Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, մոտ 1 ժամ ուշացումով սկսեց, ապա հետաձգվեց «Վերնիսաժի գործով» հերթական դատական նիստը:
Պատճառն ամբաստանյալ Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանի ուշանալն է, ով, ի դեպ, այդպես էլ չներկայացավ: Նիստին չէր ներկայացել նաև դեպքի օրը հրազենային վիրավորում ստացած գործով տուժող Մնացական Սուքիասյանը:
Դատարանը պաշտպանի ուշանալն անհարգելի ընդունեց: Իսկ Երեմ Սարգսյանի պաշտպանյալը հայտարարեց, որ չի հրաժարվում իր պաշտպանի ծառայություններից, և նիստը հետաձգեց:
Պաշտպանի վարքագծին դատարանը կանդրադառնա հաջորդ նիստին, որը տեղի կունենա վաղը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի՝ մայիսի 17-ին, «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ կրակոցներ էին հնչել: Այս գործով որպես մեղադրյալ են ներգրավվել ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսան` Գոռ Առաքելյանը, Վալերիկ Հովհաննիսյանն ու Ներսես Մելքոնյանը:
Տեղեկացնենք, որ նախորդ դատական նիստին պաշտպան Արայիկ Ալվանդյանը միջնորդություն էր ներկայացրել իր պաշտպանյալ Վալերիկ Հովհաննիսյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին: Պաշտպանի խոսքով` Վ. Հովհաննիսյանն առողջական լուրջ խնդիրներ ունի:
Նշենք, որ Գոռ Առաքելյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1, 6, 10 կետերի հատկանիշներով` «խուլիգանական դրդումներով սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով» (ըստ օրենսգրքի, պատժվում է ազատազրկմամբ` տասներկուսից քսան տարի ժամկետով) և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «ապօրինի կերպով ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը» (3 ամիս կալանքից մինչև երեք տարվա ազատազրկում), և նա կալանավորված է:
Հավելենք, որ դեպքի վայրից անհետ կորած BMW X6 մակնիշի ավտոմեքենան այդպես էլ մինչ օրս առեղծված է մնացել: Մեքենայի սեփականատերը` Վալերի Հովհաննիսյանի հայրն է` Սամվել Հովհաննիսյանը, ով դիմում է ներկայացրել ոստիկանություն, սակայն այս մասով նորություններ չկան: