Ուղիղ մեկ ամսից Հայաստանը դառնալու է Եվրասիական տնտեսական միության անդամ, սակայն առեւտրային հարաբերությունները դեռեւս հստակեցված չեն: Մինչդեռ այս հարցով պատասխանատու պաշտոնյաների կողմից մեծ ոգեւորությամբ արված հայտարարությունները, թե Հայաստանն ահռելի քանակությամբ ապրանքատեսակ է արտահանելու ՌԴ, փաստորեն օր օրի պարզվում է, որ իրականությանը չեն համապատասխանում: Կարճ ասած՝ հայ գործարարներն անորոշության մեջ են:
Երեկ ՏՄՊՊՀ-ն հանդիպում էր կազմակերպել ապրանքների արտահանմամբ եւ ներկրմամբ զբաղվող մոտ չորս տասնյակ տնտեսվարողների՝ քննարկելու եւ լսելու նրանց մտահոգությունները ԵՏՄ տարածքում գործող մրցակցության միասնական կանոների վերբերյալ: Հանդիպմանը ներկա մոտ 4 տասնյակ ընկերությունների տնօրեններ ներկայացրեցին իրենց խնդիրներն ու մտահոգությունները:
Նրանց մեծ մասը նշեց, որ արտահանման ուղղությամբ դեռեւս հստակ առաջարկ չկա: Բացի այս՝ գործարարները մտահոգվեցին, որ արտադրության ծավալներն ապահովելու, տեխնոլոգիայի, սարքավորումների եւ դրսի շուկայում ներկայացված լինելու խնդիրներ ունեն: Սակայն ակնհայտ է, որ այս ուղղությամբ մեր պետությունն առարկայական ոչինչ չի անում:
Օրինակ՝ հանդիպմանը ներկա «Գրանդ քենդի» հայ-կանադական ձեռնարկության ներկայացուցիչ Արամ Ղազարյանը մտահոգվեց, թե ինչպիսին է լինելու իրավիճակը, երբ նույն ապրանքանիշից կա ե՛ւ Հայաստանում, ե՛ւ ԵՏՄ անդամ երկրներում:
Այս հարցմանն ի պատասխան՝ Շաբոյանը հայտարարեց, որ այս ոլորտում կան արտադրատեսակներ, որոնք ունեն այնպիսի անվանումներ, որ նաեւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքում լայնորեն շրջանառվում են, եւ այդ անվանումներից շատերը եկել են Խորհրդային Միության տարիներից: «Հատկապես «Բելոչկա», «Միշկա» անվանումներով հայտնի շոկոլադի տեսակները: Մենք այդ հարցը քննարկել ենք: Մեխանիզմները դեռեւս հստակեցված չեն, բայց միասնական դիրքորոշում կա, որ այն ընկերությունները, որոնք այդ անվանումները գրանցել են մտավոր սեփականության գործակալությունում եւ ազգային օրենսդրությունների ներքո, ապա այս դեպքում արտահանելու եւ ներմուծելու խնդիրները չեն խաչվելու»,-վստահեցրեց Շաբոյանը:
Իսկ ահա «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ի տնօրեն Երվանդ Թարվերդյանին հետաքրքրեց, թե ինչպես են իրենք վարվելու այն դեպքում, երբ իրենց ընկերությունը որեւէ երկրից հումք է ներմուծում, սակայն ՌԴ-ն որոշակի սահմանափակումներ է կիրառում այդ երկրի հանդեպ: «Մենք գիտենք, որ Եվրասիական տնտեսության միությունը տարածքում արտադրանքի կազմակերպման համար կան որոշակի օրենսդրական փաստաթղթեր: Արտադրության ընթացքում մենք օգտագործում ենք հայկական հումք, իսկ որոշ դեպքերում՝ ներկրված: Վերցնենք մսամթերքի արտադրությունում. ՌԴ-ում կոնկրետ երկրներից եւ կոնկրետ ընկերություններից է թույլատրվում ներմուծել հումք: ՀՀ-ում նմանատիպ սկզբունք չկա: Եթե հայկական ընկերությունը ներմուծում է հումք որեւէ երկրից, որը մեր երկրի համար թույլատրելի է, եւ հետագայում այդ արտադրանքն արտահանում է ՌԴ, որտեղ ժամանակ առ ժամանակ ՌԴ-ի նկատմամբ կիրառվում է սահմանափակումներ: Մենք ինչպե՞ս տեղեկացվենք այդ սահմանափակումների մասին, որպեսզի մեր արտադրանքի արտահանման ժամանակ հիմար դրության մեջ չհայտնվենք»,- հետաքրքրվեց «Արարատ սննդի կոմբինատ» ընկերության ներկայացուցիչ Երվանդ Թարվերդյանը: Սակայն նրա այս մտահոգությանն ի պատասխան՝ Շաբոյանը հայտարարեց, որ հնչեցված խնդիրը վերաբերում է ստանդարտացման, սերտիֆիկացման ոլորտին՝ սննդի անվտանգության պետական ծառայությանը: «Այս առումով ոչինչ չեմ կարող ասել: Եթե այն իրականում լուրջ խնդիր է ներկայացնում, ապա կարող եք հարցը հասցեագրել, մենք մեր գործընկերների հետ կքննարկենք, եւ նրանք կարող են պարզաբանում տրամադրել, քանի որ այդ հարցը գտնվում է այլ պետական մարմնի իրավասության դաշտում»,- լրացրեց Շաբոյանը:
Գործարարներին հետաքրքրում էր նաեւ այն, թե ԵՏՄ տարածքում տնտեսվարողների նկատմամբ հարկային նո՞ւյն մոտեցումներ են կիրառվելու, թե՞ ոչ:
«Երեւան գարեջուր» ընկերության տնօրենի տեղակալ Արմեն Հայիրյանը ներկայացրեց իրավիճակը՝ նշելով. «Այսօր գարեջրի մասով ՌԴ-ում ակցիզային հարկի դրույքաչափերը շատ ավելի բարձր են, քան ՀՀ-ում: Եթե նախկին մոտեցումներով առաջնորդվենք, ապա այնտեղից այստեղ ներմուծվող գարեջուրը պետք է ազատվի անուղղակի հարկերից, ակցիզից, ավելացված արժեքի հարկից եւ ներմուծվի ՀՀ, որը շատ ավելի էժան կլինի, քան հայկական գարեջուրը, որը պետք է արտահանենք ՌԴ»: Ի դեպ, տնտեսվարողներին հետաքրքրում էր նաեւ այն, թե ինչպես են իրենք իրենց արտադրանքն արտահանելու ՌԴ՝ հայկակա՞ն դրոշմապիտակով, թե ռուսերե՞ն լեզվով:
Նկատենք, որ տեւական ժամանակ է, ինչ այս հարցերը մտահոգում են գործարարներին, սակայն անգամ հիմա, երբ մեկ ամիս անց մենք պետք է միանանք ԵՏՄ-ին, ամեն ինչ դեռ մնում է օդից կախված վիճակում: Եւ տպավորություն է ստեղծվում, որ բոլորիս ճակատագիրը եւ գործունեության ապագան թողած է բախտի քմհաճույքին: Միայն խոստումներով են մեզ կերակրում:
Հ.Գ. Հանդիպմանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը տեղեկացրեց, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո տնտեսական մրցակցությանը վերաբերող վերջնական որոշումները կայացվելու են Մոսկվայում: Մասնավորապես անբարեխիղճ տնտեսվարողները այլ երկրների տարածքում նման վարքագիծ դրսեւորելու դեպքում նրանց գործերը կհայտնվեն Եվրասիական տնտեսական Հանձնաժողովի վարույթում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՌՈՂՋԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ
Սասուն Մարգարյանը Հայաստանի ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի ինֆորմատիկա եւ հաշվողական տեխնիկա բաժնի 1-ին կուրսի ուսանող է: Սասունի կարգավիճակը մի փոքր այլ է, նա տարբերվում է սովորական ուսանողից, քանի որ ունի տեսողական լուրջ խնդիրներ: Բայց չնայած դժվարություններին, ավարտելով Երեւանի տեսողության խնդիրներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցը՝ որոշել է ծրագրավորող դառնալ:
Իսկ մինչ այդ հարկ ենք համարում նշել, որ Սասունը, անգամ առողջական խնդիրներով, ազգային բանակին իր պարտքն է մատուցել. ծառայել է Տավուշի մարզի շրջանի Բերդ քաղաքում: Զորացրվելուց հետո միայն ընդունվել է համալսարան՝ ցանկանալով իրագործել վաղեմի երազանքը:
Համառ կամքի տեր երիտասարդն այսօր ունի բոլորիս օգնության կարիքը: Խնդիրներ են առաջացել Սասունի ուսման վարձավճարի մասով. մինչեւ դեկտեմբերի 10-ը 1-ին կիսամյակի ուսման վարձը (210.000 դրամ) չվճարելու պարագայում նա կհեռացվի բուհից: Նրա ընտանիքը գտնվում է ֆինանսական վատ վիճակում. հայրը (Արիստակես Մարգարյան) կույր է, եւ, չնայած ավելի քան 15 տարի լեզվի եւ գրականության ուսուցիչ է աշխատում Երեւանի տեսողության խնդիրներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում, նշված աշխատանքը դժվարությամբ է բավարարում ընտանիքի հոգսերը:
Երիտասարդի ճակատագիրը, ինչպես երեւում է, հուզում է միայն նրա մտերիմներին, ովքեր էլ դիմել են մեզ խնդրանքով՝ աջակցել եւ բարերար փնտրել, որպեսզի տղան համալսարանից դուրս չմնա:
ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
ԱՂԲ ԹԱՓՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Երեւանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին խստորեն հանձնարարել է վարչական տույժեր կիրառել ոչ սահմանված վայրերում աղբ թափողների նկատմամբ: «Անկախ աղբահանության եւ սանմաքրման միջազգային օպերատորի աշխատանքների մեկնարկից, ինչի արդյունքում, վստահ եմ, որ արդեն առաջիկայում կունենանք որակյալ սպասարկում, մաքուր մայրաքաղաք ունենալու հարցում առանձնակի կարեւոր է նաեւ մեր բնակիչների վերաբերմունքը մայրաքաղաքի նկատմամբ: Եղե՛ք հետեւողական եւ օրենքով սահմանված կարգով վարչական տույժերի ենթարկե՛ք բոլոր նրանց, ովքեր աղբը կթափեն ոչ սահմանված վայրերում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երեւանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Sanitek s.a.r.l» ընկերությունը մայրաքաղաքում տվել է պայմանագրով պահանջվող համապատասխան ծառայությունների մատուցման մեկնարկը:
Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացրել է, որ նոր մեքենասարքավորումները Շահումյան հրապարակում ներկայացվել են քաղաքապետ Տարոն Մարգարյանին: