Դրամի արժեզրկումն օրեցօր խուճապային նոր դրսեւորումների է հանգեցնում. երեկ մարդիկ դժգոհում էին, որ անգամ 600 դրամով չեն կարողանում դոլար գնել, որպեսզի ուղարկեն արտերկիր՝ պատվիրած ապրանքները ստանալու համար: Էջմիածին քաղաքի մեծ խանութները փակել էին՝ հրաժարվելով առեւտուր անել, սուպերմարկետներում շաքարավազի վաճառքը սահմանափակվել էր, քանի որ չգիտեն՝ եղած կամ վերջանալու վրա գտնվող ապրանքներն ինչ գնով է ճիշտ իրացնելը: Համատարած թանկացումներ են սկսվել գրեթե բոլոր ոլորտներում:
Ի՞նչ է լինելու առաջիկայում: Այս հարցի պատասխանը որքան փնտրված, այնքան էլ անպատասխան է: ՀՀ գործող իշխանության որեւէ ներկայացուցիչ հարկ չի համարում հայտարարություն անել, հանգստացնել բնակչությանը կամ գոնե բացատրել որոշ նրբություններ՝ հորդորելով մի քիչ սպասել: Քար լռություն է: ՀՀ նախագահի նստավայրից, Կառավարությունից, անգամ Ազգային ժողովից որեւէ մեկը չի խոսում մեր երկրին պատուհասած վտանգների մասին: Իհարկե, փաստարկներ կան, թե մեր մեծ եղբայր Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն են ողջ աշխարհի տնտեսությունը ցնցել, եւ մենք ոչինչ չենք կարող անել: Գուցե իրականության բաղադրիչներ կան ասվածում, բայց խնդիրն այստեղ մեր երկրի համար ավելի խոր արմատներ ունի: Բանն այն է, որ Հայաստանում չկա գեթ մեկ պաշտոնյա, որի խոսքերին գոնե հասարակության կեսը հավատա: Այսինքն՝ համընդհանուր անվստահության ֆոնին որքան էլ անկեղծ հայտարարություններ արվեն, միեւնույն է՝ մարդիկ չեն հավատա:
Ի վերջո, Սերժ Սարգսյանը գործարարների հետ հանդիպման ժամանակ շաբաթներ առաջ փորձեց ինչ-որ մտքեր հայտնել տնտեսության մասին, վարչապետը եւս հրապարակավ խոստացավ, որ կկայունանա իրավիճակն օրեր անց: Սակայն նրանց խոսքերից հետո մեր երկրի տնտեսությունը մեծ արագությամբ գահավիժում է: Համեմատության համար նշենք, որ նույնիսկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, երբ ուղերձով հանդես եկավ, դրանից գոնե 4 օր իրավիճակը ՌԴ-ում կայունություն պահպանեց: Հիմա էլի քաոս է նաեւ այնտեղ. երեկ արտակարգ խորհրդակցություն էր: Իսկ ինչ վերաբերում է մեր հարեւան Վրաստանին, ապա այնտեղ եւս լարին արժեզրկվեց մեծ թափով, բայց դա տեւեց ընդամենը մի քանի օր: Իրավիճակն անմիջապես կայունացավ, եւ լարին վերականգնեց իր դիրքերը:
Իսկ Հայաստանի ԿԲ-ն որքան էլ փորձում է արտարժույթ ներարկել, միեւնույն է՝ դոլարն ու եվրոն մեծ թափով առաջ են անցնում՝ առաջացնելով անկանխատեսելի թվացող հետեւանքներ: Իսկ ԿԲ-ի միջոցներն, ինչպես հայտնի է, անսահմանափակ չեն: Նույնիսկ վերցված վարկերը չեն կարող երկարաժամկետ լուծումների բերել: Ի՞նչ է լինելու, եթե ԿԲ-ի ինվեստիցիաները չբավականացնեն: Վարչարարության ի՞նչ այլ մեթոդներ են կիրառվելու: Գուցե որեւէ պաշտոնյա «մատաղ» արվի՞ գոնե սեւ շուկայում դոլարի առքուվաճառքի համար: Թեեւ դա էլ լուծում չէ: