«Արթիկ» ՔԿՀ դատապարտյալը պարտվեց «Նուբարաշեն» ՔԿՀ պետի նախկին տեղակալին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանի հայցն ընդդեմ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ, «Վարդաշեն» ՔԿՀ դատապարտյալ Դավիթ Մուրադյանի այսօր մերժվեց:

Դատավճիռը կայացվեց Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Երեմ Եսոյանի նախագահությամբ: Վճռի հրապարակմանը Արտակ Հակոբյանը ներկա չէր: Նշենք, որ դատապարտյալ Արտակ Հակոբյանը հայց էր ներկայացրել ընդդեմ բախտակից Դավիթ Մուրադյանի` որպես զրպարտությամբ բարոյական վնասի հատուցում` 1 մլն 700 հազար դրամի բռնագանձման պահանջի մասին:

Դատապարտյալի կինը՝ Կարինե Հակոբյանը, Armlur.am-ին հայտնեց, որ դատավճիռն իրենք բողոքարկելու են Վերաքննիչ քրեական դատարան: «Դատավոր Երեմ Եսոյանն անօրինական վճիռ է կայացրել: Սա դատավորի կողմից կոմնակալության ակնհայտ միտում է: Ու սրա պատճառն այն է, որ ամուսինս դատարաններում բազմիցս բարձրաձայնել է համակարգում տեղի ունեցող անօրինականությունների մասին: Բայց քանի որ նա դատապարտյալ է, համապատասխան կառույցներն ուշադրություն չեն դարձրել ամուսնուս խոսքերին»,- ասաց Կարինե Հակոբյանը՝ հավելելով, որ թե՛ ինքը, թե՛ ամուսինը դատավորից արդար վճռի կայացում չէին սպասում:

Դատարան ներկայացված հայցադիմումով հայցվոր Արտակ Հակոբյանը հայտնել է. «Դավիթ Մուրադյանը արատավորել և վարկաբեկել է իր անձը նախաքննական մարմնի մոտ, ինչպես նաև դատական նիստերի ժամանակ, գրավոր և բանավոր անհիմն հայտարարություններ է արել, թե իբր ինքը և Դավիթ Մուրադյանը համագործակցել են, ինչի արդյունքում կալանավորվել և դատապարտվել է: Այս ամենը սուտ է և զրպարտություն է: Դավիթ Մուրադյանն այդ շանտաժն անելով՝ նպատակ է ունեցել իր վրա հոգեբանական ճնշումներ գործադրել, որպեսզի իր կողմից կատարված կաշառակերության գործի առիթով բողոք չներկայացնի: Դավիթ Մուրադյանը արատավորել է իր անձը՝ զրպարտելով իրեն»:

Իսկ պատասխանող Դավիթ Մուրադյանի ներկայացուցիչ Մնացական Ղազարյանն առարկել է հայցի դեմ: Նշել է, որ ներկայացված հայցադիմումում ներկայացված հայցի հիմքն ու առարկան բարոյական վնասի հատուցումն է, մինչդեռ ինչպես նախնական, այնպես էլ դատաքննկան փուլում հայցվոր կողմը պնդել է, որ 1 մլն 100 հազար դրամը կազմում է բուժման, դեղորայքի, իսկ 6 հարյուր հազար դրամը՝ բարոյական վնասի փոխհատուցման գումարը: Փաստորեն, բարոյական վնասի պահանջը դարձավ նյութական և բարոյական պահանջ: Նյութական վնասի հետ կապված օրենսդիրը և վճռաբեկ դատարանն ունեն մի շարք նախադեպային որոշումներ, որոնցով քաղաքացիական օրենսգրքի 17, 1087 հոդվածների վերաբերյալ դատական պրակտիկան միասնականացնելու համար որոշել է, որ մասնակից կողմը պարտավոր է ապացուցել, որ առկա է հակաօրինական արարք, առկա է նյութական վնաս և առկա է պատճառահետևանքային կապ հակաօրինական վարքագծի և պատճառված վնասի միջև:

Ինչ վերաբերում է 1 մլն 100 հազար դրամ գումար նյութական վնասին, ապա այդ հանգամանքը հիմնավորող որևէ ապացույց չներկայացվեց: Չի ներկայացվել նաև ապացույց նյութական վնասի պատճառման և իր վստահորդի գործողությունների միջև առկա հակաօրինական գործողության: Ինչ վերաբերում է բարոյական վնասին, նշեց, որ հայցվորի կողմից ոչ մի ապացույց չի ներկայացվել: Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 հոդվածը՝ Մնացական Ղազարյանը նշեց, որ դատարանը չպետք է ապացույցները հավաքագրի, այն պետք է տրվի այդ փաստը վկայակոչած կողմի կողմից: Նշեց, որ գոնե մինչև այս պահը հայցվորի կողմից դատարանին չի ներկայացվել որևէ ապացույց՝ հիմնավորելու համար պատասխանողի գործողություններով իրեն պատճառված վնասի վերաբերյալ: Միաժամանակ նշել է, որ փաստաբանի խելամիտ վարձատրության պահանջ չունեն:

Նշենք նաև, որ Դավիթ Մուրադյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման Արտակ Հակոբյանից 14 հազար դոլար և 760 հազար դրամ կաշառք պահանջելու և ստանալու մեղադրանքով: Իսկ մեղադրող դատախազ Վահագն Մուրադյանը միջնորդել էր նրան դատապարտել 12 տարվա ազատազրկման: Մեղադրողը գտնում էր, որ Դ. Մուրադյանին մեղսագրված արարքները լիովին ապացուցված են, և նրա արարքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներին (խոշոր չափերով կաշառք ստանալը):

Դ. Մուրադյանը, 2011թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2013թ. փետրվարի 6-ն աշխատելով որպես ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալ, օժտված լինելով քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և բժշկական սպասարկման բաժինները համակարգելու լիազորությամբ, 2012թ. օգոստոսից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում առանձնապես խոշոր չափերի կաշառք է պահանջել և ստացել նույն քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, միջին ծանրության հանցագործություններ կատարելու համար 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Արտակ Հակոբյանից:

Կաշառքն, ըստ մեղադրողի, ամբաստանյալը ստացել է՝ դատապարտյալի օգտին իր լիազորությունների շրջանակներում գործողություններ կատարելու համար, մասնավորապես՝ առանց բավարար հիմքերի՝ դատապարտյալին ՔԿՀ-ի բուժմաս տեղափոխելու, տևական ժամանակ այնտեղ պահելու, դատապարտյալին նրա կնոջ հետ ոչ պլանային երկարատև և կարճատև տեսակցություններ տրամադրելուն նպաստելու, ինչպես նաև ծառայության գծով հովանավորչության, պատժախցի վերանորոգումը թույլատրելու, այն կահավորելու և սահմանված կարգի խախտմամբ բջջային հեռախոս պահելու և դրանից օգտվելու համար: Արտակ Հակոբյանից, ըստ մեղադրողի, ամբաստանյալը պահանջել և որպես կաշառք դատապարտյալից անձամբ և նրա կնոջից՝ Կարինե Հակոբյանից, ստացել է ընդհանուր առմամբ 1 մլն 631 հազար 320 դրամին համարժեք 4 հազար դոլար, ինչպես նաև 540 հզար դրամ արժողության կահույք:

Լուսանկարը՝ iravaban.net-ի

Տաթև Հարությունյան




Լրահոս