Անթույլատրելի է ինքնասպանության դեպքերի նկատմամբ այս անտարբերությունը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանում արտառոց դեպք է տեղի ունեցել՝ Կիեւյան կամուրջից ցած է նետվել 15-ամյա մի աղջիկ, ով հրաշքով փրկվել է: Մոտակայքում գտնվող գործարար Արայիկ Հայրապետյանը News.am-ին հայտնել է, որ աղջիկն ընկել է գետի մեջ, ըստ երեւույթին` ջրառատ հատվածում, ինչի արդյունքում, փաստորեն, կենդանի է մնացել: Գործարարի հաղորդմամբ` իրենք շատ արագ մոտեցել եւ ջրից դուրս են բերել աղջկան, ով արտաքինից որեւէ վնասվածք չի ունեցել եւ սոցիալապես ապահովված խավի հագուկապ է ունեցել: Աղջիկը, մինչ շտապօգնության ժամանումը, միայն հայտնել է, որ 15 տարեկան է:

Այսպիսի հրաշքով փրկվելուց հետո դժվար թե ինքնասպանության դիմած այս դեռահասը երբեւէ նման փորձ կատարի: Գիտնականներն ապացուցել են, որ ինքնասպանության դիմողների գերակշիռ մասը փոշմանում է հաջորդ իսկ վայրկյանին, սակայն արդեն ուշ է լինում: Եվ հենց այդ պատճառով էլ զարգացած գրեթե բոլոր երկրներում լրացուցիչ արգելքներ են ստեղծված բոլոր այն վայրերում, որտեղից հաճախ են ինքնասպանություն գործում: Նույն բարձրանիստ կամուրջների վրա գրեթե ամենուր անցկացված են երկուսից երեք մետրանոց ճաղավանդակներ կամ թափանցիկ պատնեշներ, որոնք զգալիորեն դժվարացնում են կամուրջներից նետվելու գործընթացը: Բացի այն, որ նման պատնեշները հաղթահարելը դժվար է, ինչի ընթացքում ինքնասպանների մի մասը մտքափոխվում է, դա նաեւ որոշակի ժամանակ է պահանջում, որի ընթացքում մեծանում է անցորդների կողմից նկատվելու եւ ինքնասպանության փորձը կանխվելու հավանականությունը:

Երեւանում ինքնասպանությունները տեղի են ունենում առավելապես երկու` Կիեւյան եւ Հաղթանակ կամուրջներից: Ընդ որում, հատկապես վերջին տարիներին արձանագրված ինքնասպանությունների գերակշիռ մասը կատարվում է հենց կամուրջից նետվելու միջոցով, հետեւաբար չափազանց կարեւոր է, որ կա՛մ այս երկու կամուրջները ճաղավանդակապատվեն, կա՛մ էլ տեղում իրականացվի շուրջօրյա հերթապահություն:

Ի վերջո, ազգովի մեկ փոքրիկի կամ մեկ զինվորի մահը սգացող ժողովուրդն իրավունք չունի անտարբեր լինելու այս կամ այն պատճառով ինքնասպանության դիմող մեր քաղաքացիների հանդեպ, որոնց մեջ, ինչպես տեսնում ենք, քիչ չեն պատանիները: Առավել եւս անտարբեր լինելու իրավունք չունեն մեր համապատասխան մարմինները, մասնավորապես ՏԿ եւ ԱԻ նախարարությունը, որի ղեկավար Արմեն Երիցյանը, ի դեպ, տարիներ առաջ հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում` ինքնասպանության դիմած մի երիտասարդի փրկելու արդյունքում: Ժամանակն է, որ իրականացվի այս պարզ կանխարգելիչ գործողությունը, առավել եւս, որ երկու կամուրջների ճաղավանդակապատումն առանձնապես մեծ միջոցների հետ կապված չէ, ընդամենը ցանկության հարց է:




Լրահոս