ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ՝ «ԲՈՆԲՈՆԵՐԿԱՅԻ» ՈՒ ԿՈՆՅԱԿԻ ՏԵՍՔՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008թ. կառավարությունը նախաձեռնեց մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության ոլորտի բարեփոխումներ՝ ավելացնելով պետական բյուջեի հատկացումներն այս ծրագրում: Ներդրվեց սերտիֆիկացման մեխանիզմը, որի շրջանակում հղիները ստանում են ծննդօգնության հավաստագրեր: Վերջիններս երաշխավորում են ծննդաբերության անվճար բժշկական ծառայություններ ՀՀ ողջ տարածքում: Թվում է՝ ծննդկաններին ոչինչ չի մնում, քան հավաստագրով ներկայանալ ծննդատուն եւ մտածել միայն առողջ բալիկ ունենալու մասին: Բայց սա միայն թվում է:
2 տարի առաջ Վանաձորի ծննդատանը ծնվեց փոքրիկս, եւ այն, ինչ տեսա այնտեղ, մեկ բառով կարելի է անվանել խայտառակություն: Ծննդկանների պալատ մտավ ծննդատան աշխատակիցներից մեկն ու ասաց, որ յուրաքանչյուր ծննդկան իր երեխային տանի պատվաստման՝ իր հետ վերցնելով մի-մի հատ «պլիտկա»: Պատվաստող բժշկի սենյակի մոտ զավեշտալի հերթ էր գոյացել. կանգնած էին երիտասարդ մայրեր՝ ամուր գրկած իրենց փոքրիկներին եւ ձեռքներին «պլիտկաները»: Սա դեռ ամենը չէր: Հետծննդաբերական ցավերից կուչ եկած մայրերից մեկը բուժքրոջից ցավազրկող դեղ խնդրեց, վերջինս էլ պատասխանեց, որ չունեն, թող հարազատներին ասի՝ բերեն: Իմ բախտը բերել էր: Ինձ համար «ասված էր», ու ինձ տվեցին էժանագին պարացետամոլի մեկ հաբ: Որպեսզի ասվածը չդիտվի որպես լրագրողի կողմից սենսացիաների որոնմանն ուղղված հորինվածք, որոշեցի հարցում անցկացնել Վանաձորի ծննդատանը ծննդաբերած մայրերի շրջանում: Զրուցակիցներս, բնականաբար, չցանկացան ներկայանալ. մարդ ես, գուցե վաղը-մյուս օրը որոշեն հերթական երեխան ունենալ, ու բժիշկները ճանաչեն…
Երկու երեխայի մայր, մանկավարժ զրուցակիցս իր երկու բալիկներին ծննդաբերել է Վանաձորում. «Դժգոհ եմ ծննդատան հակահիգիենիկ պայմաններից, բուժանձնակազմից: Զգում էի, որ երեխաս ծնվում է: Այդ մասին ասացի բուժաշխատողներից մեկին, իսկ նա կոպիտ ձեւով ասաց. «Դու շատ չես գլխի՝ ծնվում ա, թե չէ»: Եւ իրոք, երեխան ծնվում էր»: Հաջորդ զրուցակիցս եւս երկու երեխայի մայր է: Երկուսին էլ ծննդաբերել է Վանաձորում: Նրա համար «ասել են», այդ պատճառով էլ բուժաշխատողներն իրենից ոչինչ չեն ուզել. «Անձամբ չեն ուզել, բայց մենք վերջում ծաղիկներ ենք տվել մի անգամ բժշկուհուն, մի անգամ մանկաբարձին, պլյուս դրան, ում ծաղիկներ չենք տվել, բոնբոներկա, կոնյակ եմ տվել»:
Սոցիալական կայքի միջոցով հարցված զրուցակցիս կարծիքով ծննդատան աշխատակիցներին հետաքրքրում են ոչ այնքան ծննդկանն ու երեխան, որքան դրամը: Այցելեցինք Վանաձորի ծննդատուն: Այցելության պահին ընդունարանի մուտքի մոտ տարեց ու երիտասարդ երկու կանայք էին նստած, որոնք սպասում էին իրենց ընտանիքի մանկան լույս աշխարհ գալուն: Երբ հարցրի, թե գոհ են ծննդատան աշխատակիցների սպասարկումից, իրենցից էլ են «բոնբոներկա», կոնյակ ուզել, միաբերան ասացին, որ ոչ, իրենք անչափ գոհ են ծննդատան աշխատակազմից. «Բոնբոներկա բերողն իր ցանկությամբ է դա անում: Հո բժիշկը չի՞ ասում՝ ինձ բոնբոներկա բե՛ր: Ես թոռ եմ ունեցել, չեն ասել»: Քիչ անց պարզեցի, որ դրսում սպասող կանայք քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի խնամիներն էին:
Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիրի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանը հրաժարվեց զրուցել մեզ հետ: Փոխարենը Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանի հրահանգով մեզ հարցազրույց տալուն համաձայնեց հիվանդանոցային համալիրի փոխտնօրեն Արտակ Եդոյանը: Նրան ասացի, որ լսել եմ՝ ծննդատան աշխատակիցները ծննդկաններից կոնյակ, «բոնբոներկա», «պլիտկա» են ուզում: Բժշկական համալիրի փոխտնօրենը պատասխանեց. «Դուք, լինելով թղթակից, իրավունք չունեք անելու այդ արտահայտությունը՝ լսել եմ: Շատ բան կարող եք լսել, մենք էլ ենք շատ բան լսում, բայց դա չի նշանակում, որ դա իրականությանը համապատասխանում է: Ամեն լսած չէ, որ համապատասխանում է իրականությանը: Եթե մարդն իր ցանկությամբ փորձում է մեկին ինչ-որ շնորհակալություն հայտնել ինչ-որ քաղցրեղենով, ես դրա դեմը չեմ կարող առնել: Բայց ես միանշանակ կարող եմ ասել, որ «պահանջել» հասկացողություն չկա: Համենայնդեպս, ինձ հայտնի չէ»:
Ձայնագրիչն անջատելուն պես Ա. Եդոյանը բարկացավ, որ մեր՝ լրագրողներիս պատճառով է, որ ոչ մի մարդ իրենց շնորհակալություն չի հայտնում իրենց կատարած գործի համար, եւ եթե տարիներ առաջ բժիշկների առջեւ խոնարհվում էին, ապա այսօր նրանց սեւերես են անում, նրանց արած բարի գործերի մասին չեն խոսում: Նա նույնիսկ թույլ չտվեց լուսանկարել թե՛ իրեն, թե՛ ծննդատան սանհանգույցները: Դա բացատրեց այն հանգամանքով, որ եթե մտնեմ ծննդատուն, ապա կարող եմ վտանգել ծննդատան սանիտարահիգիենիկ վիճակը:
Անդրադառնանք բժիշկ Եդոյանի ասածին: Լրագրողի խնդիրը ոչ թե այս կամ այն պաշտոնյայի, հասարակության մեջ որեւէ դիրք գրավող անձի երեսին ցեխ շպրտելն է, այլ նկատվող արատավոր երեւույթները բարձրաձայնելը: Տվյալ պարագայում գուցե կառավարությունը վերանայի՞ Վանաձորի ծննդատան աշխատակիցների աշխատավարձերը եւ բարձրացնի՞ դրանք: Թե չէ ստացվում է՝ անվճար ծննդօգնության սերտիֆիկացումից հետո աշխատակիցներն ապավինում են ծննդկանների հարազատների առատաձեռնությանը:

ՄԵԼԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ




Լրահոս