Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Քաղաքական խորհուրդն, ինչպես 12.12.2014թ.-ի նիստում, այնպես էլ այսօր, անդրադարձել է վերջին ամիսներին քաղաքացիների, հասարակական ակտիվիստների, քաղաքական գործիչների, և փետրվարի 7-ին էլ ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանի դեմ կիրառված բռնության դեպքին՝ արձանագրելով.
«Օրինաց երկիր» կուսակցությունը խստորեն դատապարտում է ցանկացած ոտնձգություն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու՝ հատկապես հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ:
ՕԵԿ-ը անընդունելի է համարում, հասարակական-քաղաքական գործընթացների զարգացումները, սոցիալ-տնտեսական և տարրաբնույթ այլ խնդիրների հետ կապված մարդկանց արդարացի բողոքի ձայնը բռնությունների և ահաբեկումների միջոցով կասեցնելու փորձերը:
Միաժամանակ ՕԵԿ քաղխորհուրդը փաստում է, որ վերջին շրջանում արդեն հաճախակի կրկնվող հարձակումները քաղաքական, հասարակական գործիչների և ակտիվիստների վրա խիստ վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և հասարակական համերաշխության մթնոլորտի ապահովման համար:
Իրավապահ մարմինները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցանք կատարած անձանց հայտնաբերելու և պատժելու համար, միջոցներ ձեռնարկեն հետագայում նման դեպքերի կրկնությունը բացառելու համար: Հակառակ դեպքում երկրում կարող է ձևավորվել անպատժելիության մթնոլորտ և բռնության ավանդույթ:
Արտաքին մարտահրավերների, օրեցօր խորացող սոցիալ-տնտեսական բացասական միտումների պայմաններում երկրի ներսում թշնամանք ու ատելություն սերմանելու ցանկացած դրսևորում լրջագույն սպառնալիք է հանրության և Հայաստանի ազգային անվտանգության համար: