Մինչ Գյումրիում կատարվածից հետո բոլորի նյարդերը պրկված են, այս օրերին տարբեր միջադեպեր են տեղի ունենում, որոնք ուղղակիորեն կապ չունենալով Գյումրիի դեպքերի հետ, այդուամենայնիվ, ընթացող զարգացումների համատեքստում են: Նախօրեին հայտնի դարձավ, որ Գաֆեսճյան արվեստի կենտրոնի անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել ազատամարտիկ Սրապիոն Գեւորգյանին հայկական եռագույնով նկարահանումներ իրականացնել Կասկադում:
Ինչպես հայտնի է` Կասկադում տեղադրված են Գաֆեսճյան արվեստի կենտրոնի քանդակները, եւ այդ տարածքն անհատույց վարձակալությամբ տրված է կենտրոնին: Նախօրեին համացանցում տարածված տեսանյութից պարզ է դառնում, որ ազատամարտիկին արվեստի կենտրոնի աշխատակիցները բավականին ցինիկ կերպով արգելում են նկարվել: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ խոսքը ոչ թե առհասարակ Կասկադում լուսանկարվելու, այլ կոնկրետ քանդակների հարեւանությամբ դա անելու մասին, եւ ազատամարտիկը ցանկության դեպքում կարող էր շատ հանգիստ լուսանկարվել Կասկադում, բայց ոչ քանդակների ֆոնին: Եթե, իհարկե, այս ամենի հետեւում չկար ենթատեքստ, թե տեսեք, միայն ռուսները չէ, որ վատն են եւ նսեմացնում են ՀՀ քաղաքացիների իրավունքները, դա անում են նաեւ ամերիկացիները, մասնավորապես` ամերիկացի մեծահարուստ Ջ. Գաֆեսջյանի հիմնած արվեստի կենտրոնի աշխատակիցները:
Ինչեւէ, ի պատասխան կատարվածի՝ երեկ Կասկադում տեղի ունեցավ եռագույնի ծածանման ֆլեշմոբ, ինչը, միանշանակ, տեղին պատասխան էր սահմանված արգելքին` անկախ այն բանից, թե որն էր եղել լուսանկարվելու այդ պատմության շուրջ բարձրացված աղմուկի իրական դրդապատճառը:
Միեւնույն ժամանակ խիստ տարակուսելի էր արվեստի կենտրոնի լրատվության պատասխանատուի` «Ազատությանը» ներկայացրած պարզաբանումն առ այն, թե անգամ Ալեքսանդր Թամանյանի արձանի ֆոնին լուսանկարվելու համար մարդիկ պետք է ունենան արվեստի կենտրոնի համաձայնությունը: Իբր քիչ էր Գաֆեսճյանի նվիրած քանդակները լուսանկարելու արգելքը, փաստորեն, կենտրոնը փորձում է «իրենով անել» նաեւ Երեւանի այցեքարտերից մեկը` Ալ. Թամանյանի արձանը: Սա արդեն կոչվում է չափն անցնել:
Ի վերջո, ամբողջ աշխարհում արվեստի գործերը, քանդակներն ու արձանները դրված են մարդկանց համար, որպեսզի մարդիկ շոշափեն դրանք, լուսանկարվեն եւ այդպիսով հաղորդակցվեն արվեստին, իսկ մեզանում ով ինչպես հասկանում, այնպես էլ առաջ է տանում «այս ծառն իմն է, այս սարն իմն է» գործելաոճը: Անգամ հայազգի մեկենասի` Գաֆեսճյանի հիմնած կենտրոնի աշխատակիցները: Եվ ամենեւին պետք չէ զարմանալ, եթե մի օր էլ որեւէ զայրացած քաղաքացի, հանդիպելով արվեստի կենտրոնի պահնորդների նման ցինիկ արգելանքին, պարզապես փշրի այդ քանդակներից մեկը: