Այս տարվա 22 օրերի ընթացքում արդեն սահմանին ունենք տասը զոհ: Սարսափելի վիճակագրություն, որի հետագա ընթացքը որեւէ դրական զարգացման հույս չի ներշնչում: Տարեսկզբից յուրաքանչյուր 2 օրը մեկ հերթական զոհի մասին բոթը, սակայն, կարծես թե առանձնապես չի մտահոգում ՀՀ իշխանություններին: Համենայն դեպս, տեսանելի մակարդակում նրանց կողմից չեն ձեռնարկվում հակազդեցության լուրջ քայլեր. լինի դա քաղաքական, ռազմական թե դիվանագիտական ճակատում:
Հատկապես վերջինի դեպքում ԱԳՆ առաջին դեմքի խուլ իներտությունն ու լրատվամիջոցներից թաքնվելու երեկվա անթույլատրելի գործելաոճը հակադրվում է նրա տեղակալի ամպագորգոռ հայտարարություններին: Մասնավորապես երեկ, այն բանից հետո, երբ Է. Նալբանդյանը հրաժարվեց ընդունել ԱԳՆ դիմաց հավաքված լրագրողներին, ԱԳ փոխնախարար Շ. Քոչարյանը news.am-ին տված հարցազրույցում հայտարարել է.«Նմանատիպ սադրանքներով Բաքուն միայն նպաստում է միջազգային հանրության կողմից իրերն իրենց անունով կոչելու սկիզբ առած գործընթացին»:
Անհասկանալի է, թե այդ ինչ «սկիզբ առած գործընթացի» մասին է խոսում ԱԳ փոխնախարարը: Որքան փորձեցինք լարել մեր հիշողությունը, այդպես էլ չկարողացանք գտնել միջազգային հանրության կողմից «իրերն իրենց անունով կոչելու» գեթ մեկ դրսեւորում: Անգամ հայկական ուղղաթիռը չեզոք գոտում խոցելուց հետո նույն այդ միջազգային կազմակերպությունները, այդ թվում եւ` ԵԱՀԿ Մինսկի խումբը, Ադրբեջանի ռազմական հանցանքը դատապարտելու փոխարեն կոչ արեցին «կողմերին հավատարիմ մնալ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապահով լուծելու հանձնառությանը»: Սա՞ է Շ. Քոչարյանի «իրերն իրենց անունով կոչելը»: Եթե այո, ապա նա իր տեղում չէ: Իսկ եթե ոչ, եւ Քոչարյանի` վերը նշված հայտարարությունը զուտ ներքին լսարանի համար արված ինքնասփոփանքի կամ ինքնախաբեության հայտարարություն է, ապա առավել եւս նա եւ նրա ղեկավարն իրենց տեղում չեն, քանզի այս դժվարին իրավիճակում ՀՀ ԱԳՆ-ի գործը ոչ թե ժողովրդին ինքնախաբեությամբ սնուցելն է, այլ ադրբեջանական ագրեսիայի դեմն առնելու ուղղությամբ բոլոր հնարավոր միջոցներով տարվող դիվանագիտական պայքարը:
Իսկ որ առնվազն այս օրերին մեր ԱԳն-ն անգործության է մատնված, ցույց տվեց նաեւ Armlur.am-ի երեկվա դիմումը ԵԱՀԿ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքին: Մեր թվիթերյան հարցադրմանը, թե ինչու է ԵԱՀԿ Մինսկի խումբն աչք փակում վերջին օրերին Ադրբեջանի կողմից զինադադարի ինտենսիվ խախտումների ու հայկական կողմի կրած կորուստների վրա, կարճ ժամանակ անց հետեւեց Ուորլիքի հետեւյալ գրառումը. «Դիմում եմ նախագահներին՝ դադարեցրե՛ք շփման գծում բռնությունն ու շարունակե՛ք բանակցությունները»: Այսպիսով` փաստորեն ԵԱՀԿ Մինսկի խմբին այս օրերին ՀՀ ԱԳՆ-ից որեւէ մեկը չէր դիմել, նրանք էլ լռում էին: Մինչդեռ հայկական լրատվամիջոցի ընդամենը մեկ հարցմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ միջնորդը չզլացավ անմիջապես արձագանքել` համապատասխան կոչով: