«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողվի անդամ, ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի ղեկավար Գեւորգ Դանիելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հայաստանում ինչպես սահմանադրական, այնպես էլ քաղաքական ճգնաժամ չկա:

-Պարոն Դանիելյան, ըստ Ձեզ` որն էր հենց այս փուլում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը:
-Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունն ընդգծված է անմիջապես քննարկման դրված հայեցակարգի նախագծում: Մասնավորապես, ընգծված են զարգացումների այս փուլում ակնհայտ դարձած խնդրահարույց սահմանադրական դրույթները, որոնց համարժեք վերանայումը միտված կլինի միջազգային հիմնարար արժեքներն առավել խորությամբ հաշվի առնելուն, մարդու, նրա իրավունքների, ազատությունների ու արժանապատվության պաշտպանության երաշխավորվածությանը, իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման սկզբունքի հետեւողական իրացմանը, Ազգային ժողովի օրինաստեղծ գործունեության շրջանակների եւ վերահսկողական լիազորությունների ընդլայնմանը, սահմանադրական արդարադատության համակարգի արդյունավետության բարձրացմանը, հանրաքվեի ինստիտուտի արմատական վերաիմաստավորմանը, տեղական ինքնակառավարման համակարգը քաղաքական համակարգի լիարժեք բաղադրիչի վերածելուն եւ այլն:
-Կա՞, արդյոք, սահմանադրական ճգնաժամ ՀՀ-ում:
-Ինչպես սահմանադրական, այնպես էլ քաղաքական ճգնաժամ չկա, սակայն հարկ է նկատել, որ սահմանադրական բարեփոխումների էությունը հենց այդպիսի ճգնաժամի կանխարգելումն է: Իհարկե, միջազգային քաղաքական զարգացումները օրինաչափության են վերածել այն, որ քաղաքական ցնցումների, ճգնաժամի իրավիճակում կատարվում են հապճեպ սահմանադրական փոփոխություններ: Սակայն չենք կարող չնկատել, որ այդ կարգի սահմանադրական վերաձեւումներն անխուսափելիորեն հանգեցնում են ձախողումների, իսկ արդեն կարճ ժամանակ անց իրավաչափորեն ծագում է համակարգված ու կշռադատված բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտություն:
Ընդհանրապես, իրավիճակային լուծումները, առավելեւս պետության հիմնական օրենքի պարագայում, երբեւիցե արդյունավետ համարվել չեն կարող:
Մյուս կողմից՝ այն հիմնախնդիրները, որոնք մատնանշեցի, ոչ թե սահմանադրական ճգնաժամի ցուցիչ են, այլ՝ այնպիսի նախադրյալներ, որոնք ստեղծելով որոշակի խոչընդոտներ, միաժամանակ, ընդգծում են դրանց հաղթահարման համար հիմնավորված լուծումներ առաջադրելու անհրաժեշտությունը: Իսկ թե ինչո՞ւ ժամանակին դրանք չեն նկատվել ու համարժեք քննարկման նյութ չեն դարձել, դա արդեն բազմաասպեկտ խնդիր է: Միշտ չէ, որ դրանք միտումնավորության կամ անհամաչափ մասնագիտական մոտեցման արդյունք են:
-Ձեր գնահատմամբ` գործող Սահմանադրության հատկապես ո՞ր դրույթներն են խնդրահարույց:
-Դրանց մի մասն արդեն նշեցի, սակայն, անդրադառնալով Ձեր հարցի որոշ` դեռեւս քննության առարկա չդարձած ասպեկտներին, նպատակահարմար եմ համարում հակիրճ առանձնացնել նաեւ այնպիսիք, որոնք, իմ կարծիքով, միանշանակ խոչընդոտում են ոչ միայն պատշաճ իրավական մշակույթի ձեւավորմանը, այլեւ սոցիալ-տնտեսական խնդիրների արդյունավետ լուծմանը: Ինչ եք կարծում, կարո՞ղ ենք խոսել սոցիալ-տնտեսական խնդիրների արդյունավետ լուծման ու համալիր արմատական բարելավումների մասին, երբ դեռ գործ ունենք Սահմանադրությանը հակասող անհարկի մեծաքանակ օրենսդրական ակտեր ընդունելու երեւույթի հետ: Չէ՞ որ ցանկացած խնդրի լուծման հիմքում դրված է կոնկրետ իրավական ակտ, որի ձախողումն անխուսափելիորեն հանգեցնում է այս կամ այն սոցիալ-տնտեսական ծրագրի ձախողմանը: Մյուս կողմից՝ որակյալ օրենսդրական ակտեր ընդունելու համար առնվազն անհրաժեշտ են սահմանադրական մի շարք էական նորամուծություններ, որպեսզի ոչ միայն խոտանը բացահայտվի սահմանադրական արդարադատության փուլում, այլ` նախապես, որպեսզի սահմանադրական արդարադատության արդյունքներով կայացված որոշումները ունենան գործնական ազդեցություն:
-Այդուամենայնիվ, պրն. Դանիելյան, անցած երկու տասնամյակի ընթացքում Սահմանադրությունը երրորդ անգամ խմբագրելը շատ չէ՞: Նորմա՞լ եք համարում Սահմանադրության հաճախակի փոփոխությունը:
-Ոչ, նորմալ չեմ համարում: Սակայն, եթե նկատի ունեք, որ կոնկրետ այս փուլում նախաձեռնած բարեփոխումների գործընթացը կարող է գնահատվել հաճախակի, ապա դա հեռու է իրականությունից: Ընդ որում, բացարձակապես տեղին չէ նաեւ միջազգային փորձին հղում անելը, քանզի հենց վերջինիս հետ համադրումն է բացահայտում, որ մեր երկրում առնվազն անհիմն է խոսել, այսպես կոչված, հաճախակի փոփոխությունների մասին:
Հարկ եմ համարում ընդգծել նաեւ, որ սույն սահմանադրական բարեփոխումների գերնպատակներից է նաեւ այն, որ համալրման միջոցով հնարավորինս ողջամիտ համակարգի բերվեն բոլոր այն լծակները, որոնք ի զորու են ապահովել սահմանադրականության զարգացումը:
-Որքա՞ն ժամանակ են տեւելու հանրային քննարկումները:
-Հանձնաժողովին հանրային լսումներ անցկացնելու համար ժամկետ է տրված մինչեւ ս.թ. հուլիսի 30-ը: Հանձնաժողովի տարբեր անդամներ, այդ թվում՝ վերջինիս նախագահ Գագիկ Հարությունյանը, տարբեր ձեւաչափերով քննարկումներ են անցկացրել ինչպես մասնագետների ու քաղաքական որոշ կուսակցությունների, այնպես էլ լրագրողների մասնակցությամբ: Ընդ որում, հանձնաժողովի որոշմամբ՝ հանրային լսումների մի ամբողջ շարք է նախատեսված իրավական թեքում ունեցող երկու ճանաչված կազմակերպությունների` «Իրավաբանների միության» եւ «Սահմանադրական իրավունքի կենտրոն»-ի կողմից, որոնք ղեկավարվում են համապատասխանաբար հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանի եւ իմ կողմից:

