ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԸ 40 ՏՈԿՈՍՈՎ ԿԹԱՆԿԱՆԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը, Հայաստանում բոլոր տեսակի պարարտանյութերի եւ թունաքիմիկատների ներկրումն ու վաճառքը ազատված էին թե՛ մաքսատուրքերից, թե՛ ավելացված արժեքի հարկից: Դա արված էր գյուղատնտեսությանն աջակցելու նպատակով, որպեսզի գյուղացին կարողանար էժան գնով ձեռք բերել իրեն անհրաժեշտ թունաքիմիկատներն ու պարարտանյութերը: Սակայն հիմա` մաքսային նոր օրենսդրության կիրառման արդյունքում, գյուղացիները մեծապես տուժելու են: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում թունաքիմիկատների վաճառքով զբաղվող տնտեսվարողները նշեցին, որ սա «աղետ» է լինելու գյուղատնտեսության համար:

Ենթադրվում էր, որ ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում ոչինչ չի փոխվելու, եւ նշված ապրանքները ներառված են լինելու այն 750 ապրանքների ցանկում, որոնց համար գործելու են արտոնություններ: Սակայն պարզվեց, որ թունաքիմիկատների մի փոքր մասն է միայն ներառվել արտոնյալ ապրանքների ցանկում, իսկ մյուս մասը պետք է հարկվի մաքսատուրքով, հիմանականում 5 կամ 6 տոկոս, ինչն էլ անխուսափելիորեն կհանգեցնի զգալի գնաճի:
«Թունաքիմիկատներ ներմուծողները պատրաստ էին աշխատել նաեւ այդ տարբերակով, եւ լուրջ գնաճ կարծես թե չէր սպասվում: Սակայն հանկարծ պարզվում է, որ մեր օրենսդրությամբ ավելացված արժեքից, ազատման արտոնությունից կարող են օգտվել միայն զրոյական մաքսատուրք ունեցող ապրանքները: Այսինքն՝ եթե ինչ-որ մի ապրանք ունի 5 տոկոս մաքսատուրք, այդ ապրանքը ներկրողը պետք է վճարի նաեւ 20 տոկոս ավելացված արժեքի հարկ: Ընդ որում, ԱԱՀ է գործում նաեւ մաքսատուրքի 5 տոկոսի վրա, որը դառնում է 6 տոկոս: Այսինքն՝ թունաքիմիկատների գերակշիռ մեծամասնությունը պետք է հարկվի 26 տոկոսով: Իմ կարծիքով՝ դա բերելու է 30-40 տոկոս գնաճի, ինչն ուղղակի աղետ է գյուղատնտեսության համար»,- «Ժողովուրդ»-ին իրավիճակը ներկայացրեց Ալիկ Ավետիսյանը, ով երկար ժամանակ զբաղվում է թունաքիմիկատների վաճառքով:
Նրա խոսքով՝ սա վերաբերում է նաեւ սերմացուների եւ պարարտանյութերի մի մասին, որոնք օգտագործվում են ջերմոցային տնտեսություններում: Բացի այս, այդ 750 անուն ապրանքների ցանկում ներառված են այն թունաքիմիկատները, որոնք գյուղացին միշտ է օգտագործում: Օրինակ՝ կալցիումի նիտրատ, կալիումի նիտրատ, մոլախոտների դեմ օգտագործվող, սնկասպան եւ միջատասպան թունաքիմիկատների մեծ մասը:
Թունաքիմիկատների վաճառքով զբաղվող տնտեսվարողները մտահոգված են նաեւ այն բանից, որ Ռուսաստանի Դաշնությունում արտադրվող թունաքիմիկատներն ավելի թանկ են: «Անգամ, եթե ներկրվի եւ չվճարվի նախատեսված 26 տոկոս հարկը, միեւնույն է՝ այնքան բարձր գներ են այնտեղ, որ նույնիսկ այդ պարագայում շատ թանկ է ստացվելու»,- լրացրեց Ա.Ավետիսյանը:
Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում ագրոքիմիկատներ վաճառելու համար տնտեսվարողն անպայման պետք է ունենա գյուղատնտեսության նախարարության տրամադրած հատուկ լիցենզիա, որի համար նա պարտադիր վճարում է պետտուրք:
«Նատալի Ֆարմ» ընկերությունն ագրոքիմիկատ վաճառելու արտոնագիր ունի, եւ արդեն մի քանի տարի է, ինչ այդ շուկայում է: Թունաքիմիկատների գների թանկացման հարցով «Ժողովուրդ»-ը զրուցեց «Նատալի Ֆարմ»-ի թունաքիմիկատների վաճառքի գծով պատասխանատու Սուրեն Ասատրյանի հետ. «Մեր ընկերությունն էլ է մտահոգված այս խնդրով: Թանկանալու են թունաքիմիկատների մեծ մասը, գրեթե 80 տոկոսը: Հիմա, երբ սկսվի գյուղմթերքի մշակման շրջանը, թանկացման մասով գյուղացիների արձագանքն ակնհայտ կլինի: Բացի այդ` նախորդ տարվա սեպտեմբերին դոլարի փոխարժեքը կազմում էր մոտ 420 դրամ, իսկ հիմա այն հասնում է 480 դրամի»:
Սուրեն Ասատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում համոզված նշեց, որ այս ամենը կազդի վաճառքի ծավալների վրա: «Ենթադրենք գյուղացին իր սածիլը պետք է բուժի, որի համար նախատեսված է 10 բուժում, բայց գումարի պատճառով ի վիճակի չլինելով դա անել՝ նա ստիպված 5 բուժում կանի: Տուժե՞ց: Իհարկե, տուժեց»,- մտահոգվեց Ասատրյանը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, որտեղից պատասխանեցին հետեւյալը. «ՀՀ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ պայմանագրի N4 հավելվածով արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխանող ապրանքատեսակների (թունաքիմիկատների) համար, որոնց ներմուծման ծավալները երրորդ երկրներից եղել են առավել մեծ, անցումային ժամանակահատվածում սահմանված է ԵՏՄ միասնական մաքսային դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքեր՝ մինչեւ 2018թ. ներառյալ 0-ական, 2019թ. 2 տոկոս, որից հետո պետք է գործեն ԵՏՄ միասնական սակագներ: Ընդ որում, ԵՏՄ միասնական սակագները թունաքիմիկատների համար սահմանված են 4 կամ 5 տոկոս»:
Թեեւ այս շրջանում թունաքիմիկատների խանութների մեծ մասը դեռ շարունակում է փակ մնալ, սակայն գարնան սկզբից դրանք ստիպված են լինելու գյուղացիներին կանգնեցնել տհաճ անակնկալի առաջ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԿԱՊԱՆՑԻՆԵՐԸ ԵՎՍ ԸՆԴՎԶԵՑԻՆ

«Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները Կապանի առեւտրականների մեծ մասին եւս ըմբոստանալու առիթ են տվել: Եթե մայրաքաղաքում դժգոհ առեւտրականները խմբերով դեպի նախագահական նստավայր են շարժվում, ապա այստեղ բոլորը հավաքվել էին մարզպետարանի բակում: Առավոտյան առեւտրի կետերը բացելու փոխարեն տարիներ շարունակ իրենց ընտանիքը առեւտրով կերակրողները այստեղ էին շտապել՝ մարզպետին դժգոհությունները ներկայացնելու:

Հիշեցնենք, որ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը նախորդ տարի եւս բողոքի ալիք բարձրացրեց մայրաքաղաքում: Արդյունքում՝ հոկտեմբերի 7-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ՓՄՁ շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկումների արդյունքում պարզվեց, որ հարկատուները պարտադիր փաստաթղթավորման գործընթացի ժամանակ տեխնիկական խնդիրների առջեւ են կանգնում: Որոշվեց գույքագրման պահանջի գործարկումը հոկտեմբերի առաջին տասնօրյակի փոխարեն տեղափոխել գալիք տարվա փետրվար:
Եթե մինչ այդ մարզկենտրոն Կապանում առեւտրականներից շատերն այդքան էլ լավ չէին տեղեկացված օրենքի դրույթներին, ապա այսօր արդեն, երբ եկել է այն կիրառելու ժամանակը, նրանք եւս համախմբված ընդդիմանում են` հույս ունենալով, որ ինչ-որ բան կփոխվի. «Կապանում չկա մի առեւտրի կետ, որտեղ դեռ 2013-ի պարտքացուցակներ չլինեն: Ինչպես գնման ակտ ձեռք բերել, եթե բնակչության մեծ մասը պարտքով է հագուստ, գրենական պիտույքներ կամ այլ տեսակի ապրանքներ գնում: Իսկ նոր օրենքը եղածն էլ ավելի է բարդացնում»,-երեկվա բողոքի ակցիայի ժամանակ զայրացած նշում էին առեւտրականներն ու արդարություն պահանջում: «Մի կողմից՝ հարկերը, մյուս կողմից՝ դրամի արժեզրկումը, ամեն ինչ իրար է խառնվել, մարդ չգիտի՝ ուր փախչի եւ ինչ անի»,-վրդովում էին հուսահատ մարդիկ:
Քանի որ մարզպետը տեղում չէր, բողոքող առեւտրականներից 4 հոգու մարզպետարանում ընդունեց աշխատակազմի ղեկավար Ռազմիկ Ղազարյանը: Վերջինս խոստացավ տեղեկացնել մարզպետին եւ ջանքեր գործադրել խնդրի լուծման ուղղությամբ:

ՀԵՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կապան

 

 

 

 

ՄԻՆՉԵՎ ԵՂԲԱՅՐԸ ԱԶԱՏՎԻ
Հայաստանի քաղաքացի, Գյումրիում ծնված եւ ապրած ազգությամբ եզդի Մայա Բաքոյանի մահը մամուլում մեծ արձագանք գտավ: Երկրորդ անգամ ամուսնանալով ազգությամբ թուրք Գյումուշթեքի հետ՝ Մայան ունեցավ երկու երեխա, ինչից հետո Թուրքիայում կնոջն սպանեց նրա թուրք տագրը: Առաջին ամուսնությունից ծնված 24-ամյա որդին՝ Մաքսիմը, վերադառնալով Գերմանիայից՝ մոր վրեժը լուծեց` խորթ հորն սպանելով: Մաքսիմը ձերբակալված է, եւ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթանում է գործի քննությունը:
Մի կողմ թողնելով այս պատմության իրավական կողմը՝ անդրադառնանք 10-ամյա Սոնային եւ 8-ամյա Սալիին, որոնց խնամքի հարցը ծնողների մահից հետո երկար ժամանակ շարունակում էր վիճահարույց մնալ: Նշենք, որ Գյումրիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ստեղծվեց խնամակալության հանձնաժողով, որն իր հովանու տակ վերցրեց որբացած երեխաներին: Իսկ մինչ այդ լուրեր տարածվեցին, որ անչափահասներին իր հետ Թբիլիսի է տարել կամ ավելի շուտ՝ առեւանգել մորաքույրը՝ Բասեն Շառոյանը՝ Գյումրիում առավել հայտնի տիկին Էմման:
Զրուցելով խնամակալության հանձնաժողովի նախագահի՝ Աշոտ Գրիգորյանի հետ՝ տեղեկացանք, որ ըստ օրենքի՝ հանձնաժողովի անդամներն առնվազն տարին երկու անգամ երեխաներին այցելելու իրավունք ունեն: Վերջին այցելությունը ամիսներ առաջ էր, որի ընթացքում պարզվեց, որ երեխաները գտնվում են ապահով ձեռքերում: Այժմ նրանք ապրում են Թբիլիսիի Հավլաբար թաղամասում՝ մորաքրոջ որդու՝ Թեմուլի տանը: Հանձնաժողովի նախագահը նշեց նաեւ, որ այցելությունները մշտական բնույթ են կրելու: Ա. Գրիգորյանը պարզաբանեց, որ խնամակալության հանձնաժողովի միջամտությամբ եւ դատարանի որոշմամբ, հաշվի առնելով երկու կողմերի ընտանեկան կեցությունը, երեխաների խնամակալությունը բաժին է հասել մայրական կողմին:
Մեզ հետ զրույցում Թեմուլն ասաց, որ երեխաներին չի պատրաստվում որեւէ մեկին տալ, անգամ՝ հայրական կողմին:«Ես երեք երեխա ունեմ, նրանց երկուսին էլ ավելացրել եմ, ու դարձել են հինգը»,-ասաց նա: Ի դեպ, Մաքսիմի՝ փետրվարի 10-ին կայանալիք դատական նիստին մասնակցելու նպատակով Հայաստան է եկել մորաքույրը՝ Բասենը կամ նույն ինքը՝ տիկին Էմման: Վերջինիս հետ են Սոնան եւ Սալին, որոնց հետ մեզ հաջողվեց հանդիպել:
Տիկին Էմման հայտարարեց, որ ինքը երեխաներին չի առեւանգել, նրանց հետ է Գյումրի վերադարձել, որպեսզի փարատի շրջանառվող բոլոր կասկածները «Երեխաներին հայրական կողմին չենք հանձնի, մանավանդ, որ նրանք առանձնակի ցանկություն էլ չունեն երեխաներին վերցնելու, մենք նրանց կպահենք այնքան, մինչեւ Մաքսիմս ազատվի, եղբոր ու քրոջ խնամակալությունը ինքը հանձ առնի»,-ավելացրեց նա: Ապա խնդրեց գյումրեցիներին կանգնել Մաքսիմի կողքին, լինել նրա հետ թե՛ մինչեւ դատավճիռը, թե՛ դատավճռից հետո: Սոնան ասաց, որ սիրում է Գյումրին, կուզեր այստեղ դպրոց հաճախել, վարժ տիրապետում է հայերենին, թուրքերենին, եզդիերենին եւ արդեն նաեւ` վրացերենին: Եղբայրը՝ Սալին, տեղափոխությունների պատճառով դեռ դպրոց չի հաճախում, սակայն մորաքույրը խոստացավ, որ հարցն այս տարի կլուծեն:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի




Լրահոս