Արա Աբրահամյանը Սերժ Սարգսյանին «սխալ հանեց». խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացված «Աշխարհն առանց ցեղասպանությունների» խորագրով խորհրդարանական լսումներին ներկայացած համաշխարհային հայերի միության նախագահ Արա Աբրահամայնն ուշագրավ հայտարարություն է արել:

Հիշում եք՝ 2014թ. հունվարի 31-ին Պրահայում Սերժ Սարգսյանը հանդիպել էր հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպման ձայնագրությունն այս տարվա սեպտեմբերին հրապարակվեց, որից պարզ դարձավ, որ երբ նրան մեր հայրենակիցները հարցրել էին, թե ինչո՞ւ չհարցրիք համայն հայության կարծիքը Մաքսային միությանն անդամագրվելու որոշումից առաջ, նա պատասխանել էր, թե. «Չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել»:

Երեկ լրագրողները Սերժ Սարգսյանի այս խոսքերը մեջբերելով՝ Արա Աբրահամյանից հետաքրքրվել են, թե ինչ գիշերվա մասին է խոսքը: Ահա թե ինչ պատասխան է տվել հայերի միության նախագահը. «Ես տեղյակ չեմ այդ հայտարարությունից: Այդպիսի բան հնարավոր չէ, քանի որ ես մասնակցել եմ այդ գործընթացին, այն մեկ տարուց ավել քննարկվել է»:

Այսպիսով՝ Ա. Աբրահամյանը հրապարակավ «սխալ է հանել» Սերժ Սարգսյանին՝ փաստացի ապացուցելով, որ նա ստախոս է կամ, առնվազն, ազնիվ գործընկեր չէ միջազգային հանրության համար: Համաձայնեք, որ իսկապես տգեղ բան է ստացվել: Սերժ Սարգսյանը երեք տարի շարունակ Հայաստանի բոլոր մակարդակի չինովնիկներին հանձնարարել է եվրոինտեգրման շուրջ ռեալ քայլեր անել, բանակցություններ վարել, սակայն իրականում գոնե վերջին մեկ տարուց ավել «տակից» աշխատել է Ռուսաստանի Դաշնության հետ՝ Եվրասիական միությանն անդամագրվելու ռեալ խոստումներով:

Հասկանո՞ւմ էր, արդյոք, այս նրբություններն Արա Աբրահամյանը՝ նման ինֆորմացիա հաղորդելիս, դժվար է ասել: Բայց որ քաղաքականության մեջ նման գործընթացների մեջ դերակատարում ունեցող մարդիկ սովորաբար գլուխ գովելու հակումներով աչքի չեն ընկնում, դա փաստ է: Ի վերջո, այդ նախադասությամբ Արա Աբրահամյանը սեփական իմիջը կառուցելուն զուգահեռ մեր երկրի անվտանգության համար այնքան էլ դուրեկան բան չի արել: Այլ բան է, որ այս մասին մինչ օրս բազմաթիվ վերլուծություններ են արվել, սակայն միանգամայն այլ իրավիճակ է, երբ Հայաստանի ներկայացուցիչն է խոսում իբրեւ ամենատեղեկացված մարդ:

Թերեւս լավ կլիներ, որ ամեն ինչից այդքան տեղյակ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հոդաբաշխ միտք արտահայտեր՝ Հայաստանի տնտեսության վատթարացումը երբ եւ ինչ մեթոդներով հնարավոր կլինի կանխել: Չէ որ նա իր պահվածքով փորձում է ցույց տալ, թե տեղեկացված է բոլոր գործընթացներից՝ ընդ որում մեկ տարի առաջ «ավանսով»: Սակայն Ա. Աբրահամյանը ռեալ ոչինչ չասաց: Հիմա ինչպե՞ս կարելի է հասկանալ, թե որ դեպքում է Արա Աբրահամյանը, Սերժ Սարգսյանի խոսքերով ասած, քամի տատանում, որ դեպքում՝ իրականությունը հաղորդում:




Լրահոս