Զրուցեց ՏԻՐԱՅՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

 

 

 
ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՓՈ՞ՐՁ, ԹԵ՞ ՓՈՐՁԱՆՔ

ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից այս տարի կիրականացվի համայնքների խոշորացման պիլոտային ծրագրերի երկու տարբերակ՝ ծրագրային եւ վարչական: Մեր տեղեկություններով՝ ԵՄ-ն այս ծրագրի համար բավականին խոշոր դրամաշնորհ է տվել Հայաստանի կառավարությանը:

Համայնքների խոշորացման ծրագիրը կընդգրկվի Դիլիջանի, Ծաղկաձորի, Տաթեւի եւ Ջերմուկի` ընդհանուր առմամբ 14 համայնքներում: Ի դեպ, նախատեսվում է նաեւ Մեղրիի տարածաշրջանը մեկ խոշոր համայնք դարձնել, որի մեջ կմտնեն՝ Մեղրի, Ագարակ քաղաքները եւ հարեւան համայնքները: Այդ հեռանկարից Մեղրիի տարածաշրջանի բնակիչները խիստ մտահոգված են, ավելին՝ նրանք այս առիթով առաջիկայում պատրաստավում են բողոքի ակցիաներ անցկացնել:
«Ժողովուրդ»-ին ահազանգած մեղրեցիները մտահոգված են այս հարցով, քանի որ վստահ են, որ այս ծրագիրն արդյունավետ չի լինի: Իսկ համայնքապետերը լիարժեք տեղեկացված չեն ծրագրին: Նրանց խոսքով՝ եթե յուրաքանչյուր գյուղապետարանում աշխատում էր 5-6 մարդ, ապա նրանց թիվը կտրուկ կնվազի:
Սակայն պատկան մարմինները շտապում են հավատացնել, որ ոչինչ չի ձեռնարկվելու առանց բնակիչների հետ համապատասխան քննարկումներ անցկացնելու: Նշենք, որ համայնքների խոշորացման ծրագրով նախ՝ պետք է լուծվի փոքրաթիվ՝ 30, 40, 50 բնակիչ ունեցող համայնքներին տրվող դոտացիաների հարցը:
Կապանի տարածաշրջանի Եղվարդ համայնքի ղեկավար Սպարտակ Զաքարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այս ծրագիրը լուրջ ուսումնասիրություն է պահանջում: «Ճիշտ կլինի, որ պետությունը մտածի համայնքների տնտեսության զարգացման համար, այլ ոչ թե դրանք իրար միացնի: Սյունիքի մարզին վերաբերվող ծրագրին ես դեռ ծանոթ չեմ: Սա ոչ մի արդյունք չի տալու, մարդ չի մնալու, գնալու են: Սրա արդյունքում գործազուրկների թիվը կավելանա: Գոնե մինչեւ գործընթացի սկսվելը քննարկումներ անցկացվեն: Թող գան տեսնեն, որ մենք էլ ենք բան հասկանում, թող ապացուցեն մարդկանց, որ սա դրական արդյունք կունենա: Ճիշտ է, ցավալի է, որ գյուղերում շատ քիչ թվով մարդ է մնացել, բայց, ամեն դեպքում, պետք է այս հարցը մանրամասն քննարկվի»,-առաջարկեց գյուղապետը:
Տեղեկացնենք, որ հանրապետության 915 համայնքներից 442-ը (440 գյուղական եւ 2 քաղաքային) կամ 48%-ը ունի 1.000-ից պակաս բնակչություն: Ըստ բնակչության թվի` ամենամեծ գյուղական համայնքը Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքն է, ամենափոքրը` Սյունիքի մարզի Քաշունին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՄԱՐԶՊԵՏԻՆ ՉԵՆ ՓՈԽԻ
Չնայած այն բանին, որ ՕԵԿ-ը հայտարարել է ընդդիմադիր դաշտ տեղափոխվելու մասին, Տավուշի մարզպետի տեղակալ, «Օրինաց երկիր» կուսակցության Տավուշի մարզային կազմակերպության ղեկավար Վահե Վարդապետյանը շարունակում է պաշտոնավարել: Նախկինում Վահե Վարդապետյանը դիմում էր գրել աշխատանքից ազատվելու վերաբերյալ, սակայն այն մինչ այժմ չի բավարարվել: Իջեւանի ավտոձեռնարկության սեփականատեր Վահե Վարդապետյանը 2012թ. խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով որպես թեկնածու առաջադրվել էր Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքում: Սակայն այդ ընտրատարածքից պատգամավոր վերընտրվեց «Երեւանի գարեջուր» ընկերության համասեփականատեր Հակոբ Հակոբյանը: Նշենք, որ Վահե Վարդապետյանը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի խնամին է. Վահեի դուստրը մարզպետի կրտսեր որդու կինն է:
Հանրապետական մամուլում նաեւ տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ազատվելու է պաշտոնից, իսկ նրա փոխարեն նշանակվելու է ՀՀԿ Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Հովիկ Աբովյանը: Սակայն «Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրները հայտնեցին, որ Հայաստանի ամենաերկարակյաց մարզպետ, ավելի քան 15 տարի Տավուշի մարզը ղեկավարող Արմեն Ղուլարյանը մտադիր չէ այլ աշխատանքի անցնել, իսկ նրան պաշտոնից ազատելու մասին լուրերը հավաստի չեն: Նշենք, որ Հովիկ Աբովյանը Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետն է, նա մի շարք բիզնեսներ ունի Հայաստանում եւ Ռուսաստանում: Հովիկ Աբովյանը Նոյեմբերյան քաղաքից դեպի հայրենի Կողբ գյուղ տանող ճանապարհի եզրին, բարձունքի վրա մի եկեղեցի է կառուցել, որի օծումը, մեր տեղեկություններով, տեղի կունենա իր 50-ամյակի օրը` 2014թ. հունիսի 1-ին: Նկատենք, որ Աբովյանի ներկայիս պաշտոնը մարզպետի պաշտոնին, իրական լծակներին տիրապետելու առումով, չի զիջում: Ի վերջո մաքսատունն ավելի շատ հնարավորություններ է բացում եւ ավելի ձեռնտու է, քան Ադրբեջանի հետ սահմանամերձ, հոգսաշատ մարզ ղեկավարելը: Այդ առումով` անարժանահավատ են թվում այն տեղեկությունները, ըստ որոնց` Հ. Աբովյանն առաջիկայում կնշանակվի Տավուշի մարզպետ: Մեր տեղեկություններով` առաջիկա օրերին մարզպետ Ղուլարյանը կմեկնի Ֆրանսիա` Տավուշի մարզի հետ բարեկամ Օ-Դը-Սեն նահանգի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս