Ինչպես տեղեկացրել էինք՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված, նախկինում ընդդիմության համար ավանդական դարձած, իսկ այսօր արդեն ոչ իշխանական եռյակի կազմակերպած երթը կայացավ առանց հիմնական առաջնորդների. Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը ներկա չէին երթին:
Չէ՞ին կարեւորում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը՝ հատկապես հրամանատարներին ծեծի ենթարկելու զազրելի արարքի պայմաններում, թե՞ այլեւս հասարակական նման միջոցառումներ անցկացնելու ժամանակ չունեն, դժվար է ասել, բայց որ երթն անցավ նախկին էնտուզիազմի ու կազմակերպչական դրսեւորումների բացակայության պայմաններում, փաստ է:
Երեկվա հրապարակային այդ միջոցառումը լավագույնս ցույց տվեց, որ 2013 թվականի ապրիլին առաջին նախագահ Լեւորն Տեր-Պետրոսյանի կողմից առաջ քաշված ծրագիր-ցանկությունը՝ «լավագույն հեղափոխությունը Հայաստանում բուրժուադեմոկրատական հեղափոխությունը կլիներ», թերեւս արդարացված չէ:
Ինչո՞ւ Հայաստանում (գոնե այսօրվա դրությամբ կամ տեսանելի ապագայում) չի կայանում բուրժուադեմոկրատական հեղափոխությունը: Բացատրությունը թերեւս մեկն է՝ բուրժուաները դեռ չեն ցանկանում գնալ դեմոկրատների նախանշած ճանապարհով: Իսկ թե ինչու չեն ցանկանում, դա բազում բացատրություններ կարող է ունենալ՝ սկսած ժամանակի սխալ հաշվարկից, վերջացրած պարտվելու անցանկալի հեռանկարով:
Այսօրվա դրությամբ պետք է արձանագրել, որ ունենք քաղաքական ոգեւորություն, պաթոս, որը թելադրվում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության կողմից, եւ գործողություններ ու ռեսուրսներ, որոնք ԲՀԿ-ի վերահսկողության տակ են: Առայժմ փողն ու ռեսուրսները չեն գնում «պաթոսի» հետեւից: Դրա համար երկվա երթը, թեեւ ուղեկցվում էր «Սերժիկ, հեռացի՛ր» վանկարկումներով, այնուամենայնիվ, ազդեցիկ չէր: Խոսքերն այլեւս ոչինչ են հայրենի քաղաքական դաշտում, եթե դրան չեն հետեւում կոնկրետ գործողություններ: Իսկ գործողությունները կարծես թե անորոշ ժամանակով կամ գուցե մինչեւ մյուս տարվա երկրորդ-երրորդ ամիսը հետաձգվել են: Եւ հիմա որքան էլ փորձեն ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները պաթոսով «կերակրել» հասարակությանը, չի ստացվելու:
Ի վերջո, Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն արել է այն՝ հավաքելով կես միլիոնից ավել ձայներ: Բայց հիմա նույնիսկ նա չի կարողանում մարդաշատ ակցիաներ իրականացնել: Խոսքերն ու դատարկ ոգեւորություններն ազդեցիկ չեն. այլ մեթոդներ են անհրաժեշտ որոնել, գտնել՝ գոնե տրամադրությունները «տաք պահելու» համար: