ԵԱՀԿ-ն հասկացավ Հայաստանի և Ադրբեջանի տարբերությունը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Կրակովում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որի շեշտադրումները նկատելիորեն տարբերվում են մինչ այս արված նրանց բոլոր հայտարարություններից: Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) եւ Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) տարածած համատեղ հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին կատարել խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ իր հանձնառությունները։ Մենք նաեւ կոչ ենք անում Հայաստանին բոլոր միջոցները ձեռնարկել՝ լարվածությունը մեղմացնելու համար։ Բոլոր կողմերը պետք է պահպանեն հրադադարի համաձայնագիրը։ Բռնությունները նվազեցնում են խաղաղության հասնելու ջանքերը»: Առնվազն վերջին տարիների կտրվածքով դժվար է հիշել որեւէ դեպք, երբ միջազգային որեւէ կազմակերպություն, առավել եւս` միջնորդական առաքելություն ստանձնած ԵԱՀԿ Մինսկի խումբը տարբերակված ձեւակերպումներով դիմեր Հայաստանին եւ Ադրբեջանին: Որպես կանոն՝ անգամ ադրբեջանական ամենալկտի սադրանքներից հետո մենք պարբերաբար լսում էինք «կողմերին» ուղղված կոչեր: Մինչդեռ այս դեպքում թեեւ միջնորդները նաեւ Հայաստանին են դիմում լարվածության մեղմացմանն ուղղված ջանքեր գործադրելու կոչով, այդուամենայնիվ, հստակ արձանագրում են, որ Ադրբեջանն է իր ստանձնած հանձնառությունները խախտող կողմը:

Սա, բնականաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների գնահատականն է Ադրբեջանի կողմից վերջին օրերին սանձազերծված, ըստ էության, սողացող պատերազմին, եւ նաեւ` դրան ի պատասխան՝ հայկական կողմից ՀՀ ՊՆ նախարարի եւ նախագահի մակարդակով արված զգուշացումներին, որ այսպես շարունակվելու դեպքում հայկական կողմը չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել եւ իրեն իրավունք է վերապահում կանխարգելիչ հարվածներ հասցնել: Եվ այս իմաստով հայկական կողմի կոշտ արձագանքը, թեեւ փոքր-ինչ ուշացած, սակայն միանգամայն տեղին էր:

Երեկվա հայտարարությունում ուշագրավ է նաեւ հետեւյալ ձեւակերպումը. «Մենք նախարարին (Մամեդյարովին. «Ժ») հիշեցրինք մեր մանդատի մասին եւ մտահոգություն հայտնեցինք բանակցությունների գործընթացի, Մինսկի խմբի համանախագահների դերի եւ ԵԱՀԿ-ի դիտորդների պարտականությունների վերաբերյալ հնչեցված քննադատությունների առնչությամբ»: Սա արդեն ադրբեջանական կողմին ուղղված հստակ զգուշացում է` չփորձել գործող ձեւաչափի փոփոխման ուղղությամբ բանակցություններ սկսել, քանի որ նրան դա որեւէ մեկը թույլ չի տալու:

Եթե համանախագահների երեկվա համատեղ հայտարարությունը նույնական է Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների անհատական մոտեցումների հետ, ապա առաջիկա օրերին պետք է սպասել սահմանային լարվածության թուլացման տեսանելի միտումների:




Լրահոս