«Ազատամարտիկների դաշինք»-ը հանդես է եկել հայտարարությամբ հրամանատարների հետ տեղի ունեցած միջադեպի մասով:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը («Արաբոի» Մանվել) և Ռազմիկ Պետրոսյանը ծեծի են ենթարկվել:
«Խուսափելով ապատեղեկատվության տարածումից, անպատեհ մեկնաբանություններից «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչությունը մինչ այժմ հանդես չէր եկել համապատասխան հայտարարությամբ:
Քիչ առաջ ավարտվել է «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության հրավիրած արտահերթ նիստը, որի ընթացքում մարտական ընկերները գնահատական են տվել հրամանատարների հետ տեղի ունեցած միջադեպին՝ հայտարարելով, որ եղելությունը հայտնի է, այն ուղղված է Դաշինքի գործունեության դեմ և հերթական անգամ նպատակ ունի, ահաբեկման միջոցով, լռեցնելու ապօրինությունների դեմ ձայն բարձրացնող ազատամարտիկներին:
Ազատամարտիկները նաև հայտարարել են, որ նմանատիպ յուրաքանչյուր փորձ դատապարտված է ձախողման և կոչ արել մարտական ընկերներին վաղը՝ դեկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին հավաքվելու Առնո Բաբաջանյանի արձանին հարակից տարածքում՝ հետագա անելիքները համատեղ որոշելու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ:
Armlur.am-ի հետ զրույցում «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը նշեց. «Վաղը հավաքվելու ենք, որ ազատամարտիկներով հարց քննարկենք, զրուցելու բան կա: Մնում է որոշում կայացնենք, գիտե՞ք՝ ինչի շուրջ, որ այս երկիրը ազատագրելու ենք մենք: Ո՞վ ասաց, որ ազատամարտիկներն իրավունք չունեն մարդավայել աշխատելու և ապրելու: Մենք բոլոր ազատամարտիկներին կոչ ենք անում ու ասում ենք, որ միայն իմ և Ռազմիկ Պետրոսյանի վրա չեն ձեռք բարձրացրել ինչ-որ թափթփուկներ, այլ՝ ազատամարտի բոլոր մասնակիցների: Նրանց օրը բոլորն էլ կարող էին ընկնել: Եթե մենք լինեինք 10 հոգի, չէ՞ինք կարա դրանց ծեծեինք: Ընենց կծեծեինք, ընենց կծեծեինք, էլ դու սուս: Իրենք սրիկաներ են, մենք ազնիվ ենք»,- ասաց մեր զրուցակիցը:
Հարցին՝ նրանք հաղորդում տվե՞լ են ոստիկանություն, որևէ բողոք ներկայացրե՞լ են, Մանվել Եղիազարյանն ասաց. «Էս ողորմելի վիճակում գտնվող իրավական համակա՞րգը պետք է լուծի իմ հարցերը կամ ինձ պաշտպանի: Մեկն էլ լինի, նրանց պաշտպանի: Դուք իսկապե՞ս կարծում եք, թե այդ ոհմակի անդամները ծեծել են մեզ»:
Ի դեպ, ոչ իշնական ուժերի՝ եռյակի համաժողովրդական շարժմանը մասնակցելու են նաև ազատամարտիկները: