Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա՝ ամենամյա ասուլիսը թեեւ նախորդների նման բազմամարդ էր (մասնակցում էր 1.259 լրագրող), այնուամենայնիվ, պակաս տպավորիչ էր: Նախ` Պուտինի ցուցադրական ինքնավստահ եւ փոքր-ինչ քամահրական կեցվածքը բավականին անբնական էր դիտվում փլուզվող ռուսական տնտեսության, ռուբլու գահավիժման եւ խանութների դատարկ վաճառասեղանների ֆոնին: Որքան էլ որ նա հավաստիացրեց, թե երկրում այդ իրավիճակն ամենաշատը երկու տարուց հետո կկարգավորվի «պլուսով», այդուհանդերձ դա, մեղմ ասած, հավատարժան չթվաց. հարցերը վերադառնում էին նույն` տնտեսական թեմային:
Արեւմուտքի հասցեին հնչեցված մեղադրանքների (ընդ որում, որոշ դեպքերում միանշանակ արդարացի) ընթացքում Պուտինը որեւէ նոր բան չասաց, թերեւս բացի նրանից, որ այս ամենը ձեռնտու է բացառապես ԱՄՆ-ին, որն այս գործընթացում ոչ պակաս չափով թուլացնում է նաեւ նույն եվրամիության երկրներին: Այդուհետ տեղական կվաս արտադրողների եւ անձնական կյանքի մասին հարցադրումների արանքում Պուտինը ցանկացավ պատախանել Թուրքիան ներկայացնող լրագրողի հարցին, որին տրված պատասխանը երեկվա ասուլիսի ընթացքում, թերեւս, միակն էր, որն անուղղակիորեն, սակայն լրջորեն ածանցվում էր նաեւ Հայաստանի շահերին:
Թուրքիայի նախագահի հասցեին հերթական դիֆերամբների չափաբաժնից, ապա Աթաթուրքի օրոք ռուս-թուրքական նախանձելի հարաբերությունների հիշատակումից հետո Պուտինը հայտարարեց. «Ռուսաստանն ու Թուրքիան բազմաթիվ համընկնումներ ունեն տարածաշրջանային շահերում: Առանց Թուրքիայի ցանկության եւ ակտիվ մասնակցության տարածաշրջանային խնդիրները չեն կարող լուծվել, այդ պատճառով էլ մենք շատ ենք շահագրգռված Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացմամբ»:
Ավելորդ է նշել, որ նման հայտարարությամբ ՌԴ նախագահը, փաստորեն, ամրագրեց, որ առանց Թուրքիայի մասնակցության եւ համաձայնության չի կարող լուծվել նաեւ ղարաբաղյան հակամարտությունը. մի բան, որի մասին անվերջ հայտարարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը փոփոխելու մասին երազող Թուրքիան:
Երեկվա՝ երեք ժամանոց ասուլիսի ընթացքում Հայաստանին վերաբերող որեւէ այլ հարցադրում, ըստ էության, չեղավ (ԵՏՄ -ի մասին ստանդարտ հարցի ու ստանդարտ պատասխանի ընթացքում եւս Հայաստանի անունը չշոշափվեց), մինչդեռ, օրինակ, տարածաշրջանի երկրներից թե՛ Իրանը, թե՛ Թուրքիան, թե՛ Վրաստանը ներկայացնող լրագրողներին հնարավորություն տրվեց հնչեցնել իրենց հարցերը:
Հ. Գ. Պուտինի՝ նախորդ տարվա ասուլիսից տպավորված` նկատել էինք, որ ինչքան էլ Պուտինին քննադատենք, այդուամենայնիվ, ՀՀ-ում չկա նրա գոնե կեսի չափով պատրաստված պաշտոնյա, ով կարող է ժամեր շարունակ պատասխանել մի քանի տասնյակ լրագրողների բազմաբնույթ հարցերի: Օրեր անց հայտնի` երեքուկես ժամանոց մամլո ասուլիսով հանդես եկավ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այն, ինչպես պարզվեց, ճակատագրական եղավ նրա համար: