Ի՞նչ է թաքցրել խուզարկության ենթարկված ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013 թվականի մայիսին պաշտոնանկ արված ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) ղեկավար Անդրանիկ Միրզոյանը, ով ամենավերջիններից էր, որ իմացավ իր պաշտոնանկության մասին, կրկին անակնկալի է հանդիպել: Երեք օր առաջ ՀՀ ԱԱԾ աշխատակիցները հյուրընկալվել են նախկին պաշտոնյայի բնակարան եւ խուզարկություն անցկացրել: ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը երեկ հրաժարվել է այս գործով որեւէ մանրամասն հաղորդել՝ հորդորելով դիմել խուզարկություն իրականացրած սուբյեկտին: Իսկ ԱԱԾ-ն, ինչպես հայտնի է, «ամենաբերանփակ» կառույցն է:

Թե ինչն է եղել խուզարկության պատճառը, դեռ կպարզվի, այժմ փորձենք հասկանալ իրավիճակը: Նախ՝ արձանագրենք, որ ՀՔԾ նախկին պետի տան խուզարկությունը սովորական երեւույթ չէ: Նա իրավապահ, իսկ ավելի կոնկրետ՝ քննչական կառույցի առաջին էշելոնի պաշտոնյա է եղել, որն իր կարգավիճակով թերեւս զիջում է միայն ՀՀ գլխավոր դատախազին:

ՀՔԾ-ում քննվում են ՀՀ տարբեր տրամաչափի պաշտոնյաներին առնչվող քրեական գործերը: Նշանակում է՝ Անդրանիկ Միրզոյանը կամ ինչ որ պաշտոնյայի նկատմամբ հարուցված քրեական գործ է կարճել՝ ինչ որ բանի դիմաց, կամ խոշոր գումարին առնչվող այլ գործի մեջ է եղել, որը տարիներ անց է բացահայտվել: Ամեն դեպքում խուզարկությունը քննչական գործողությունների ընթացքում իրականացվող այն քայլն է, որն իր մեջ հաստատության որոշակի բաղադրիչ է պարունակում: Այսինքն՝ ԱԱԾ քննիչներն ինչ-որ բանում արդեն համոզված են, որ գնացել են ՀՔԾ նախկին պետի տուն՝ իրեղեն ապացույցներ կամ գոնե հետաքրքիր փաստաթղթեր որոնելու:

Ինքը՝ Անդրանիկ Միրզոյանը, խոր ընդհատակ է անցել: Ոչինչ չի խոսում: Միայն հայտնի է, որ լուռ հետեւել է ԱԱԾ աշխատակիցների գործողություններին, ովքեր խուզարկել են իր բնակարանը:

Հիշեցնենք, որ Ա. Միրզոյանը պաշտոնանկ արվեց այսօրվա գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի «ձեռքով»: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ մայիսի 2-ի առավոտյան Ս. Սարգսյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ ՀՔԾ ղեկավարը ներկայացրել էր Արցախի զորամասերից մեկում կախվելու միջոցով ինքնասպանություն գործած մի զինվորի քրեական գործի մանրամասները, որին ինքնասպանության են հասցրել զինվորականները: Սակայն նիստի ժամանակ Գ. Կոստանյանը մանրամասն զեկուցել էր, թե ինչպես է ՀՔԾ ղեկավարը ստում:

Զինդատախազի ասածներին արժանահավատություն էր հաղորդել ՀՀ նախագահի օգնական Գեորգի Կուտոյանի խոսքը: Այդ քրգործին խառնվել էր նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Իսկ Սերժ Սարգսյանը մայիսի 6-ին գնալով ՀՔԾ՝ ահա ինչ էր ասել. «Միրզոյանի ազատման առիթը եղել է ապօրինությունը կոնկրետ քրեական գործով, բայց պատճառն այլ էր: Պատճառն այն էր, որ Անդրանիկ Միրզոյանը չկարողացավ լուծել իր առջեւ դրված խնդիրը, իսկ ես խնդիր էի դրել պարոն Միրզոյանի առջեւ, որպեսզի մեծ ջանքեր գործադրի ՀՔԾ կայացման դժվարին գործում»:




Լրահոս