Հետաձգել, հետաձգել մինչև վերջ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շրջանառության հարկի մասին օրենքի վիճահարույց պահանջը` ապրանքների փաստաթղթավորման կիրառումը եւս հինգ ամսով հետաձգելու` ՀՀ Կառավարության որոշումը, մեղմ ասած, տարակուսելի է: Ինչպես հայտնի է՝ օրենքի այս պահանջը պետք է սկսեր գործել դեռեւս անցած հոկտեմբերին, սակայն ՓՄ ձեռներեցների համընդհանուր բողոքի ալիքի արդյունքում Կառավարությունը որոշեց հետաձգել օրենքի այս դրույթի կիրառումը:

Ինչ խոսք, հաշվի առնելով ստեղծված իրադրությունը, դա միանգամայն ճիշտ որոշում էր Կառավարության կողմից: Սակայն դրա հետ մեկտեղ՝ ակնկալվում էր, որ այդ ժամանակահատվածում Կառավարությունը պետք է մշակեր այնպիսի տարբերակներ, որոնք կբավարարեին երկու կողմերին էլ, եւ այս բարեփոխման իրականացման համար սահուն անցման հնարավորություն կստեղծեին:

Մինչդեռ, ինչպես տեսանք, այս երեքուկես ամիսների ընթացքում Կառավարությունը, փաստորեն, մատը մատին չէր խփել եւ անհասկանալի տրամաբանությամբ սպասում էր, որ ՓՄ ձեռներեցներն այս անգամ պիտի ընդունեին այն, ինչն անընդունելի էր նրանց համար տակավին վերջերս: Թե ինչ է սա` պաշտոնական անգործություն թե անմեղսունակություն, դժվար է ասել, սակայն փաստն այն է, որ մինչեւ ժողովուրդը, տվյալ դեպքում՝ մանր եւ միջին ձեռնարկատերերը, չեն նախաձեռնում բողոքի լայնամասշտաբ ակցիաներ, մեր Կառավարությունը չի նկատում, կամ էլ ձեւացնում է, թե չի նկատում առկա խնդիրը:

Այս անգամ, համաձայն Կառավարության ներկայացրած տեղեկատվության, որոշվել է առաջիկա ամիսների ընթացքում այնպիսի օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել, որոնք մինչեւ 58 մլն դրամի տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար կստեղծեն առավել բարենպաստ պայմաններ։ Երեկ էլ Աժ-ում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո նշվեց, որ Աժ ոչ իշխանական ուժերի եւ Կառավարության մոտեցումները կարծեք թե համընկնում են ամենակարեւոր խնդրի` կամավորության սկզբունքով փաստաթղթավորման անցնելու հնարավարության շուրջ:

Արդյո՞ք մինչ հուլիսի 1-ը Կառավարությունն ու ԱԺ-ն կկատարեն խոստացված փոփոխությունները, դժվար է ասել, հատկապես որ հուլիսի 1-ից սկսվում է արձակուրդային շրջանը, եւ ձեռներեցներին հերթական անգամ հուսախաբ անելու դեպքում թե՛ Կառավարությունը, թե՛ Աժ-ն կոչ կանեն սպասել մինչեւ աշուն, դե, իսկ դրանից հետո էլ, ըստ ամենայնի, առեւտրականները կհամակերպվեն: Գուցե սա չափազանց հոռետեսական կանխատեսում է, սակայն հատկապես Հովիկ Աբրահամյանի ղեկավարած Կառավարության փորձը, թեկուզ կարճատեւ, բայց լի է նմանատիպ օրինակներով, որոնցից ամենացցունը կուտակային կենսաթոշակային համակարգի օրինակն է:

Այնպես որ, այդ թվացյալ անմեղսունակությունը բավականին լավ հաշվարկված գործելաոճ է. հարցի լուծումը ձգձգել այնքան, մինչեւ այն պահանջողները վերջնականապես հոգնեն:




Լրահոս