«ՈՒՆԵՑԱՆՔ Ե՛Վ ՄԱՅԴԱՆԻ ՀԵՐՈՍ, Ե՛Վ ԴՈՆԵՑԿԻ ՀԵՐՈՍ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի Դոնեցկի հայ համայնքի ղեկավար Գագիկ Աղավելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքում ապրիլի 13-ին Ռուբեն Ավանեսյանի սպանությունն, ասաց, որ տղային սպանել են ռուսամետ կողմնորոշում ունենալու համար: Ավելին՝ ըստ համայնքի ղեկավարի՝ երիտասարդի ծնողները դեպքից հետո են իմացել, որ իրենց որդին քաղաքականությամբ է զբաղվում:

Հիշեցնենք, որ նշված օրը անհայտ անձինք փորձել էին կանգնեցնել Ռուբենի մեքենան, իսկ վերջինս հրաժարվել էր ենթարկվել նրանց, ինչի արդյունքում հնչել էին կրակոցներ: Ռուբենն Ուկրաինայի քաղաքացի էր, բնակվում էր Դոնեցկում: Հայտնի չէր , թե ինչ նպատակով էր նա մեկնել Սլավյանսկ:
Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը հայ երիտասարդի սպանության, ինչպես նաեւ այս օրերին Դոնեցկի մարզում տիրող իրավիճակի շուրջ զրուցեց Դոնեցկի հայ համայնքի ղեկավար Գագիկ Աղավելյանի հետ:
-Պարոն Աղավելյան, ինչպիսի իրավիճակ է Դոնեցկի հայ համայնքում: Ինչպիսի տրամադրություններ են գերիշխում՝ ռուսամետ, թե արեւմտամետ:
-Ամեն ինչ կարգին է, մարդիկ իրենց սովորական կյանքով ապրում են եւ աշխատում: Իսկ տրամադրության մասով մի բան կասեմ. ամեն մարդ իր սեփական խելքն ունի ու մոտեցումները տարբեր են:
-Հայկական գործոնը օգտագործելու վտանգ տեսնո՞ւմ եք` հաշվի առնելով, որ մի քանի զոհ ունեցանք:
-Եթե որոշ մարդիկ որոշել են ինչ-որ ուղղությամբ գնալ, ապա դա չի նշանակում, որ իրենք համայնքին էլ պետք է խառնեն այդ որոշումներին: Այս մի քանի զոհերի հարցով չի կարող ու չի լինի այնպես, որ հայկական գործոնը օգտագործվի:
-Հետաքրքիր է, ՀՀ իշխանությունները կամ, առհասարակ, Սփյուռքի նախախարությունը այս ընթացքում որեւէ աջակցություն, որեւէ քայլ կատարե՞լ է:
-Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ անձամբ միշտ կապի մեջ եմ: ԱՊՀ երկրների բաժնի վարիչի՝ Էդգարի հետ միշտ կապ ունենք: Սփյուռքի նախարարությունը միշտ օգնել է տարբեր հարցերով:
-Կասե՞ք՝ կոնկրետ որքան հայ կա այժմ Դոնեցկում, եւ արդյոք նրանց բիզնեսը չի՞ տուժում ստեղծված իրավիճակից:
-Դոնեցկի մարզն ամենամեծ հայաբնակ շրջանն է Ուկրաինայում, այստեղ ապրում է մոտ 80.000 հազար հայ: Մեր գործարար հայերը ոնց աշխատել, այդպես էլ շարունակում են աշխատել: Ես նման խնդիր դեռ չեմ նկատել:
-Ուկրաինայի պառակտման գործընթացը շարունակվում է: Դուք՝ որպես հայ համայնքի ղեկավար, մտավախություն չունե՞ք, որ հայ համայնքի միջեւ եւս խնդիրներ կառաջանան:
-Այդ վտանգը տեսնում ենք, Ղրիմի հայ բնակչությունը մեր համայնքի մեջ էր ու նա առանձնացավ: Չգիտենք՝ այս ամենի վերջը ինչ կլինի: Եթե ընդհանուր ժողովուրդն առանձնանա հո ինձ չի հարցնելու, թե դու ուզում ես, թե չես ուզում: Դա այն հարցն է, որ ես չեմ կարող որոշել եւ ոչ էլ կարող է որոշել Ուկրաինայի հայ համայնքի ղեկավար պարոն Շատվորյանը: Եթե մեր ասածը կլսեն, կընդունեն, ուրեմն մենք ամեն ինչ կանենք մինչեւ վերջ:
-Իսկ համայնքի հետ տարվո՞ւմ են կոորդինացման աշխատանքներ, որ միասնական մոտեցում լինի այս հարցում:
-Մեծամասնության հետ կարողանում ենք, ասում ենք, որ քաղաքականությունը կեղտոտ բան է, մենք չգիտենք՝ ինչ կլինի, դրա համար ավելի լավ է չեզոք դիրքում մնալ: Օրինակ՝ մենք զոհեր ունեցանք, առաջին զոհը Սերգեյ Նիգոյանն էր, ում Մայդանի հերոս հռչակեցին, երկրորդը Գեորգի Մուրադյանն էր, ում եւս հերոս հռչակեցին, եւ երրորդը Ռուբեն Ավանեսյանն էր, ում Դոնեցկում սպանեցին, եւ ռուսամետները նրան հերոս հռչակեցին:
-Դուք ինքներդ՝ որպես Դոնեցկի հայ համայնքի ղեկավար, այցելե՞լ եք հայ երիտասարդի հարազատներին, փորձե՞լ եք հասկանալ, թե ինչու սպանեցին տղային, քանի որ նրա հարազատներն ասել էին, թե տղան քաղաքականությամբ չէր զբաղվում, ուստի սպանությունը քաղաքական հողի վրա չի եղել:
-Անձամբ չեմ գնացել, բայց իմ տեղակալներն են հանդիպել, նույնիսկ գումար ենք տրամադրել: Ռուբենը պատահական զոհ չէր, նա նորմալ երիտասարդ էր, նրան լավ ճանաչում էի: Նրա մահվանից հետո ծնողները նոր իմացան, թե ինչով է իրենց երեխան զբաղվել: Ասում են՝ ռուսամետ կողմն է պաշտպանել, դրա համար էլ այդպես եղավ: Իր ջահել կյանքը նվիրեց իր մտածելակերպին: Մենք մի փոքր մասնիկ ենք 45 միլիոնանոց այս երկրում: Ուկրաինայում ընդհանուր ապրում է մոտ 550.000 հայ, ու ամենաշատ հայ բնակվում է Դոնեցկի մարզում: Կրկնում եմ՝ եթե ժողովուրդն ասի՝ ես ուզում եմ գնալ այս ուղությամբ, ես ոնց կարող եմ ասել՝ չէ, ես չեմ ուզում այդ ուղղությունը: Ինձ ոչ ոք հաշվի չի առնի ու բանի տեղ չի դնի: Հայերը միշտ ամեն տեղ հարմարվել են ու հարմարվող են: Հիմա այստեղ մայիսի 11-ին Հանրապետության հռչակագրի օր են հայտարարել, իսկ մայիսի 25-ին մյուս կողմը նախագահական ընտրություն է հայտարարել: Մենք պետք է Ժողով անենք ու հասկանանք, թե ինչ է ուզում հայ համայնքը: Մի ստվար զանգված ռուսամետ է, մի ստվար զանգված՝ արեւմտամետ, դեռ ոչինչ հայտնի չէ, թե ինչ կորոշենք:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԼՈՒՐԵՐ

ԱՊՕՐԻՆԻ ԴՐԱՄԱՀԱՎԱ՞Ք
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Երեւանի թիվ 29 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Սարուխանյանն ապօրինի դրամահավաք է կազմակերպել դպրոցում, ինչի համար էլ առաջիկայում Կրթության եւ գիտության նախարարության կողմից ստանալու է նկատողություն: Սակայն լսելով հարցը, դպրոցի տնօրենը ծիծաղեց, ապա ավելացրեց. «Հեռախոսով ես չեմ կարող ձեր հարցերին պատասխանել: Եթե հետաքրքրող հարցեր ունեք, ապա համեցեք դպրոց: Մենք հիմա շատ զբաղված ենք»:

 

ՊՈՒՐԱԿԱՍԵՐ ԹԱՂԱՊԵՏԸ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Երեւանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը սեփական նախաձեռնությամբ որոշում է կայացրել Արամ Խաչատրյան եւ Գյուլբենկյան փողոցների հատման մասում առկա սպասարկման եւ առեւտրի օրինական կետերը, որոնք մի շարք քաղաքացիների համար ապրուստի միջոց են հանդիսանում, փոխարինել պուրակով: Թաղապետի այս ծրագրերի մասին, սակայն, տեղյակ չէ Երեւանի քաղաքապետը, իսկ շենքերի բնակիչները նախապատրաստվում են բողոքի ակցիաներ իրականացնել: Թաղապետը «ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց, որ` այո, ցանկանում են սպասարկման կետերի փոխարեն պուրակ կառուցել: «Դրանք անօրինական տարածքներ են, միայն վուլկանիզացիայի կետ կա, որի ժամկետը լրացել է եւ այժմ այդ անտեր, անշուք, անօրինական բաները հանում ենք, եւ ինչպես մի քանի խաչմերուկ վերեւ Արամ Խաչատրյանի կիսանդրին է դրված, այդտեղ նունպես կառուցելու ենք գեղեցիկ այգի»,- ասաց Հրայր Անտոնյանը:

 

ԹՈՇԱԿԸ ՁԳՁԳՎՈՒՄ Է
«Ժողովուրդ»-ը դեռեւս այս տարվա փետրվարի 7-ին գրել էր, որ Ազգային ժողովի՝ փետրվարի 4-ին ընդունած օրենքների համաձայն՝ ՍԴ անդամների կենսաթոշակը կբարձրանա մինչեւ 450-500 հազար դրամ։ Այս հանգամանքը մյուս դատավորների մոտ խիստ դժգոհություն էր առաջացրել եւ վերջիններս Սերժ Սարգսյանին, ՀՀ կառավարությանը, Աժ նախագահին նամակ էին գրել՝ արտահայտելով իրենց դժգոհությունը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին դատավորները փորձել են հասկանալ, թե ինչ եղավ իրենց նամակի ճակատագիրը: Արդյունքում, մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունից դատավորներին ասել են, թե նախարարի փոխվելուց հետո ձեր նամակին կարձագանքենք:

 

ՇԱՏԵՐԻՆ Է ԿԱՍԿԱԾՈՒՄ
Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի սպանված նախկին ղեկավար Հրաչ Մուրադյանի կինը՝ Լարիսա Մուրադյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իր ամուսնուն սպանողը մեկը չի եղել, այլ շատ են եղել. «Եթե իմ ամուսինը Հանրապետական կուսակցությունից լիներ նրա հետ նման բան չէր լինի, սա քաղաքական սպանություն էր: Ես շատ մարդկանց եմ կասկածում: Ավելին՝ դա արեցին նրանք, որոնց ձեռք չէր տալիս, որ իմ ամուսինն այդ աթոռին նստեր: Ես հիմա էլ ոչինչ չեմ ասի, կսպասեմ քննությանը, քանի որ ինձ ասում են՝ աշխատանքներ են իրականացնում»: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ական Հրաչ Մուրադյանին սպանել էին 2013թ. ապրիլի 2-ին հենց գյուղապատերանի մուտքի առաջ: Իսկ սպանությունը դեռ բացահայտված չէ:

 

 

 
ԲԼԹ

«Սահմանադրության որոշ հոդվածներ կարգախոսային են, ոչ հստակ, խրթին ձեւակերպումներով, եւ այդ իսկ պատճառով խնդիրներ են առաջացնում իրավակիրառական պրակտիկայում»:

Գագիկ Հարությունյան «Առավոտ»

Տարօրինակ է, որ խրթին, ոչ հստակ ձեւակերպումներից խոսում է մի պաշտոնյա, ում կառույցի` Սահմանադրական դատարանի ընդունած որոշումները բոլորին այս երկրում գցում է իրավական կազուսի մեջ, ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե ինչ էր ուզում ասել Սահմանադրական դատարանը, իսկ իշխանություններին էլ ոնց ձեռք է տալիս, այդպես էլ կիրառում են Գագիկ Հարությունյանի ընդունած որոշումները: Հետաքրքիր է, Սահմանադրական դատարանի նախագահը երբեւէ ինքնուրույն կնկատի, որ առաջին հերթին կարգախոսային են իր իսկ կայացրած որոշումները, հյուսված` ոչ հստակ ու խրթին ձեւակերպումներով:

 

 

 

 

«Գալուստ Սահակյանն ամենաերիտասարդ կադրերից մեկն է, որովհետեւ մարդկանց պետք է գնահատել ոչ թե տարիքով, այլ փորձով, կուսակցական կերպարով, անցած ճանապարհով: Փառք Աստծո, երիտասարդները շատ լավ էլ ներգրավված են, գուցե ավելի շատ, քան պետք է»:

Համլետ Հարությունյան Yerkir.am

Դե, նայած ում հետ համեմատես, օրինակ, եթե համեմատենք այս խոսքերի հեղինակի հետ, ով ՀՀԿ ծերակույտի վաստակաշատ անդամ է, ապա նույնիսկ Գալուստ Սահակյանը կարող է Համլետ Հարությունյանի ֆոնին երիտասարդ երեւալ: Կամ էլ Գ.Սահակյանը կարող է երիտասարդ լինել Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ դառնալու համար, որտեղ նա իսկապես երիտասարդ կլինի: Իսկ եթե առանց համեմատությունների, ապա Գալուստ Սահակյանը երիտասարդ չէ ոչ միայն իր տարիքով, այլ նաեւ փորձով, կուսակցական կերպարով, անցած ճանապարհով: Իսկ երիտասարդները Հայաստանում լավ ներգրավված են միայն արտագաղթի գործընթացում:

 

 

 
«Հա, կուզեմ, տո լավ էլ կուզեմ ԱԺ նախագահ լինել… Տո ո՞վ ա ինձ բանի տեղ դնում»:

Մհեր Սեդրակյան «ՉԻ»

Եթե Մհեր Սեդրակյանը, Առաքել Մովսիսյանն ու նման վարքի տեր մարդիկ դարձել են ՀՀԿ-ական պատգամավոր, հայհոյել ԱԺ-ում, ցուցաբերել փողոցայինին վայել պահվածք եւ շարունակել են մնալ պատգամավոր, եթե Գալուստ Սահակյանը կարող է դառնալ ԱԺ նախագահ, ապա ինչո՞ւ Մհեր Սեդրակյանը չի կարող լինել ԱԺ-ում` ՀՀԿ խմբակցության ղեկավար: Մեր երկրի պարագայում դա նորմալ կլինի, քանի որ նման պատասխանատու գործեր ստանձնելու համար կրթված լինելը պարտադիր չէ: Կարեւորը՝ ունենալ փող, լծակներ քրեական աշխարհում, ծնոտ կոտրելու ունակություն, հայհոյել իմանալ, ունենալ թիկնազոր, որ հարկ եղած դեպքում մարդ ծեծի:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս