Անցնող 2014 թվականը լի էր կարևոր իրադարձություններով, պաշտոնանկութուններով, նոր նշանակումներով: Armlur.am-ն առանձնացրեց դրանցից առավել ուշագրավները:
Հիշեցնենք այս տարվա նշանակումները, պաշտոնանկություններն ու հրաժարականները: 2014 թվականի ապրիլի 3-ին հրաժարական տվեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: 2014-ի ապրիլի 13-ին Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու մասին, ով մինչ այդ զբաղեցնում էր ԱԺ նախագահի պաշտոնը, և ձևավորվեց Հովիկ Աբրահամյանի կառավարությունը:
Ապրիլի 29-ին Ազգային ժողովի նախագահ ընտրվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Հոկտեմբերի 16-ին հրաժարական տվեց փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Նոյեմբերի 28-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով փոխվարչապետ նշանակվեց Վաչե Գաբրիելյանը: Այս տարվա սեպտեմբերի 25-ին կառավարության որոշմամբ Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվեց Սյունիքի մարզպետ:
Տարին առանձնացավ նաև սահմանին լարված իրավիճակով: 2014-ի օգոստոսի 1-2-ից կտրուկ սրվեց իրավիճակը հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծերում: Որոշ ժամանակ անց իրավիճակը մի փոքր հանդարտացավ, սակայն արդեն նոյեմբերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցվեց ուսումնամարզական թռիչք իրականացնող հայկական ՄԻ-24 ուղղաթիռը: Զոհվեցին ուղղաթիռի անձնակազմի բոլոր երեք անդամները՝ հրամանատարը՝ մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը և լեյտենանտ Ազատ Սարգսյանը: 10 օր շարունակ հակառակորդը կրակահերթի տակ էր պահում ուղղաթիռի անկման վայրը՝ թույլ չտալով հայկական կողմին մոտենալ ուղղաթիռին: Միայն նոյեմբերի 22-ին ԼՂՀ զինված ուժերի հատուկ նշանակության գործողության ժամանակ հայկական կողմը կարողացավ տարհանել ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուի մասունքներն ու ինքնաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:
2014 թվականի հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ ոչ իշխանական եռյակի համատեղ հանրահավաքը: Դեռ տարեսկզբին ձևավորված ոչ իշխանական քառյակը 12 կետերից բաղկացած պահանջներ էր ներկայացրել իշխանություններին: Բայց աշնանը ՀՅԴ-ն լքեց քառյակը: Հոկտեմբերի 24-ին տեցի ունեցավ եռյակի երկրորդ հանրահավաքը, դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ նաև մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված երթ:
Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 7-ին ծեծի ենթարկվեցին ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանը, դեկտեմբերի 10-ին` Սուրեն Սարգսյանը, իսկ դեկտեմբերի 12-ին՝ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը: Տեղեկությունների համաձայն` ազատամարտիկներին ծեծի էր ենթարկել փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, ով «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր, թե ով կհամարձակվի հայհոյել Սերժ Սարգսյանին, «շան թուլի պես ականջները կկտրի»: