Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ կառավարության ներկայացրած 5 տարվա ծրագիրն ընդամենը բլեֆ է:
-ՀԱԿ-ի վերջին հանրահավաքին Դուք ներկա չէիք, Ձեզ հարթակում չենք տեսել, ո՞րն էր պատճառը:
-Մենք, մեր քաղխորհուրդը ներկա էր հանրահավաքին, ես չեմ սիրում էն վերեւում՝ հարթակի վրա կանգնել, բայց մենք տեղում էինք, Սպենդիարյանի արձանի թիկունքում կանգնած էինք, հաջորդ հավաքի ժամանակ մեզ կարող եք այնտեղ կրկին տեսնել: Մեր ակտիվը, քաղխորհուրդը եւ ես այնտեղ ենք լինում:
-Բայց վերջին ժամանակահատվածում կարծես թե Ձեր եւ ՀԱԿ-ի հարաբերությունները «սառել» են, ի՞նչն է պատճառը, ինչ-որ դժգոհությո՞ւն կա:
-Դե դրանք ներքին խնդիրներ են, ես մի շարք առաջարկություններ եմ արել, դեռ պատասխան չունեմ: Չի լինի, հետո մենք մեր համագումարում կամ ակտիվի ժողովի ժամանակ որոշում կկայացնենք: Այդպես աշխատել չի կարելի, 7 մանդատով ի՞նչ:
-Իսկ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա աշխատանքը:
-2008թ. օգոստոսի 31-ին 18 կուսակցությունները ստորագրել են դեկլարացիա, որի հիմքում դրված է արտահերթ պառլամենտական եւ նախագահական ընտրությունների արդյունքում երկրում սահմանադրական կարգի վերականգնումը: Առաջինն արդեն անցել է, գնացել են ԱԺ հերթական ընտրությունների, իսկ երկրորդն արտահերթ նախագահական ընտրություններն են, դա մնացել է օդում կախված, ո՛չ պատասխան կա դրա շուրջ, եւ ո՛չ էլ գործ է կատարվում: Մենք ասում ենք, որ մեկ օր առաջ պետք է ազատվել Սերժ Սարգսյանի գլխավորած այս հանցավոր ռեժիմից:
-Եթե ՀԱԿ-ը Ձեր «սրտով» որոշում չկայացնի, հնարավո՞ր է՝ ՀԱԿ-ից դուրս գաք:
-Չէ՛, ի՞նչ դուրս գալ, դա չէ էականը, երկիրը ձեռքից գնում է, տեսե՛ք՝ երկրում ինչ է կատարվում. արտագաղթ է, սոցիալական ծանր վիճակ է, պատերազմի հոտը չե՞ք զգում, ի՞նչ է:
-Այդ դեպքում ո՞րն է լինելու Ձեր հաջորդ քայլը:
-Հիմա դեռեւս ոչ մի բան չեմ ասի, մենք մեր ընկերների ու գործընկերների հետ աշխատում ենք, մենք դեռեւս մեր խոսքն ասելու ենք:
-Ծանոթացե՞լ եք ՀՀ կառավարության ներկայացրած 5 տարվա ծրագրին, որին ԱԺ 4 խմբակցություններ դեմ քվեարկեցին:
-Դե գիտեք, այդպիսի բլեֆներ ես այս 15 տարում շատ եմ տեսել, դա բացարձակ բլեֆ է, որն իրականությունից լրիվ կտրված է: Գրողը թող դուրս գա Երեւան քաղաքից, մտնի գյուղ, տեսնի սոցիալական վիճակը: Երկրի նախագահ կոչվածն ասում է` երկրում 7 տոկոս տնտեսական աճ կա: Ա՛յ ընկեր, միայն 1 միլիարդի ապրանք ես արտահանում, ի՞նչ աճ: Դա ընդամենը գրել են թղթի վրա ու վերջ, ի՞նչ ծրագիր: Ուղղակի շատ լավ խոսել են սովորել, այն էլ բարձր ամբիոններից, կոստյումներ հագնել եւ խոսել, իսկ գործ այդտեղ չի կատարվում: Երկրում չկա արդյունաբերություն, զարգացում, չկա սոցիալական խնդիրների լուծում:
-Այդ ամենի իրագործումն իրենց վրա են վերցրել ՕԵԿ-ն ու ՀՀԿ-ն…
-Դե ընտրություններն ապացուցեցին, թե նրանք ինչի են ընդունակ:
-Պարո՛ն Մարգարյան, «Հանրապետություն» կուսակցությունը վերջերս հայտարարեց, որ ՀԱԿ-ի կազմից դուրս է գալիս, հիմա էլ այդ կուսակցությունում կարծես թե պառակտում է սկսվել. կան Արամ Սարգսյանի կողմնակիցներ եւ Սմբատ Այվազյանի կողմնակիցներ: Ըստ Ձեզ՝ ի վերջո, ինչպե՞ս է հանգուցալուծվելու այս ամենը:
-Ես ոչ մի տեղեկություն չունեմ, եւ եթե անգամ նման տեղեկություն ունենայի, ապա ես ոչ մի դեպքում չէի մեկնաբանի, քանի որ դա իմ կողմից սոլիդ չի լինի:
-Օրեր առաջ ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար»-ում տեղի ունեցած դաժան միջադեպն ինչպե՞ս եք գնահատում:
-Դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ բանդիտական ռեժիմն է իշխում երկրում, եւ անմեղ աֆիցերին, որ ինչ-որ առիթով մտել է այնտեղ՝ հանգստանալու կամ ճաշելու, հասցրել են մահամերձ վիճակի: Ոչ միայն դատապարտում եմ այդ արարքը, այլեւ օր առաջ պետք է ազատվել դրանց տերերից եւ այդ բանդիտներից: Դուք մոռանում եք, որ այդ ամենը սկսվել է 2004 թվականի ապրիլից: Մարտի 1, հոկտեմբերի 27՝ այս բոլորը շաղկապված են իրար, հո ամեն ինչը պատահական, միայն այսօ՞ր չեղավ:
«ԵՐԿՐՈՒՄ ԲԱՆԴԻՏԱԿԱՆ ՌԵԺԻՄՆ Է ԻՇԽՈՒՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