Ինչո՞ւ է ԱՄՆ-ն հրաժարվում Արցախին գումարներ հատկացնելուց. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը Կոնգրեսին է ներկայացրել 2016թ. բյուջեի նախագիծը, որում Հայաստանին հատկացվող գումարը նվազեցված է աննախադեպ չափի: Գալիք տարվա համար Օբաման առաջարկել է Հայաստանին հատկացնել 18 միլիոն 360 հազար ԱՄՆ դոլար, ինչն ամենացածր հատկացումն է Հայաստանի անկախությունից ի վեր: Հիշեցնենք, որ ընդամենը 3 տարի առաջ` 2012-ին, Հայաստանին հատկացված ամերիկյան օգնությունը կազմում էր 40 միլիոն ԱՄՆ դոլար: 2013-ին այդ օգնությունը նվազեցվեց մինչեւ 27 միլիոն 219 հազար դոլարի, իսկ արդեն 2014-ին կազմեց 20 միլիոն դոլար:

Տարեցտարի ԱՄՆ վարչակազմի կողմից Հայաստանին հատկացվող օգնության նվազեցումը, թերեւս, միանգամայն տրամաբանական է եւ համահունչ այդ երկրի` Հայաստանի նկատմամբ ունեցած հետաքրքրության հետ: Օրինակ՝ 2003-ին, երբ ԱՄՆ-ը Հայաստանին տարեկան հատկացնում էր 174 միլիոն դոլար, ամերիկյան ազդեցությունը մեր երկրում շատ ավելի մեծ էր: Համենայնդեպս, այդ ազդեցության ամրապնդման համար դաշտը առավել բաց էր: Մինչդեռ հիմա, երբ մեր երկիրը ոչ միայն իր քաղաքական, այլեւ տնտեսական զարգացման հեռանկարը կապել է ԵՏՄ-ի հետ, ԱՄՆ-ն առանձնապես մեծ շահագրգռություն չպիտի ունենա Հայաստանին ցուցաբերվող տնտեսական օգնությունը չնվազեցնելու հարցում: Այնպես որ, Օբամայից դժգոհելու տեղ չունենք, հատկապես որ ի տարբերություն Ռուսաստանի՝ Միացյալ Նահանգները շարունակում է պահել հավասարակշռությունը Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հարցում, որն այս տարի նվազեցվել է՝ հասնելով 1 միլիոն 700 հազար դոլարի:

Մտահոգիչ է այն, որ այս տարի եւս ԱՄՆ վարչակազմի ներկայացրած բյուջեով չի նախատեսվում հատկացումներ կատարել Լեռնային Ղարաբաղին, եւ առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք անցած տարիների նման 2016-ին եւս Ղարաբաղը կստանա ԱՄՆ-ի Զարգացման միջազգային գործակալության հատկացրած 2 միլիոն դոլարի օգնությունը:
Ամեն դեպքում, երբ Ամերիկայի հայ ազգային կոմիտեն անում է հնարավորը` երկրի վարչակազմից Հայաստանի համար առավելագույն չափով հատկացումներ ստանալու համար, ակամայից զուգահեռներ են առաջանում Ռուսաստանում հայկական տարբեր կազմակերպությունների, օրինակ` Ռուսաստանի հայերի միության գործադրած ջանքերի, ավելի ճիշտ` դրանց բացակայության հետ: Թեեւ ծիծաղելի կլիներ սպասել, որ տնտեսական ճահճում հայտնված Ռուսաստանը ի վիճակի է որեւէ մեկին ֆինանսական օգնություն տրամադրել: Այդ երկիրը նույնիսկ մինչ այս ճգնաժամը պահանջեց եւ ետ ստացավ 2011-ին Հայաստանին տրված 500 միլիոն դոլարի վարկը, այն դեպում, երբ Արեւմուտքից վերցված միլիոնավոր դոլարների վարկերի վերադարձի մասին առայժմ խոսք չկա: Դե, իսկ սեպտեմբերի 3-ից հետո տարփողվող մնացած հայ-ռուսական ծրագրերը, համաձայն որոնց Ռուսաստանը պետք է 1,5 միլիարդի հասնող նախագծեր իրականացնի Հայաստանում, շարունակում են մնալ Գյուլնազ տատի սիրելի ժանրից:




Լրահոս