ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ պատասխանեց Սերժ Սարգսյանին` հայտարարելով, որ ընդունում է նրա մարտահրավերը եւ գնալու է մինչեւ վերջ` մինչեւ հաղթանակ: ԲՀԿ առաջնորդն իր կուսակցության քաղխորհրդի նիստում հայտարարել է, որ այլեւս իրենց նպատակը «չարիքի իշխանությունից ազատվելն է»:
Գագիկ Ծառուկյանի պատասխանը կարելի է ամփոփել հետեւյալ երեք նախադասությամբ. «Ես այժմ կոչ եմ անում համազգային մոբիլիզացիայի՝ ունենալով մեկ նպատակ` քաղաքական բոլոր օրինական մեթոդներով (անդադար հանրահավաքներ, երթեր, ցույցեր, անհնազանդություն եւ այլն) հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը` ազատվելու համար չարիքի այս իշխանությունից: Այս իշխանությունն անհապաղ պետք է հեռացվի, եւ մենք պետք է փակենք մեր պատմության անփառունակ եւ ամոթալի այս էջը: Հայաստանը պետք է մաքրել գաղջ մթնոլորտից: Մեր խոսքը գործ է: Իմ կյանքի ամենամեծ գործն այժմ ես համարում եմ չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը»:
Երեկ՝ ԲՀԿ քաղխորհրդի նիստից հետո, որը տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատում», այնտեղ ժամանեցին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, այնուհետեւ՝ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: ԲՀԿ նախագահի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանի տարածած հաղորդագրությամբ՝ տեղի է ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ հանրապետության առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: Ի դեպ, այդ հանդիպմանը մասնակցել են նաեւ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը եւ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Լեւոն Զուրաբյանը: Իսկ թե ինչ է քննարկվել այդ հանդիպումների ընթացքում, արդյոք կողմերը որեւէ հայտարարի եկել են, թե ոչ, Իվետա Տոնոյանի հաղորդագրությունում ոչինչ նշված չէ: «Այս ձեւաչափի քննարկումները շարունակվելու են եւս մեկ-երկու օր, որից հետո եռյակը հասարակությանն է ներկայացնելու հետագա անելիքները»,- նշված է Տոնոյանի տարածած հաղորդագրությունում:
Երեկվա դրությամբ Ռոբերտ Քոչարյանը դեռեւս որեւէ կերպ չէր արձագանքել Հայաստանի քաղաքական դաշտում ծավալված իրադարձություններին:
Այսպիսով՝ այլեւս ակնհայտ է, որ Հայաստանի քաղաքական դաշտում սկսված առճակատումը գնալով սրվելու է, իսկ թե, ի վերջո, ինչ հանգուցալուծում կունենա, ցույց կտա ժամանակը:
Սակայն կա մեկ խնդիր, որը առաջին հայացքից ստեղծված իրավիճակի հետ կապ չունի, քանի որ քաղաքական հարց չէ, բայց իրականում ամեն ինչ կարող է հենց այդ խնդրի հետ շաղկապված լինել: Խոսքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մասին է: Այսօր արդեն ակնհայտ է, որ առաջիկա ամիսներին Հայաստանի քաղաքական դաշտն ալեկոծված է լինելու: Իսկ նման պայմաններում Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կայացումն ինքնին արդեն կասկածի տակ է դրվում: Գագիկ Ծառուկյանի դեմ «խաչակրաց արշավանք» սկսելու Սերժ Սարգսյանի քայլը ինչու հենց այս փուլում արվեց: Արդյո՞ք նա չի գիտակցել այն փաստը, որ դրանից հետո Հայաստանի քաղաքական դաշտում կստեղծվի մի իրավիճակ, որի պայմաններում համապետական այդ կարեւոր` Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները կտապալվեն, մեկուկես միլիոն զոհերի ոգեկոչումն այլեւս անհնար կլինի իրականացնել համաժողովրդական համախմբվածության պայմաններում:
Ուստի բացառված չէ, որ Սերժ Սարգսյանը միտումնավոր հենց այս փուլում նման քայլ կատարեց, որպեսզի հնարավոր լինի ինչ-որ կերպ արդարացնել Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տապալումը: Այսինքն՝ ՀՀ իշխանությունները հաշվարկել եւ հասկացել են, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները տապալված են, եւ հնարավոր չի լինի դրանց միջազգային հնչեղություն տալ, գոնե այնքան, որ այն չզիջի Թուրքիայի կազմակերպած Գալիպոլի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին, որոնք հենց ապրիլի 24-ին են նախատեսված: Իսկ ստեղծված իրավիճակում հնարավոր կլինի այդ տապալումը ներկացնել որպես երկրում առկա քաղաքական ցնցումների, ներքին առճակատումների արդյունք: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը ստեղծված պայմաններում կփորձի Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տապալման պատասխանատվությունը գցել Գագիկ Ծառուկյանի եւ նրա կողմնակիցների վրա: Միեւնույն ժամանակ այդ հանգամանքը Սերժ Սարգսյանին հնարավորություն կտա Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ամենակոշտ մեթոդները կիրառել` նրան ներկայացնելով որպես համապետական ձախողման մեղավոր: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ եթե ներկայումս Սերժ Սարգսյանի ազդեցությունը քաղաքական դաշտի վրա ինչ-որ հաստատուն վիճակում է, ապա ապրիլի 24-ից հետո այն գնալով միմիայն նվազելու էր: Այսինքն՝ եթե Սերժ Սարգսյանը վաղուց որոշել էր Գագիկ Ծառուկյանին ոչնչացնել, ապա նա դա պետք է հենց այս փուլում աներ, նա այլեւս սպասելու ժամանակ չուներ:
Մեկ բան ակնհայտ է՝ Սերժ Սարգսյանն այս ճակատամարտը սկսելով՝ փորձելու է մի կրակոցով մի քանի թիրախ խոցել:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
«ԴՈԴԻ» ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ
2007-ի ապրիլին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը «Ազգ» օրաթերթի կայքէջում, անդրադառնալով իր` «Դոդի Գագո» մականվան ծագմանը, պարզաբանել է.«Մեր ազգի տղամարդիկ աշխատող ու հաղթանդամ են եղել ու ճաշը կերել են խոր ու մեծ ամաններով: Էդ ամաններին բարբառով ասում են «դոդ», ոնց որ ասենք՝ ոչ խորը ամանին ասում են «քրեղան»: Հիմա ազգի տղամարդկանց ասել են «դոդենց», այսինքն՝ դոդով ճաշ ուտողների»:
ԱՐԴԵՆ ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՆ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ շատ կարեւոր է ճնշումների գործադրումը՝ Ուկրաինայի արեւելքում հրադադարի պահպանման որոշումն իրագործելու համար:
ԿԱՊ ՉՈՒՆԵՐ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է armlur.am-ի հրապարակած տեղեկությունը, որ Քոչարյանը երեկ՝ ուշ երեկոյան, վերադարձել է Երեւան, սակայն վստահեցրել է, որ դա պայմանավորված չէ նախօրեի քաղաքական իրադարձություններով: Նա 2rd.am-ին ասել է.«Երկրորդ նախագահը գտնվում էր Եվրոպայում, որտեղից ժամանել էր Կիեւ՝ տրանզիտով, ընդամենը մեկ ժամ է անցկացրել տեղի օդանավակայանում, այնուհետ՝ մեկնել Երեւան: Եվ այդ ամենը՝ դեռեւս երկու շաբաթ առաջ գնված տոմսի ժամանակացույցին համապատասխան»:
ՁԵՌԱԳԻՐԸ ԽԱՌՆԵԼ Է
Սերժ Սարգսյանի վերջին ելույթը` կապված ԲՀԿ-ի եւ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործունեության հետ, «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը ՀՀԿ-ի ընկճախտի արդյունք է համարում: Armlur.am-ի հետ զրույցում Կարապետիչն ասել է, թե վստահ է, որ սա այս կերպ Սերժ Սարգսյանը փորձ կատարեց քաղաքական վերջնահաշիվ մաքրել. «Ուրիշ ճար չունեն, վարկաբեկված են: Դա նրանց ձեռագիրն է` ով մեզ հետ չէ, մեր դեմ է»:
ԽՆԱՄՈՒՆ «ԿԲԱՄՓԻ՞»
Հայաստանի վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ Հանրապետականի խորհրդի նիստում ունեցած ելույթում ասել է. «Ես գտնում եմ, որ մեծ անելիքներ ունեմ եւ անելու եմ գործնականում՝ օգտագործելով իմ՝ վարչապետի լիազորությունները, վարչական լծակները: Եվ այն մարդիկ, ովքեր մեկ, երկու, երեք անգամ ասելուց հետո չեն ընկալում, պետք է մի անգամ էլ բամփենք»,- ասաց վարչապետը:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԱՋ ՁԵՌՔԸ ԿՏՐԵՑԻՆ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Կարեն Պապոյանն ազատվել է Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Նշենք, որ Պապոյանը մարզպետ Արամ Հարությունյանի` «Բուլկի» Արամի մերձավորներից էր, եւ այս առումով նրա պաշտոնանկությունը բավականին ուշագրավ է:
ՆՈՐ ԴԵՍՊԱՆԸ
Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Ս. Սարգսյանը շնորհավորելով Միլսին` հույս է հայտնել, որ նրա առաքելությունը կնշանավորվի հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության նորանոր ձեռքբերումներով:
ՀՅԴ-Ի ՅՈԹ ԵՐԳԵՐԸ
Արձագանքելով ՀՀԿ-ԲՀԿ վերջին առճակատմանը` ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը yerki.am-ին ասել է.«Վերջին շրջանում ներքաղաքական լարվածությունն ակնհայտ աճում էր: Քաղաքական բնականոն բանավեճը սպառնում էր անցնել անհանդուրժողականության, անձնական վիրավորանքների, հնարավոր առճակատումների խիստ վտանգավոր, երկրի ու ժողովրդի անվտանգությունը սասանող սահմանը: Բիզնեսի եւ քաղաքականության տարանջատումը, գործողություններում ու ծրագրերում երկրի, պետության շահի գերակայությունը սկզբունքներ են, որոնք, մեր համոզմամբ, պետք է պարտադիր լինեն մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում:
Համոզված ենք, որ սահմանադրական բարեփոխումներն են այն միջոցը, որը բոլորին կպարտադրի առաջնորդվել այս սկզբունքներով, Ազգային ժողովը կդառնա լիարժեք քաղաքական մարմին, երկրում կձեւավորվի նոր որակի իշխանություն, համապատասխան բարոյահոգեբանական մթնոլորտ եւ քաղաքական գործունեության նպաստավոր դաշտ»:
ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՊԻՏԻ ՏԱՐ
Հայտնի դերասան Հայկ Մարությանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի վերջին ելույթին, Facebook-ի իր էջում գրել է. «Դուրս է գալիս՝ տարիներ շարունակ մեր հայրենիքը կրկեսի՞ էր վերածված: Եթե արդեն խոսում ենք գրագետ քաղաքականության մասին, այսպիսի խոստովանություններից եւ պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի համար իր վրա վերցնելուց հետո քաղաքակիրթ աշխարհում նախագահը անհապաղ պետք է հրաժարական տար»:
ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ
Գրող, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը դիմում է գրել՝ ԲՀԿ-ի շարքերն ընդունվելու համար: «Սերժ Սարգսյանի երեկվա ելույթից 37 թվականի փտած, նեխած հոտ է գալիս: Այսինքն՝ սահմանային բախումները, քաղաքական գործիչների ծեծուջարդը, ամեն տեսակի վայրագություններն օգուտ չտվեցին, այսպես թե այնպես՝ ՀՀ քաղաքացիների մոտ 80 տոկոսը գտնվում է անկախության ճիրաններում: Հասարակության ուշադրությունը շեղելու համար որոշվեց վերջին հարվածը հասցնել Գագիկ Ծառուկյանին, ընդ որում, ամենազզվելի եղանակով, այդ էր պատճառը, որ որոշեցի դառնալ Գագիկ Ծառուկյանի կուսակցության անդամ»,- իր որոշումը հիմնավորել է ՍԴՀԿ նախկին անդամը:
ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ
ԱՄՆ կոնգրեսականները լսումների ժամանակ դատապարտել են Ադրբեջանում իրավապաշտպանների եւ ակտիվիստների նկատմամբ հետապնդումները։