի անվերապահ կատարման եւ մասնագիտական ունակությունների կատարելագործման մասին՝ ոստիկանության պետն ընդգծեց, որ անսակարկելի են ոստիկանի պատիվն ու արժանապատվությունը, պատասխանատվությունը գործի հանդեպ, հավատարմությունը երդմանը:
ՎՐԱՍՏԱՆԸ ՀԱՆՁՆԵՑ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ
Armlur.am-ը Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանից փորձել է պարզել, թե ինչ տեղեկություններ ունեն գործարար Աշոտ Սուքիասյանի արտահանձնման վերաբերյալ: Դեսպանն ասաց, որ իրենց ունեցած տեղեկություններով՝ հարցը գտնվում է Վրաստանի իրավասու մարմինների ենթակայության ներքո. «Համապատասխան ընթացակարգերն են ընթանում: Հանձնումը ցանկացած երկրում ունի որոշակի ընթացակարգ, այդ թվում՝ նաեւ Վրաստանում»,-ասաց նա: Հավելենք, որ ըստ օրենքի՝ Վրաստանում արտահանձնման քննությունը կարող է տեւել 9 ամիս: Տեղեկացնենք նաեւ, որ hetq.am-ը գրել էր, որ երեկ Թբիլիսիի կենտրոնական դատարանը բավարարել է Աշոտ Սուքիասյանին Հայաստան արտահանձնելու միջնորդությունը:
ՈՐՏԵՂ ԵՆ ՀԱՆԴԻՊԵԼ
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱՄՆ փոխդեսպան Փրայս Քլարկը, ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Քրիստոֆեր Անդերսոնը, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար է նշանակվել Սեյրան Օհանյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի գրասենյակը։
Էդվարդ Նալբանդյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար: