Գյումրիում կատարված ողբերգությունը լրջագույն փորձություն էր բոլորի համար` թե՛ ՀՀ իշխանությունների, թե՛ ընդդիմության, թե՛ շարքային քաղաքացիների եւ թե՛, մասնավորապես, գյումրեցիների: Առայժմ այդ փորձությունը պատվով տանում են միայն գյումրեցիները: Ցավալի եւ ամոթալի է, սակայն այդ հարցում գյումրեցիներին ցուցաբերված աջակցությունը շատ չնչին է: Արդեն առիթ ունեցել ենք գրելու կատարվածից հետո ՀՀ նախագահի, իշխանական վերնախավի, ինչպես նաեւ նրանց այլընտրանք ներկայացող ընդդիմադիր առաջնորդների անընդունելի պահվածքի մասին, որոնք գուցե նաեւ ականջալուր լինելով այդ քննադատությանը, գուցե եւ Պուտինի հեռախոսազանգից «դուխ» հավաքելով` այդուամենայնիվ, գոնե ֆորմալ մակարդակում փորձեցին տեղից շարժվել:
Ինչ վերաբերում է մեզ բոլորիս` ՀՀ շարքային քաղաքացիներիս, ապա, անկասկած, խորապես ցավելով եւ սգալով անմեղ զոհերի հիշատակը՝ այս օրերին մենք այդպես էլ չկարողացանք մեր վիշտն ու պահանջատիրությունը ներկայացնել համազգային, իրապես հուժկու եւ միասնական դրսեւորմամբ:
Ինչ խոսք, այսօր Հայաստանում մարդիկ ապրում են ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում, եւ ամեն մեկն ունի իր հոգսը, որը ցանկանում է հնարավորինս շուտ հոգալ: Սակայն, վստահաբար, գյումրեցիների սոցիալական վիճակն ավելի ծանր է, էլ չասած` կատարվածից հետո նրանց բարոյահոգեբանական վիճակի մասին: Սակայն գյումրեցիները մեկ մարդու նման դուրս եկան փողոց եւ մեզ բոլորիս` ՀՀ բոլոր քաղաքացիներիս, «թասիբի» եւ արժանապատվության դաս տվեցին: Մինչդեռ Գյումրիում կատարվածը մեզանից յուրաքանչյուրը պիտի ընդուներ որպես անձնապես իրեն հասցված հարված եւ իր զավակին սպառնացող վտանգ:
Գյումրեցիներն այս օրերին իրենց անկոտրում կամքի շնորհիվ կարողացան անգամ ՌԴ իշխանությունների տրամադրվածությունը փոխել եւ, փաստորեն, պաշտպանում են մեր բոլորի պատիվը: Մինչդեռ երեկ՝ փոքրիկ Սերյոժայի հոգեհանգստի օրը, Երեւանում ՀՀ նախագահի նստավայրի առաջ բոլորովին այլ պահանջներով ակցիաներ էին: Չգիտես ինչու` «Նաիրիտի» աշխատակիցները չէին կարողացել եւս երկու օր սպասել, ապա միայն հերթական անգամ հավաքվել նախագահականի առաջ: Նույնը եւ հացադուլի դիմած ընտանիքը: Հարգելի՛, իրապես հոգսաշատ քաղաքացիներ, ձեր պահանջները իշխանություններից, իհարկե, արդարացի են, սակայն երեկ դրանք հնչեցնելը, մեղմ ասած, տեղին չէր: Երեկ եւ այսօր, եւ մինչ այն պահը, երբ մեր բոլորիս արժանապատվությունը ոտնահարած ՌԴ եւ ՀՀ իշխանությունները չեն դրսեւորի ադեկվատ պահվածք, մեր բոլորիս պահանջը պետք է լինի մեկը` ոճրագործը պետք է պատժվի Հայաստանում:
Եթե այս հարցում մեզ չհաջողվեց պարտադրել մեր կամքը, ապա վստահ եղեք` որեւէ այլ հարցում ձեր ձայնը Բաղրամյան 26-ում հաշվի չեն առնելու: