Մեզանում շրջանառության մեջ է դրվում ակնհայտ հակաիրավական, պարզ տրամաբանության հետ ոչ համատեղելի մեկնակետ․ Արդարադատության նախկին նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի հետ․

– Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարել է, որ Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, եւ անհրաժեշտ է ոչ թե բարեփոխել մայր օրենքը, այլ բոլորովին նորն ընդունել։ Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը հանկարծ նման որոշում կայացրեց, արդյոք Դուք նման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք:

-Ինքս իմ նախաձեռնությամբ այդ հարցադրմանը չեմ անդրադառնում, քանի որ այն, իմ խորին համոզմամբ, չունի օրակարգային արդիական կշիռ: Դա աղերս չունի երկրի առջեւ ի հայտ եկած մարտահրավերների հետ. վերջիններս անարգել կարող են լուծվել հենց գործող սահմանադրական կարգավորումներով: Վերջին հաշվով, առաջնահերթը սահմանադրականությունն է, միայն այդ դեպքում հիմք կունենանք դատողություններ անել Սահմանադրության որակի կտրվածքով:

Հաճախ փորձ է արվում նոր Սահմանադրության ընդունումը փոխկապակցել վերջին շրջանում տեղի ունեցած՝ սահմանադրական բարեփոխումների ներկայացուցիչներից մեկի խոսքերով՝ «դարակազմիկ փոփոխությունների» հետ՝ սկսած 2018 թ. հեղափոխությունից, վերջացրած 2020 թ. համաճարակով, 44-օրյա պատերազմով, շարունակական սահմանային բախումներով, Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություններով, հեղաշրջման փորձերով եւ արցախահայության բռնի տեղահանմամբ: Այլ կերպ ասած՝ դարձյալ վերադառնում ենք զիջումների ճանապարհով իբր խաղաղություն երաշխավորելու հայեցակետին: Բայց այս պնդումների հեղինակները գուցե չեն նկատում, որ իրենք իրենց սկսում են բացահայտ հակասել՝ մոռանալով կամ առնվազն անտեսելով հետեւյալ փաստարկները՝

ա) այդ իրադարձությունները հիմնականում տեղի են ունեցել իշխանության կողմից սահմանադրական բարեփոխումները նախաձեռնելուց տարիներ անց միայն, ուստի չէին կարող նախապես նախատեսվել եւ հաշվի առնվել,

բ) եթե պնդում եք, որ արցախահայության նկատմամբ կիրառվել է բռնի տեղահանում, կամ խախտվել է տարածքային ամբողջականությունը, ապա դա բնավ չի նշանակում, որ հարկ է այդ ամենն ընկալել իբրեւ իրավաչափ իրադարձություններ եւ այլեւս ձեռնպահ մնալ դրանց համարժեք արձագանքելու անհրաժեշտ քայլերից,

գ) Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջները վաղուց գերազանցել են տասնյակ տարիներ շրջանառության մեջ դրվող նախապայմանները, ավելին՝ իրենք դադարել են դրանց շրջանակը հստակ ուրվագծել, ուստի խնդիրը ոչ թե սահմանադրական կարգավորումներն են, այլ իրենց համար դե ֆակտո ծագած աննախադեպ նպաստավոր հնարավորությունները, ինչից իրենք փորձում են օգտվել առավելագույնս եւ այլն:

Մտահոգողն այն է, որ մեզանում շրջանառության մեջ է դրվում ակնհայտ հակաիրավական, պարզ տրամաբանության հետ ոչ համատեղելի մեկնակետ, ըստ որի՝ քանի որ դե ֆակտո ագրեսիայի արդյունքում կորցրել ենք տարածքներ, արցախահայությունը բռնի տեղահանվել է, ուստի հարկ է համակերպվել դրա հետ եւ հրաժարվել պետության ինքնիշխանության իրական տարրերից:

– Արդարադատության նախարարությունը պնդում է, որ գործող Սահմանադրության նկատմամբ չկա հանրային վստահություն: Ի՞նչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ փոփոխված նոր Սահմանադրության նկատմամբ հանրային վստահություն կլինի՞:

-Համամիտ եմ արդարադատության նախարարի հետ՝ այո՛, չկա անհրաժեշտ հանրային վստահություն: Այս տեսանկյունից մի կարեւոր դիտարկում անեմ. ինքս, լինելով գործող Սահմանադրության փոփոխությունների նախագծի հեղինակներից, մշտապես ուսումնասիրում եմ, թե ինչ պատճառաբանություններ են բերվում վստահության պակասի կտրվածքով: Հնարավոր չէ չհանգել այն համոզմանը, որ իրական պատճառը ոչ թե Սահմանադրության կոնկրետ դրույթներն են, այլ դրանց առնչությամբ համարժեք պատկերացումների պակասը, ինչը հիմնականում թելադրված է տարիներ շարունակ քարոզչամեքենայի կատարած նպատակասլաց աշխատանքով եւև իրավակիրառ պրակտիկայում Սահմանադրության առանցքային դրույթների անտեսմամբ: Մարդիկ, որպես կանոն, դատողություններ են անում՝ սոսկ դե ֆակտո վիճակը գնահատելով, որի անմիջական աղբյուրը, ցավոք, համարում են Սահմանադրությունը:

Համամիտ եմ, որ շատերի ընկալմամբ գործող Հիմնական օրենքն ընկալվում է իբրեւ, այսպես կոչված, սուպերվարչապետության երաշխիք: Սակայն, իրականում այն այդպիսին է ընկալվում, իմ կարծիքով, Սահմանադրության հետ աղերսներ ունեցող օրենքներ ընդունելու եւ անհամաչափ իրավակիրառ պրակտիկայի արդյունքում:

Զրուցեց Քրիստինա Մուշեղյանը




Լրահոս