
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Armlur.am-ը`«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր հանդիպել են Հովիկ Աբրահամյանի հետ: Դեկտեմբերի 9-ին նաիրիտցիները գործադիրի հետ կրկին հանդիպում էին ունեցել, որի ժամանակ պայմանավորվածություն էին ձեռք բերել այսօր հանդիպել և իրենց խնդիրների համար օպտիմալ լուծում մշակել:
«Նաիրիտ» գործարանի աշխատակից Թոմիկ Հակոբյանը Armlur.am-ին հայտնեց, որ Հովիկ Աբրահամյանն ընդունել է իրենց հինգ աշխատակիցներին` այդ թվում գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանին և պրոֆմիության նախագահ Հրաչ Թադևոսյանին:
«Այսօրվա պայմանավորվածությունը մեզ չի բավարարում: Հովիկ Աբրահամյանն իր համաձայնությունը հայտնեց միայն մեկ ամսվա աշխատավարձերի մարման գործում իր օգնությունը ցուցաբերելուն: Այս հարցն այսպես չենք թողնելու: Երկուշաբթի օրը հավաքվելու ենք գործարանի դիմաց և աշխատակիցներով որոշելու ենք կոմիտե ստեղծել, որպեսզի այս հարցի լուծումն այլ լինի»,- ասաց Թոմիկ Հակոբյանը: