Հայաստանի իշխող հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, շարունակելով Սերժ Սարգսյանի ներկայացրած «գաղջ մթնոլորտի» տրամաբանությունը, մշտապես հրապարակավ հորդորում են հայկական իրականության մեջ փնտրել ձեռքբերումներ, աճ ու դրանք լուսաբանել: Սակայն ամեն անգամ ՀՀ պաշտոնական վիճակագրությունը ՀՀԿ-ի ու նրա առաջնորդի դեմ են դուրս գալիս:
ՀՀ Կառավարությանն առընթեր քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո ծառայությունը երեկ տվյալներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում 2013-2014 թվականների հունվար-նոյեմբեր ամիսներին իրականացված ավիափոխադրումների վերաբերյալ: 2014 թվականի հունվար-նոյեմբերին «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 1 մլն 931 հազար 554 ուղեւոր, ինչը շուրջ 332 376 ուղեւորով կամ 20,8 տոկոսով ավել է 2013 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ:
Հաշվետու ժամանակաշրջանում մեկնողների թիվը կազմել է 976.708 ուղեւոր (803.523 ուղեւորի փոխարեն, 2013 թվականի նույն ժամանակաշրջանում), իսկ ժամանել է 954.846 (795.652 ուղեւոր՝ 2013-ին): Մեկնողների եւ ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմում է 21. 862 մարդ (անցած տարվա 7.871 դիմաց):
Այսպիսով՝ ըստ պաշտոնական տեղեկության՝ անցած տարվա համեմատ երեք անգամ ավելացել է օդային ճանապարհով մեկնած-չվերադարձածների թիվը: Ինչպես հայտնի է՝ Ռուսաստանի Դաշնություն մեկնող մեր հայրենակիցները սովորաբար ձգտում են գնալ ցամաքային ճանապարհով՝ հատելով Վրաստան-Հայաստան սահմանը: Այս վիճակագրությունը փաստում է, որ 21.862 մարդ մեր երկրից անվերադարձ գնացել է ոչ միայն Ռուսաստանի Դաշնություն (որը շատ հայերի համար դարձել է աշխատանքի վայր), այլեւ ավելի հեռու, որտեղ անհնար է հասնել ցամաքային ճանապարհով, օրինակ՝ Եվրոպա, ԱՄՆ եւ այլն:
Իհարկե, ՀՀ միգրացիայի պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը կշարունակի պնդել, որ մեկնածներն աշխատանքային միգրանտներ են եւ կվերադառնան, սակայն իրականում ամեն հրապարակվող պաշտոնական վիճակագրություն հերքում է Եգանյանի այդ թեզը:
Ու եթե շարունակենք Սերժ Սարգսյանի «գաղջ մթնոլորտ»-ի տեսլականը, ապա պետք է արձանագրենք, որ, իսկապես, Հայաստանում կա առնվազն երկու ոլորտ, որտեղ մշտապես աճ է արձանագրվում. աղքատության եւ արտագաղթի տվյալներն ամեն եռամսյակում ՀՀ-ում աճի միտումներ են ցուցաբերում: Միայն թե անհասկանալի է, թե ինչ ծրագրեր է իրականացնում ՀՀ Կառավարությունը աղքատության վերացման կամ արտագաղթի կանխման անվան տակ: Օրինակ՝ այդպես էլ անհայտ մնաց, թե որտեղ եւ ինչ եղանակով ծախսվեց եվրոպական կառույցների կողմից Հայաստանին տրամադրված 1 մլրդ եվրոն, որով, իբրեւ թե, պետք է կասեցվեր արտագաղթը: Փաստորեն՝ ոչինչ էլ չի արվել, ինչպես միշտ: