Սիլվա Համբարձումյանի ընկերությունը սնանկացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի գործարար, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից ապտակ ստացած Սիլվա Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերությունը անհայտ պատճառներով դադարեցրել է իր գործունեությունը:

Մինչ այդ ընկերությունը հասցրել է բազմաթիվ պարտքեր կուտակել: «Կալաչը» պարտք է «Կարին», «Մանանա Գրեյն», «Թալգրիգ» ընկերություններին, ՀՀ ֆինանսների նախարարության Արաբկիրի տարածքային հարկային տեսչությանը, ինչպես նաեւ՝ «ՎՏԲ Հայաստան» բանկին, քանի որ վարկային պարտավորությունները չի կատարել: Ու թեեւ ընկերության պարտատերերի ցուցակն այսքանով չի սահմանափակվում, այդուհանդերձ, անհասկանալի է, թե որն է մինչ այս լայն թափով հացի եւ խմորեղենի արտադրություն սկսած ընկերության սնանկացման պատճառը:

Չի բացառվում, որ ընկերության սնանկացման սկզբնապատճառը անբարեխիղճ մրցակցությունը լինի: Մյուս կողմից էլ հայտնի է, թե Սուրեն Խաչատրյանի հետ ընդհարվելուց հետո գործարարի հանդեպ ինչպիսի ճնշումներ եղան: Դեռեւս 2011 թվականին գործարար Սիլվա Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերությունում հարկային ստուգումներ էին սկսվել: Տեսուչներն ընկերության հացի եւ խմորեղենի արտադրամասերում մանրակրկիտ փաստաթղթային ստուգումներ էին անցկացրել, ինչպես նաեւ ստուգել էին լույսի եւ ջրի սպառման հետ կապված տվյալները: Հիշեցնենք, որ Սուրեն Խաչատրյանի հետ ընդհարվելուց հետո Սերժ Սարգսյանի հասցեին Սիլվա Համբարձումյանի արած հայտարարությունները մեծ աղմուկ էին բարձրացրել: Իսկ այսօր արդեն Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերությունը սնանկացել է:

Տեղեկացնենք, որ նախ՝ 2013 թվականի մարտ ամսին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարան էր դիմել «Կարին» ՍՊԸ-ն` պահանջելով սնանկ ճանաչել «Կալաչ» ՍՊԸ-ին: Այսպիսով «Կարին» ընկերությունը, որը զբաղվում է ջեռուցման համակարգերի ներմուծմամբ եւ տեղադրմամբ, դատարան ներկայացված հայցադիմումում նշել է, որ դեռեւս 2010թ. հոկտեմբերի 4-ին կնքված պայմանագրի հիման վրա «Կարին» ընկերությունը «Կալաչ» ՍՊԸ-ին մատակարարել է մալուխներ` 61 մլն 670 հազար 484 դրամ ընդհանուր արժեքով, որի դիմաց պատասխանողը վճարել է միայն 51 մլն 670 հազար 484 դրամ, այսինքն՝ 10 մլն դրամ պակաս: Իսկ մոտ երկու շաբաթ անց մեկ այլ պայմանագրով «Կարին» ընկերությունը «Կալաչ»-ին մատակարարել է լուսատուներ` 9 մլն 983 հազար 900 դրամ արժեքով, որի դիմաց ընդհանրապես վճարում չի կատարվել:

«Կալաչ»-ի պարտքը «Կարին» ՍՊԸ-ին կազմում է 38 մլն 440 հազար 187 դրամ: Սակայն «Կալաչ» ընկերությունն առարկել է սնանկ ճանաչվելու դիմումի դեմ, եւ «Կարին»-ի պահանջը մերժվել է: Դրանից երեք ամիս անց՝ հունիսի մեկին, «Կալաչ»-ին կրկին սնանկ ճանաչելու պահանջով նույն դատարան է դիմել «ՎՏԲ Հայաստան» բանկը: Բանկի ներկայացմամբ` դեռեւս 2010 թվականի հուլիսին «ՎՏԲ Հայաստան» բանկի եւ «Սիլվի ԷՅՋի» ընկերության միջեւ վարկային պայմանագիր է կնքվել, որով բանկը վարկառուին տրամադրել է 2 մլն 895 հազար դոլարի վարկ՝ տարեկան 10 տոկոս դրույքով: Ի դեպ, այն պետք է մարվի մինչեւ 2015 թվականի հուլիսի 16-ը:

Սակայն այս դեպքում էլ դատարանը եկել է այն եզրահանգման, որ «ՎՏԲ Հայաստան» բանկի կողմից ներկայացված «Կալաչի» դրամական պարտավորությունները վիճելի են, ուստի ընկերությունն ունի դրանց առարկելու բավարար հիմքեր: Դատարանը գտել է, որ «Կալաչ» ընկերությանը սնանկ ճանաչելու հիմքերն ակնհայտ չեն, ուստի «ՎՏԲ Հայաստան» բանկի պահանջը եւս մերժել է:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բացի «ՎՏԲ Հայաստան» բանկից եւ «Կարին» ՍՊԸ-ից՝ «Կալաչ» ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել նաեւ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ն:

Բանն այն է, որ 2010թ. սեպտեմբերի 17-ից մինչեւ 2012թ. օգոստոսի 18-ը ընկած ժամանակահատվածում «Մանանա Գրեյն» ընկերությունը մեծածախ եղանակով ընդհանուր 100 մլն 376 հազար 385 դրամի ալյուր է վաճառել «Կալաչ»-ին: Վաճառված ապրանքների դիմաց «Կալաչ»-ը վճարել է 86 մլն 664 հազար 725 դրամ: Այսինքն՝ «Կալաչ»-ի` «Մանանա Գրեյն»-ին ունեցած պարտքը կազմում է 13 մլն 711 հազար 600 դրամ: Այս դեպքում արդեն դատարանը բավարարել է «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի դիմումն ընդդեմ «Կալաչ» ՍՊԸ-ի վերջինիս սնանկ ճանաչելու պահանջով: Արդյունքում՝ նախորդ տարի մարտի 4-ին «Կալաչ» ընկերությունը սնանկ է ճանաչվել:
«Ժողովուրդ»-ը այս խնդրի շուրջ չկարողացավ զրուցել Սիլվա Համբարձումյանի հետ, քանի որ, ըստ մեր տեղեկությունների, նա հիմա Հայաստանում չէ:

Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Կալաչ» ընկերության պարտատերերի թիվն ավելացել է: Այդ ցանկում են «Պետիկ Ղազարյան» Ա/Ձ-ն, Արմեն Ղազարյանը, «ԹԱԼԳՐԻԳ» ՍՊԸ-ն, «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ն, «Պրո Կրեդիտ Բանկը», «Ալֆա Ֆուդ Սերվիս» ՍՊԸ-ն, «Կարին» ՍՊԸ-ն, «Դի Էս Սիսթեմս» ՍՊԸ-ն, «ՎՏԲ Հայաստան» բանկը, ՀՀ ՖՆ Արաբկիրի հարկային տեսչությունը, Խաչիկ Նազարյանը եւ գուցե էլի մի քանի կազմակերպություններ:

«Կալաչ» ՍՊԸ-ի սնանկության գործով պարտատերերի կողմից դատարան ներկայացված առարկությունները քննարկելու նպատակով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված դատական նիստը տեղի կունենա փետրվարի 23-ին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս