Հայաստանի տեղն այլևս Ռուսաստանի քաղաքական հետնաբակն է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Մոսկվայում կկայանա ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որը վերջինն է այդ միության փաստացի գործարկումից առաջ: Ու չնայած դրան` այս գագաթնաժողովում կուլիսներից անդին քննարկման կարոտ խնդիրներն ու չլուծված հարցերը ոչ միայն չեն նվազել, այլեւ անհամեմատ ավելի են խորացել:

Հենց միայն նախօրեին ԵՏՄ անդամ երկու երկրների ղեկավարների` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի` Կիեւ կատարած այցերը եւ Ուկրաինայի նախագահ Պետր Պորոշենկոյի հետ հանդիպումներում հնչեցրած հայտարարությունները, այն էլ` Պուտինի վերջին ասուլիսում արած շեշտադրումների ֆոնին, արդեն իսկ ցույց են տալիս, որ ԵՏՄ անդամ պետություններն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա նման են կռիլովյան կարապին, խեցգետնին եւ գայլաձկանը, այն տարբերությամբ միայն, որ այդ երեքը հիմա առավել եռանդուն են սկսել տարբեր ուղղություններով շարժումներ անել:

Եվ եթե նախկինում գայլաձուկը, այսինքն՝ Ռուսաստանը, այնպիսի դիրքում էր, որ կարող էր թելադրել շարժման ուղղությունը, ապա հիմա այն զգալիորեն թուլացել է, եւ կարապն ու խեցգետինն այլեւս անթաքույց կերպով են ռեվերանսներ անում Արեւմուտքին:

Անցած կիրակի Կիեւ այցելած Նազարբաեւը հատուկ եւս մեկ անգամ վերահաստատեց Ղազախստանի պաշտոնական դիրքորոշումը Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչելու, ասել է թե` Ղրիմի բռնակցումը չընդունելու մասին: Հայտարարվեց նաեւ Ուկրաինայի հետ երկկողմ ռազմատեխնիկական համագործակցություն սկսելու մասին, իսկ Լուկաշենկոն էլ որերորդ անգամ քարը քարին չթողեց` քննադատելով Ռուսաստանի իշխանություններին եւ Ուկրաինայի նախագահին՝ ասելով, թե Մինսկը պատրաստ է մեկ օրում իրականացնելու Ուկրաինայի ցանկացած խնդրանք, քանի որ նրանք «հարեւաններ են, հարազատ մարդիկ, եւ դա երբեք չի փոխվելու»` այդպիսով եւս առավել քան հստակ ուղերձ փոխանցելով Պուտինին:

Իհարկե, այս այցերով եւ հայտարարություններով թե՛ Բելառուսը, թե՛ Ղազախստանը, բացի արեւմտյան կամուրջները չայրելուց, փորձում են որոշակիորեն մեծացնել իրենց արժեքը այսօրվա գագաթնաժողովում քննարկվելիք մի շարք հարցերում: Մի բան, ինչը չի կարող անել Հայաստանը, քանի որ մեր իշխանությունների անհեռատես քաղաքականության արդյունքում անցած երկու տասնամյակների ընթացքում այդպես էլ չհաջողվեց ներկայանալ որպես հետաքրքիր եւ ցանկալի գործընկեր պետություն ո՛չ Ղազախստանի, ո՛չ Բելառուսի եւ առավել եւս ո՛չ էլ Ուկրաինայի համար` չնայած առկա բավարար նախապայմաններին: Եվ արդյունքում Հայաստանն այսօր եւ, ցավոք, տեսանելի ապագայում այլ տեղ չի ունենալու, քան Ռուսաստանի քաղաքական հետնաբակը:




Լրահոս