ԳԱԼՈՒՍՏԸ ՔԱՌՅԱԿԻՆ ՔԱՌԱՏԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երկրորդ դեմքն այսուհետ Գալուստ Սահակյանն է: Սա ոչ թե կատակ է, այլ՝ դառը իրողություն. երեկ խորհրդարանը փակ-գաղտնի քվեարկությամբ, 101 կողմ ձայնով ԱԺ նախագահ ընտրեց ՀՀԿ փոխանախագահ Գալուստ Սահակյանին, իսկ նրա մրցակից թեկնածուն՝ Հրանտ Բագրատյանը, ստացավ 3 ձայն:

ԱԺ նախագահի՝ ՀՀԿ-ական թեկնածուների մեջ մինչ այս ամենաշատ ձայն 2007թ.-ին ստացել է Տիգրան Թորոսյանը` 112 կողմ, այնուհետեւ 2008թ-ին` Հովիկ Աբրահամյանը` 110 կողմ: Սամվել Նիկոյանը 2011թ. ստացել էր 102 ձայն: Չնայած տարեցտարի նվազող ձայների, այնուամենայնիվ, երեկ, ՀՀԿ-ն ի ցույց դնելով քաղաքական դաշտի ողջ պերճանքն ու թշվառությունը` Գալուստ Սահակյանին 101 ձայնով ընտրեց ԱԺ նախագահ` զուտ կոալիցիոն նախկին գործընկերների՝ ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի շնորհիվ:
Ու սա այն դեպքում, երբ «հրաշալի քառյակ»-ի 3 ընդդիմադիր կուսակցությունները՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը բոյկոտեցին ԱԺ նախագահի ընտրությունները (ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն ինքնառաջադրվել էր՝ առանց խմբակցության հետ համաձայնեցնելու): Իսկ ահա Քառյակի մյուս ուժը՝ ԲՀԿ-ն, թեեւ հայտարարեց, որ խմբակցության պատգամավորներն ազատ են ԱԺ նախագահի ընտրությանը մասնակցելու հարցում, բայց գրեթե ողջ թիմով գնաց ու կողմ քվեարկեց Գ.Սահակյանին: ԲՀԿ-ից քվեարկությանը չմասնակցեցին Գագիկ Ծառուկյանը եւ կուսակցության քաղաքական թիմից մի քանի հոգի՝ Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանն ու Էլինար Վարդանյանը: «Ես չեմ մասնակցել ԱԺ նախագահի ընտրությանը եւ գիտակցված չեմ մասնակցել, քանի որ ազատ ընտրության իրավունք ունեմ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Վահե Հովհաննիսյանը: Իսկ ահա նույն քաղաքական թեւի մյուս ներկայացուցիչները՝ Նաիրա Զոհրաբյանը, Տիգրան Ուրիխանյանը, Վահե Էնֆիաջյանն ու Վահան Բաբայանը մասնակցեցին, ու դատելով արդյունքներից՝ կողմ էին քվեարկել. մի հանգամանք, որը, մեղմ ասած, շատ տարօրինակ է: Եթե ԲՀԿ գործարարների՝ իշխանության ներկայացուցիչներին «տակից օգնելը», կողմ քվեարկելը նույնիսկ օրինաչափ երեւույթ է, ապա քաղաքական թիմի պահվածքը չի տեղավորվում քաղաքական տրամաբանության ու Քառյակի հետ համագործակցության շրջանակներում, առավելեւս, երբ նախկինում ԲՀԿ քաղաքական թիմը նման դեպքերում իշխանական թեկնածուներին առնվազն կողմ չէր քվեարկում:
ԲՀԿ երեկվա պահվածքը ամենատարբեր մեկնաբանությունների տեղիք էր տվել՝ մասնավորապես շատերը դա որակում էին որպես Քառյակի գործընկերների նկատմամբ անհարգալից վերաբերմունք, Քառյակի փլուզման սկիզբ: Ու որքան էլ ԲՀԿ խմբակցության քարտուղար Ն.Զոհրաբյանը հայտարարի, թե իրենք Քառյակի հետ չեն քննարկել ԱԺ նախագահի ընտրությունները բոյկոտելու հարցը, որ «յուրաքանչյուր խմբակցություն կարող է իր դիրքորոշումն ունենալ, մեր դիրքորոշումն է` ազատորեն մասնակցել ընտրությանը», «քանի դեռ Քառյակը միասնական թեկնածու չի առաջադրել, իրենք ազատ են իրենց գործողություններում», միեւնույն է՝ նրա խոսքերը հավատ չեն ներշնչում: Ի դեպ, այսօր կայանալու է «հրաշալի քառյակ»-ի նիստը, եւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռ.Հակոբյանը երեկ ակնարկել է, որ նիստում կքննարկվի եւ կպարզաբանվի ԱԺ նախագահի ընտրություններում ԲՀԿ-ի պահվածքը:
Նույն վարքագիծը դրսեւորեց նաեւ ՕԵԿ-ը. այս կուսակցությունն իրեն ընդդիմադիր հայտարարելուց հետո թեեւ նախօրեին Քառյակի նման հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելու մասին, սակայն միաժամանակ նրանք եւս մասնակցեցին ԱԺ նախագահի ընտրություններին: ՕԵԿ-ից չմասնակցեց միայն խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, թեեւ՝ ԱԺ-ում էր: Երեկ բացակայում էր նաեւ ՕԵԿ-ական Կարեն Բոթոյանը: Իսկ ՕԵԿ մյուս պատգամավորները «նախկին իներցիայով» կողմ քվեարկեցին Գ.Սահակյանին: Ընդ որում, մինչեւ ընտրությունները նրանք լրագրողների հետ զրույցում պնդում էին՝ եթե Բագրատյանը չառաջադրվեր, ՕԵԿ-ը միգուցե բոյկոտեր իշխանությունների՝ մեկ թեկնածուով քվեարկությունը: Այնինչ, ընտրությունների արդյունքներից հետո պարզվեց, որ ՕԵԿ-ը քվեարկել էր ոչ թե Բագրատյանի, այլ՝ Գ. Սահակյանի օգտին:
Իհարկե չի բացառվում, որ ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ն առաջիկայում հայտարարեն՝ Գ. Սահակյանին կողմ են քվեարկել ոչ թե քաղաքական, այլ՝ մարդասիրական նկատառումներից ելնելով, որ 66-ամյա Գրիգորիչը վատ չզգա իրեն:
Հ.Գ. Գալուստ Սահակյանը երեկ ընտրվելուց հետո հանդիսավորությամբ, դեմքի լուրջ արտահայտությամբ բարձրացավ ԱԺ նախագահություն, ձեռքով ողջունեց իր նոր տեղակալներին` Էդուարդ Շարմազանովին ու Հերմինե Նաղդալյանին: Հետո մի տեսակ դժվարությամբ նստեց ԱԺ նախագահի աթոռին. նույնիսկ փորձեց աթոռը մոտեցնել սեղանին, չստացվեց: «Բարով կառավարես»,- հնչեց դահլիճից: ԱԺ նիստից հետո Սահակյանը գնաց ոչ թե երրորդ հարկի նոր աշխատասենյակ, այլ՝ ՀՀԿ խմբակցություն:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

ՄԱՆՈ՞ՒԿ, ԹԵ՞ ՄԱՐՏԻՆ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանը կրկին նշանակվելու է իր վաղեմի պաշտոնին: Բանն այն է, որ Երվանդ Զախարյանի՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնում նշանակելուց հետո այդ պաշտոնը թափուր է մնալու: Բայց թե որքանով է իրական դառնալու այդ նշանակումը, ցույց կտա ժամանակը, քանի որ երեկ շրջանառության մեջ դրվեց եւս մեկ հավանական թեկնածուի` Շենգավիթ վարչական շրջանի նախկին թաղապետ Մարտին Սարգսյանի անունը: Մարտին Սարգսյանի թեկնածությունը հավանական է համարվում այնքանով, որ վերջինս վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմ ընկերն է:

 

ԴԵՍՊԱՆԻ «ՊԵՊՍԻ»-Ն
Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Արսենյանն իրեն պատկանող «Պեպսի» ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը վաճառել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին: «Պեպսի» ընկերությունն այժմ կառավարում է դեսպանի որդին: Armlur.am-ը փորձեց պարզել տեղեկության ճշմարտացիությունը Աշոտ Արսենյանից: Վերջինս միայն հաստատեց, որ ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը վաճառված է: Իսկ թե երբ է վաճառվել, ով է բաժնեմասի սեփականատերը, եւ այլ մանրամասներ պատգամավորը չցանկացավ նշել:

 

ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻ ՓԱԽՈՒՍՏԸ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Ռուբեն Հայրապետյանի որդին` Ռաֆիկ Հայրապետյանը, ով «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ղեկավարն է, ակումբի ֆուտբոլիստ Արման Հովհաննիսյանի խաղից դժգոհել է եւ հրավիրել է հանդերձարան ` «դաս տալու»: Սակայն ֆուտբոլիստը չի հանդուրժել ակումբի ղեկավարության նման մոտեցումն ու իր հետ հայհոյանքներով խոսելաոճը` հարվածել է Ռաֆիկ Հայրապետյանին եւ հոր ու որդու հայհոյանքների տարափի ներքո դիմել փախուստի: Երեկ, «ժողովուրդ»-ին չհաջողվեց Հայրապետյաններից միջադեպի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ, փոխարենը «Փյունիկ»-ը հերքող հայտարարություն տարածեց. «Փյունիկ»-«Գանձասար» հանդիպման ընդմիջմանը Արման Հովհաննիսյանը անձնական լուր է ստացել ընտանիքից եւ անմիջապես վերցրել է հեռախոսն ու դուրս վազել: Այնուհետեւ ֆուտբոլիստը, բնականաբար, չի կարողացել շարունակել հանդիպումը»:

 

ԹՈԽՄԱԽԻ ՃԻՇՏԸ
ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, երեկ հերթական անգամ աչքի ընկավ իր պահվածքով. չնայած ԱԺ նախագահի ընտրություններն անցկացվում են փակ-գաղտնի, սակայն նա որոշել էր բաց քվեարկել: Սեդրակյանը քվեախուց մտավ ՀՀԿ-ական Հովհաննես Սոֆոյանի հետ, այնուհետեւ դուրս եկավ առանց քվեաթերթիկը ծալելու: «Նայի տես ճիշտ ե՞մ քվեարկել»,-քվեաթերթիկը ցույց տվեց ՀՀԿ-ական Արայիկ Հովհաննիսյանին, ում դրական պատասխանը ստանալուց հետո այն գցեց արկղի մեջ:

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԿԴԻՄԵՆ ԳՈՐԾԱԴՈՒԼԻ
Երեկ մի խումբ մանկավարժներ «Դեմ եմ» նախաձեռնության հետ միասին հավաքվել էին ՀՀ ԿԳ նախարարության դիմաց` վերստին բողոքելու կուտակային կենսաթոշակային համակարգի «պարտադիր» բաղադրիչի դեմ: Մանկավարժների պնդմամբ` իրենց աշխատավայրերում մինչեւ անցյալ ամիս կատարվել են բոլոր պահումները: Իսկ այս ամիս դեռեւս չգիտեն, թե իրենց ինչ է սպասվում: «Մենք պահանջում ենք նաեւ, որ ԿԳՆ ոլորտի՝ առանց այն էլ ցածր աշխատավարձերից պահումներ չանեն: Մեր աշխատավարձերն առանց այն էլ մեզ չեն բավականացնում՝ օրվա հացի խնդիր լուծելու համար: Ինքս ստանում եմ 32 հազար դրամ աշխատավարձ, չնայած ունեմ 17 տարվա աշխատանքային փորձ: Բայց այսօր մեր նախարարի գրչի մեկ հարվածով մենք կորցրել ենք ե՛ւ մեր դասաժամերը,ե՛ւ մեր աշակերտներին ու, հազար ներողություն, աղքատավարձ ենք ստանում, ոչ թե աշխատավարձ: Մենք հստակ խնդիր ենք դրել նախարարի առջեւ, որ եթե նա մեր պահանջները չկատարի, մենք պատրաստ ենք գործադուլի, որովհետեւ համբերության բաժակը մի օր, ի վերջո, լցվում է եւ թափվում»,-168.am-ին ասել է Երեւանի թիվ 50 դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին:

 

ՎԱՐԴԱՆԻՆ ՏԱՐԱՆ ԲԱՆՏ
Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի տեղեկացմամբ` իր պաշտպանյալին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:ԱՆ ՔԿՀ ներկայացուցիչների պնդմամբ` Վարդան Պետրոսյանը կարող է բուժումը շարունակել արդեն ստացիոնար ձեւով:

 

ԱՉՔԱԿԱՊՈՒԹՅՈՒՆ
Անդրադառնալով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին` ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ սպասվածից ամբողջովին տարբեր նախագիծ է ներկայացվել: «Ցավում եմ, բայց, չնայած վարչապետի խոստմանը, նաեւ աշխատանքային քննարկումներին եւ համաձայնեցումներին, լրիվ ուրիշ նախագիծ է ներկայացվել խորհրդարան, որը չի ապահովում հիմնական մտահոգությունների փարատումը՝ մինչեւ հիմնարար փաթեթի պատրաստումը: Դա նշանակում է, որ առաջին փուլում, ինչպես նախատեսված էր, պետք է հասարակության մեջ լարվածությունը թուլացնելու, պարտադիր բաղադրիչը կասեցնելու եւ այն կամավորի վերածելու ուղղությամբ կոնկրետ 3 խնդիրներ լուծվեին, բայց դրանցից որեւէ մեկն ամբողջությամբ լուծված չէ»,-168.am-ին ասել է պատգամավորը:

 

ՍԱԴԻՍՏ ԴԱՍՏԻԱՐԱԿՆԵՐԸ
Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատությունում դաստիարակները, որպես պատժի միջոց, երեխաներին ստիպում են կանգնած վիճակում մասնակցել դասապրոցեսին: Այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանության աշխատակազմը։ Կիսաբաց դռնից հետեւելով պարապմունքին՝ օմբուդսմենի ներկայացուցիչներն ականատես են եղել, թե ինչպես է ուսուցիչը գրչով հարվածում աշակերտներից մեկի մատներին եւ անվայել արտահայտություններով դիմում նրան: Բացահայտվել են նաեւ սննդի պահման պայմանների խախտումներ:




Լրահոս