ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները կարծես թե արթնացան թմբիրից:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Արթուր Ջավադյանը հրապարակավ փորձել են հանգստացնել մեր երկրում սկսված խուճապը: Բայց լավ կլիներ չխոսեին: Վարչապետը, բնականաբար, պատճառաբանել է, որ. «Ֆինանսական շուկայի ներկա զարգացումները հիմնականում պայմանավորված են գլոբալ եւ տարածաշրջանային զարգացումներով, որոնք զերծ չեն ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից»:
Իսկ թե ինչ են արվել մինչ օրս «սպեկուլյատիվ տարրերը» չեզոքացնելու համար, վարչապետի հայտարարությունից այդպես էլ հասկանալի չի դառնում: Միայն սին խոսքեր, խոստումներ եւ իրականությունից կտրված դատողություններ:
«Կառավարությունը մշտական կապի մեջ է նաեւ իր միջազգային գործընկերների հետ եւ վստահ է, որ համատեղ ջանքերով եւ սառը դատողությամբ մենք կարող ենք ապահովել կայունություն՝ թե՛ ֆինանսական, թե՛ ապրանքների շուկաներում՝ այդ թվում բացառելով սպառողական ապրանքների անհիմն թանկացումները»,- հայտարարել է վարչապետը: Մինչդեռ ՀՀ քաղաքացիները մոտակա խանութը մտնելիս արդեն հասկանում են, թե ինչքան անտեղյակ է վարչապետը (առնվազն՝ նրա համար տեքստ գրողները) թանկացումներից:
Ապագայի անորոշության բաղադրիչներ էին պարունակում նաեւ ՀՀ գլխավոր դրամատան ղեկավարի խոսքերը: ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց, որ. «Հայաստանում դրամի իրական գինը հայտնի կլինի ազգային արժույթի գերարժեզրկման պատճառների վերացումից հետո: Ներկայումս ՀՀ դրամը գերարժեզրկված է, եւ սպեկուլյացիոն ու անհարկի իրավիճակի վերացումից հետո ՀՀ դրամը զգալիորեն կարժեւորվի»:
Եթե մի կերպ կարելի է հասկանալ սպեկուլացիոն գործելաոճին առնչվող ձեւակերպումը, ապա անհասկանալի է, թե ինչ է նշանակում «անհարկի իրավիճակ» արտահայտությունը: Ո՞վ է ձեւավորել այդ անհարկի իրավիճակը եւ ո՞վ է պատասխանատուն: Գուցե ավելի մատչելի բացատրությո՞ւն տրվեր: Ջավադյանի միակ հուսադրող միտքն այն էր, որ հայկական բանկերը վճարունակ են եւ կարող են քաղաքացիների հաշիվներն ու ավանդները սպասարկել:
Ի՞նչ է ստացվում: Տարիներ շարունակ մեր երկրում լայնամասշտաբ քարոզչություն էր իրականացվում, թե շատ ոլորտներում աճ կա, արտադրական գործընթացը խրախուսվում է, Սերժ Սարգսյանն էլ պարբերաբար ինչ-որ ժապավեններ էր կտրում՝ փորձելով ապացուցել, որ «Հայլուրի» եւ պատասխանատու մյուս հեռուստաընկերությունների կողմից մատուցվող Հայաստանի պատկերն իրական է, եւ կամաց-կամաց մենք դառնում ենք ինքնաբավ երկիր: Սակայն իրականում, երբ PR-ը լարված իրավիճակում դուրս եկավ հրապարակից, «տակը մնաց» խոշտանգված տնտեսությունը՝ արտադրական ծավալների էական կրճատումներով: Եւ հիմա հարց է առաջանում՝ հսկայական միլիոններ ծախսելով՝ ինքնագովազդ անելը քանի՞ գրոշի արժեք ունի: