Սերժ Սարգսյանը պիոներ-ջոկատավարի ինտելեկտով մարդ է, ի՞նչ պետք է իմանա՝ Մաշտոցն ով է. Ռուբեն Հախվերդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան էլ արտիստներն արդարացիորեն պնդեն, որ իրենց արվեստը գնահատողը ժողովուրդն է, եւ նրա ծափահարությունն ամենակարեւորն է, ոչ ոք չի կարող ժխտել, որ պետության կողմից շնորհված կոչումները եւս էական են: Եւ այստեղ է, որ հետաքրքիր պատկերի ենք բախվում. ժողովդի կողմից սիրված շատ արվեստագետներ պետության կողմից մոռացված են:

Հետաքրքիր է, որ օրինակ՝ իրեն ռաբիս երգիչ համարող Թաթա Սիմոնյանը վաստակավոր արտիստ է, Ռուբեն Հախվերդյանը՝ ոչ, այդ կոչումին արժանացել է, օրինակ, Կամո Սեյրանյանը, իսկ Վահան Արծրունին՝ ոչ… Ի վերջո, ի՞նչ սկզբունքով են ընտրվում վաստակավորներն ու ժողովրդական արտիստները:

Ruben_Hakhverdyan6_ts1323257208

«Ես ներկա Կառավարության ձեռքից ոչինչ չեմ վերցնի. դա ինձ համար վիրավորանք կլինի, ոչ թե «կոմպլիմենտ»: Նախագահն ադրբեջանական երաժշտություն նվագող մեկին, անունը չեմ հիշում, տալիս է «Մեսրոպ Մաշտոցի» շքանշան, Պուգաչովային է այդ պարգեւը շնորհում…Սերժ Սարգսյանը երեւի չի իմացել, որ Մաշտոցը սրբերի շարքին է դասվում, պիոներ-ջոկատավարի ինտելեկտով մարդ է, ի՞նչ պետք է իմանա՝ Մաշտոցն ով է»,- «Ժողովուրդ» թերթին հայտնեց Ռուբեն Հախվերդյանը:

img_9712626738_1_general_d

Դերասան, բեմադրիչ Աշոտ Ադամյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այդ կոչումներին միշտ դեմ է եղել: Մեր այն դիտարկմանը, որ հնարավոր է՝ ինքը մինչեւ այժմ հանդես է եկել ըմբոստ արվեստագետի դիրքերից եւ գուցե այդ պատճառով ոչ մի կոչման չի արժանացել, դերասանը պատասխանեց. «Շատ հնարավոր է…Բայց լավ են անում, որ չեն տալիս, ես կշպրտեի: Նման բաներ հանձնելու իրավունքը միայն ու միայն ժողովրդինն է, իսկ պետական ապարատը պետք է վավերացնող լինի, ուրիշ ոչինչ»,-նկատեց նա:

vahan

Երգիչ, երգահան Վահան Արծրունին էլ նշեց, որ մեր երկրում կոչում ստանալը բավական նվաստացուցիչ գործընթաց է. յուրաքանչյուր թեկնածու պետք է իրեն գովերգող երեք բնութագրություն ներկայացնի, որից հետո անհայտ հանձնաժողովն անհայտ չափորոշիչներով պետք է կայացնի իր որոշումը. «Այն եզակի դեպքերում, երբ այդ կոչումները ստանում են իրապես արժանի արվեստագետներ, դրանք ընդամենը պատահականություններ են կամ հաշվարկված քայլեր, որոնց նպատակը համատարած խայտառակ իրավիճակն այս բնագավառում քողարկելն է»,-կարծիք հայտնեց նա:
Հիշեցնենք, որ ոչ մի կոչում չունեն նաեւ երգիչներ Արաքս Մանսուրյանը, Արթուր Մեսչյանը, դերասանուհի Ալլա Թումանյանը եւ այլք:

Հ. Գ. Սովորաբար ՀՀ նախագահի նստավայրի հետ ակտիվ համագործակցություն ծավալող կամ այդ շենքում «ծանոթ» ունեցող մարդին են հայտնվում կոչում ստացողների ցանկում: Անգամ մշակույթի նախարարության ներկայացրած ցանկում լինելը երբեմն երաշխիք չէ՝ պարգեւ ստանալու հարցում:

Լուսանկարները՝ Bravo.am

Աննա Բաբաջանյան




Լրահոս