ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՄԻՊ-ն իր տարեկան զեկույցում անդրադարձել է որոշ նախարարությունների, այդ թվում՝ Մշակույթի նախարարության գործունեությանը։ Զեկույցի վերաբերյալ մեզ, բնական է, հետաքրքրում էր առաջին հերթին նախարարության կարծիքը, եւ մեր հարցմանն ի պատասխան, ի վերջո, ստացանք նրանց պարզաբանումը։

Հիշեցնենք, որ զեկույցում որպես Մշակույթի նախարարության բացասական աշխատանք` նշված է. «Նախարարությունը բարեխղճորեն չի ապահովել պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանությունը, ինչի հետեւանքով, օրինակ, Երեւանի Փակ շուկան կորցրեց իր կերպարային ամբողջականությունը»: ՄԻՊ-ի նշված գնահատականին այսպես է արձագանքել նախարարությունը. «ՀՀ մշակույթի նախարարության իրավասությունների սահմաններում Երեւանի Փակ շուկայի հետ կապված խնդրին տրվել է համապատասխան ընթացք՝ մասնավորապես հուշարձան-շենքում ապօրինի վերգետնյա աշխատանքները կանխելու եւ հետագա պահպանությանն ու վերականգնմանն առնչվող խնդիրներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում տալու համար «Երեւանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ի տնօրինությանը բազմիցս գրավոր տեղեկացվել է իր կողմից կատարվող շինարարության ապօրինության մասին եւ պահանջվել է դադարեցնել այն: Միեւնույն ժամանակ, նախարարությունը դիմել է պատկան մարմիններին՝ ձեռնարկելու համապատասխան միջոցառումներ անօրինական շինարարությունը դադարեցնելու եւ տարածքում հսկողություն սահմանելու պահանջով, ինչպես նաեւ 2012-2013 թվականներին համապատասխան տեղեկույթ է տրամադրվել Երեւան քաղաքի դատախազությանը: Կենտրոնական Ծածկած շուկայում իրականացված շինարարական աշխատանքների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Մշակույթի նախարարությունը համաձանեցրել է միայն 0,0 նիշից ցածր նախագծային փաստաթղթերը»:
ՄԻՊ-ի զեկույցում նաեւ նշված էր, որ «տարիներ շարունակ չեն վերանորոգվել եւ տեխնիկապես չեն վերազինվել մի շարք պետական թատրոններ, ինչպես, օրինակ, Գ. Սունդուկյանի, Հ. Պարոնյանի անվան թատրոնները: Որոշ թատրոններ չունեն նույնիսկ առանձին տարածքներ, օրինակ՝ Մնջախաղի պետական թատրոնը»: Նախարարության պարզաբանումն այդ կետի վերաբերյալ շատ ավելի ընդարձակ է: Ըստ այդմ` վերջին տարիներին պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվել են. «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի` տանիքի մասնակի վերանորոգման եւ տեխնիկական վերազինման, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքի հիմնանորոգման, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տաք եւ սառը ջրամատակարարման, սանհանգույցի վերանորոգման, դռների եւ պատուհանների տեղադրման, հակահրդեհային ջրավազանի վերանորոգման, «Գոյ» թատրոնի հիմնանորոգման, Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի կաթսայատան ծխատարի վերանորոգման, Պետական երաժշտական կամերային թատրոնի շենքի տանիքի հիմնանորոգման, Համազգային պետական թատրոնի օդափոխության համակարգի տեղադրման, Երգի պետական թատրոնի հիմնանորոգման, Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի մասնակի վերանորոգման, Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքները, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման, Գավառի պետական դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքները»:
Բացի այդ թվարկումը, նախարարության պարզաբանման մեջ նշված է, որ պետական բյուջեի միջոցների հաշվին 2013 թ. իրականացվել են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեխնիկական վերազինման աշխատանքները: 8 թատրոններ ապահովվել են պահպանիչ եւ հակահրդեհային ահազանգման համակագի, հրդեհաշիջման առաջնային եւ անվտանգության այլ միջոցներով (տեսահսկման)։ Ջեռուցման համակարգ է ներդրվել Խորեոգրաֆիայի պետական թատրոնում:
Ինչ վերաբերում է Մնջախաղի պետական թատրոնին, ապա «այն իր գործունեությունը իրականացնում է Երեւանի քաղաքապետարանի պատանի հանդիսատեսի թատրոնի շենքում: Իսկ տարածքի հարցը կլուծվի ըստ ՀՀ կառավարության սահմանած առաջնահերթությունների եւ հնարավորությունների»,- նշված է Մշակույթի նախարարության պարզաբանման մեջ: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը մի քանի անգամ անդրադարձել է այդ խնդրին, զրուցել Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի հետ: Թատրոնին տարածք են հատկացրել, սակայն այնտեղ շինարարություն չի սկսվում, քանի որ կան դժգոհություններ մոտակա շենքերի բնակիչների կողմից։ Եվ հիմա այլ տարածք են փնտրում թատրոնի համար։
Նախարարությունը պարզաբանում է տվել նաեւ ՄԻՊ-ի զեկույցի` «հաշմանդամություն ունեցող անձանց համար մի շարք մշակութային շենքերի անմատչելի մնալու», ինչպես նաեւ այլ «մեղադրանքների» վերաբերյալ՝ ներկայացնելով կատարված աշխատանքները:
Մեր կողմից ավելացնենք` ընդունելով հանդերձ, որ որոշակի աշխատանքներ իրոք արվել են, դժվար է, սակայն, չնկատել, որ դրանք չափազանց հեռու են բավարար լինելուց թե՛ որակական, թե՛ քանակական առումով: Թեպետ, ինչպես ցույց տվեց մշակույթի նախարարի պաշտոնում Հասմիկ Պողոսյանի վերանշանակումը, երկրի բարձրագույն իշխանությունը, փաստորեն, այլ կարծիքի է:

 

 

 

ԹՈՒՅԼ ՉԻ ՏՎԵԼ, ՈՐ «ԺԱՆԳՈՏՎԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ»

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ օրերս Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ գրող, դրամատուրգ, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի մեծարման երեկոն։

Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց գրողի ներդրումը հայ գրականության ու մշակույթի զարգացման գործում՝ կարեւորելով նաեւ նրա ներդրումը Ցեղասպանության ճանաչման հարցում: «Շուրջ կես դար Ձեր ստեղծագործություններով թույլ չեք տվել, որ ժանգոտվի մարդկության հիշողությունը»,-ընդգծեց Հակոբյանը: Երեկոյի ավարտին մեծանուն գրողը պարգեւատրվեց Սփյուռքի նախարարության հուշամեդալով:
Մեծարման երեկոյի ընթացքում ներկայացվեց Պերճ Զեյթունցյանի անցած ստեղծագործական ուղին, տեսաշարով ցուցադրվեցին հատվածներ գրողի հարցազրույցներից, ինչպես նաեւ Արմեն Ջիգարխանյանի, Լեւոն Անանյանի, Արմեն Խանդիկյանի, գրողի դստեր` Զարմինե Զեյթունցյանի գնահատանքի խոսքերը: Ներկայացվեց մի դրվագ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» դրամայից…
Մեր վերջին հարցազրույցներից մեկում Պերճ Զեյթունցյանը նշել էր, որ Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում բեմադրության է պատրաստվում նրա՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Փարիզյան դատավճիռ» ստեղծագործությունը։ Գրողից տեղեկացանք, որ ներկայացման բեմադրիչը Արմեն Խանդիկյանն է, դերաբաշխումն արդեն արված է։ Ի դեպ, սա գրողի ամենաշատ՝ քսանմեկ կերպար ունեցող ներկայացումն է լինելու։ Հիշեցնենք, որ ստեղծագործությունը չորս տղաների մասին է, ովքեր Փարիզում գրավել էին թուրքական հյուպատոսարանը ու, չնայած կարող էին փախչել ու խուսափել պատասխանատվությունից, սակայն դա չարեցին, որպեսզի դատի ժամանակ ասեն ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին։ Եվ դատարանում ֆրանսիացի դատավորը չի ցանկանում, որպեսզի տղաներին տեռորիստ, նրանց արածը՝ տեռոր անվանեն…
Ամենայն հավանականությամբ, բեմադրության աշխատանքները կսկսվեն այս աշնանը, սակայն բեմական ձեւավորումը, ներկայացումն ընդհանրապես թանկ արժե, որի համար չկա անհրաժեշտ գումար։ Հույս ունենանք, որ կգտնվեն հովանավորներ։

Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԸ ՄԱՀԱՑԵԼ Է
Ապրիլի 24-ի առավոտյան Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն հայ կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը: Հուլիսի 29-ին կոմպոզիտորը կդառնար 86 տարեկան: Նրա հայտնի երգերը բազմաթիվ կատարողների ներկայացմամբ արժանացել են մի շարք մրցանակների՝ «Երգել, նշանակում է ապրել», «100 երջանիկ ժամեր», «Շնորհակալություն կյանքին», «Սերը չի ծերանում», «Դու այն չես, ով պետք է ինձ», «Հիշեք» եւ այլն: Օրբելյանը 1974թ. արժանացել է ՀԽՍՀ, իսկ 1979թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: 1992թ. մեկնել է ԱՄՆ եւ բնակություն հաստատել Սան Ֆրանցիսկոյում: 2012թ. պարգեւատրվել է ՀՀ պատվո շքանշանով:

 

ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀԱՄԵՐԳԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը մայիսի 12-ին համերգով հանդես կգա Հայաստանում: Ամենայն հավանականությամբ, Ազնավուրը Երեւանում բացօթյա համերգ կունենա: Ի դեպ, համերգին հնարավոր է ներկա լինի նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով այդ ժամանակահատվածում պաշտոնական այցով գտնվելու է Երեւանում: Նշենք, որ այս տարին երգիչ, երգահան, դերասան եւ հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի համար հոբելյանական է. մայիսի 22-ին լրանում է նրա ծննդյան 90-րդ տարեդարձը:

 

ԲՐՈՒՆՈ ԲՐՈՒՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
Իտալական արվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ համաշխարհային համբավ վայելող գեղանկարիչ, քանդակագործ, գրաֆիկ Բրունո Բրունին արդեն Հայաստանում է: Ազգային պատկերասրահում ապրիլի 25-ից հունիսի 2-ը հայ արվեստասերները Բրունո Բրունիի աշխատանքներին ծանոթանալու հնարավորություն կունենան: Ավելացնենք, որ 1959թ. ի վեր՝ Բրունո Բրունին անհատական ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի շատ քաղաքներում, այդ թվում՝ Ամստերդամում, Բեռլինում, Բրյուսելում, Քյոլնում, Լոնդոնում, Միլանում, Նյու Յորքում, Հռոմում, Տոկիոյում: Նրա գեղանկարները, քանդակներն այսօր ներկայացված են Եվրոպական ժամանակակից արվեստի ամենահեղինակավոր թանգարաններում եւ անհատական հավաքածուներում:

 

ՄԻՐԱՆԴԱ ՔԵՐՐԻ ՀՈԼՈՎԱԿԸ
Ավստրալացի սուպերմոդել, դերասան Օռլանդո Բլումի նախկին կինը` Միրանդա Քերրը, հոլովակ է ներկայացրել, որտեղ երգում է ճանաչված իռլանդացի երգիչ Բոբբի Ֆոքսի հետ: Մոդելը շատ հուզիչ կատարում է You՚re The Boss երգը: Ի դեպ, հաղորդվում է, որ Միրանդան հայտնվելու է Elle Spain պարբերականի մայիսյան համարում, որի ֆոտոսեսիան իրականացվել է Շվեյցարիայում:




Լրահոս