Ուկրաինան ամեն դեպքում հետ չի բերի կորցրած տարածքները. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվ այսպես` Մինսկում շուրջ 16 ժամ տեւած բանակցությունների արդյունքում կարծես թե հնարավոր դարձավ նոր լայնամասշտաբ պատերազմից խուսափել: Համենայն դեպս, «Նորմանդական ձեւաչափով» այս բանակցություններից առաջ իրավիճակն այն աստիճան լուրջ էր եվ մոտ անվերահսկելիության եզրագծին, որ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի առաջնորդները հայտարարեցին, թե այս հանդիպումը, ըստ էության, վերջին հնարավորությունն է, եւ այն ամեն դեպքում լինելու է շրջադարձային` վատ կամ լավ առումով:

Բարեբախտաբար, շրջադարձը եղավ լավ առումով. մինսկյան բանակցությունների արդյունքում Ուկրաինայի վերաբերյալ ընդունվեց 13 կետից բաղկացած համաձայնագիր, որով սահմանվեց նախ` փետրվարի 15-ից Ուկրաինայի Դոնեցկի եւ Լուգանսկի առանձին հատվածներում կրակի անհապաղ եւ համապարփակ դադարեցում, ծանր սպառազինության դուրսբերում՝ ԵԱՀԿ-ի վերահսկողության ներքո, անօրինական խմբավորումների զինաթափում, սպառազինության դուրսբերման գործընթացի սկսումից մեկ օր անց երկխոսության մեկնարկ, ինչպես նաեւ՝ Ուկրաինայի օրենսդրության եւ «Ուկրաինայի Դոնեցկի ու Լուգանսկի առանձին շրջաններում տեղական ինքնակառավարման մարմինների ժամանակավոր կարգի մասին» օրենքի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման եւ այդ տարածքների ապագա ռեժիմի շուրջ, 30 օրվա ընթացքում, Գերագույն ռադայի որոշման ընդունում:

Առայժմ դժվար է այս համաձայմագիրը որակել պատմական` հաշվի առնելով նախկինում հենց այս նույն ձեւաչափով կայացած բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնության կոպիտ խախտումը թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի կողմից: Սակայն այն, որ այս համաձայնագիրը խոստանում է առնվազն ժամանակավոր խաղաղություն եւ իրավիճակի լիցքաթափում, արդեն իսկ մեծ ձեռքբերում է:
Այնուամենայնիվ, մի բան է այս համաձայնագրի ընդունումը, մեկ այլ բան` դրա իրագործումը, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Ուկրաինայի նախագահ Պետր Պորոշենկոյի համար օբյեկտիվորեն բավականին բարդ է լինելու դիմագրավել իր ընդդիմախոսներին եւ Ուկրաինայի ազգային շահերի տեսանկյունից նշված փաստաթղթով սահմանված զիջումները մարսել: Մինչդեռ, օրինակ, Վլադիմիր Պուտինի համար նման խնդիր գրեթե չկա, թեեւ ՌԴ-ն այս համաձայնագրով եւս որոշակի զիջումների գնացել է:

Արդյոք անկանխատեսելի Ուկրաինան այսպիսով կկարողանա ճեղքել արդեն մեկուկես տարի տեւող եւ շուրջ հիսուն հազար մարդու կյանք խլած այս մղձավանջը եւ, ի վերջո, վերագտնել իր կայունությունը, թե այդ երկրին դեռ սպասում են նոր «մայդաններ» եւ հեղաշրջումներ, դժվար է ասել: Բայց որ ցանկացած ելքի դեպքում Ուկրաինան հետ չի բերի իր կորցրած տարածքները, կասկածից դուրս է: Եվ որքան էլ ցավալի է, սակայն պատմության մեջ հենց դա է մնալու որպես կատարվածի արժանահիշատակ արձանագրում:




Լրահոս