Դուդուկահար Կամո Սեյրանյանը, ով նոր է վերադարձել Շվեյցարիայում կայացած համերգից, արդեն պլանավորում է այս տարի մենահամերգ ունենալ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է իր ծրագրերի մասին, անդրադարձել է իր դաշտում կայանալու ճանապարհին հանդիպող խոչընդոտներին: Կամո Սեյրանյանն այն կարծիքին է, որ որքան էլ երաժիշտը տաղանդավոր լինի, միեւնույն է, հեռուստաընկերությունները գումարը ստանալու են, որ «աղբը վերցնեն ու տարածեն»:
-Օրերս եք վերադարձել Շվեյցարիայում կայացած համերգից, որտեղ հանդես եք եկել աշխարհահռչակ երաժիշտներ ընդգրկող «Forbidden Saints» խմբի հետ: Արտերկրի հանդիսատեսն ինչպե՞ս ընդունեց դուդուկը:
-Համերգը շատ լավ անցավ: Այս խմբում հավաքվել են արտասահմանցի շատ լուրջ երաժիշտներ, մեծ մասը՝ Լատինական Ամերիկայից: Նրանցից մեկը նվագում է Շակիրայի բենդում, 4 «Գրեմմի» է ստացել: Իսկ դուդուկը շատ ջերմ է ընդունվում արտերկրում: Հիմա արդեն մեր խմբով պատրաստվում ենք մայիսի 3-ին ԱՄՆ-ի «Նոկիա» թատրոնում կայանալիք համերգին:
-Տաղանդավոր դուդուկահարի առջեւ Հայաստանում կայանալու ի՞նչ հնարավորություններ են բացվում, եւ ի՞նչ խոչընդոտներ կան, որոնք շրջանցելը խրթին է:
-Արդեն երկար տարիներ է, ինչ դասավանդում եմ եւ կարող եմ փաստել, որ մենք ունենք փայլուն ուսանողներ: Անձամբ ես դաշտում կայանալու համար շատ մեծ ֆինանսական խնդիրների եմ բախվել: Մեր երկրում, եթե ձեռքիդ կոնկրետ գումար չունենաս, շատ դժվար կլինի քեզ համար: Որքան էլ որ տաղանդավոր լինես, միեւնույն է, հեռուստաընկերությունները գումարը ստանալու են, աղբը վերցնեն ու տարածեն… Ի՞նչ տաղանդի մասին է խոսքը…
-Բայց ուսանողների մեջ դուդուկի «հետեւից գնացողները» շատ են, այնինչ՝ մյուս գործիքներն անտեսվում են:
-Որովհետեւ դուդուկը քչից-շատից ճանաչում, փող է բերում: Եվ կան նախադեպերը, որ այս գործիքի շնորհիվ կարելի է հասնել բարձունքների: Իսկ, ահա, ուրիշ գործիքներ՝ թառը, քամանչան, աստիճանաբար «կորչում են», դրանցով հետաքրքրվողները՝ պակասում: Ու դա ո՛չ մշակույթի նախարարությանն է մտահոգում, ո՛չ ԶԼՄ-ներին:
-Դուք այն երաժիշտներից եք, որ առաջնորդվելով «արվեստը սահմաններ չունի» կարգախոսով՝ անգամ նվագակցեցիք ադրբեջանցուն, ինչի համար բուռն քննադատությունների ենթարկվեցիք: Ամեն դեպքում, դրանք չե՞ն կոտրում արտիստին:
-Միանշանակ, արվեստը սահմաններ չի ճանաչում, պետք լինի՝ վաղն էլ կնվագեմ: Ես այդ քննադատներին մի բան ասացի՝ ի՞նչ է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ռուսաստանում Մոցարտ, Բեթհովեն չէի՞ն լսում. երաժշտությունն ազգություն չի ճանաչում:
-Դուք համարձակություն ունեցաք դուդուկի նվագակցությամբ ներկայացնել Արամ Խաչատրյանի «Լեզգինկա»-ն եւ «Սուսերով պար»-ը: Հաջորդ հեղինակը, ում «կդիպչեք», ո՞վ կլինի:
-Մտադիր եմ ներկայացնել Շուբերտի «Ավե Մարիա»-ն: Ես դուդուկով ներկայացրել եմ նաեւ Բաբաջանյան: Առհասարակ, շատ գործերի կարելի է «մոտենալ», դուդուկով գեղեցիկ կհնչի նաեւ Մանսուրյանը… Սակայն, ցավոք, այս գործիքի հնարավորությունները շատ մեծ չեն:
-Այս տարի կայանալիք Ձեր մենահամերգը նվիրված է լինելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Առհասարակ, այս թեմայով աշխարհին ի՞նչ մեսիջներ եք պատրաստվում հղել Ձեր արվեստի միջոցով:
-Համերգը յուրահատուկ հնչողությամբ եւ օրիգինալ է լինելու: Ներկա են լինելու սիմֆոնիկ նվագախումբ, արտասահմանցի սոլիստներ: Շվեյցարացի երաժիշտները շատ ոգեւորված են իմ նախաձեռնությամբ եւ խոստացել են իմ կողքին լինել: Իսկ ինչ վերաբերում է մեսիջներին, ապա ասեմ, որ հիմա մի հետաքրքիր բան եմ մտածել, որը եթե հաջողվի իրագործել, հրաշալի կլինի: Հոլիվուդյան շուկայում կա մի հայտնի կոմպոզիտոր՝ Հանս Զիմերը: Նա Հոլիվուդի ամենահզոր ֆիլմերի երաժշտություններն է գրում: Հնարավոր է՝ կոմպոզիտորին պատվիրենք Հայոց ցեղասպանության թեմայով մի ստեղծագործություն դուդուկի համար: Դրա համար մեծ գումարներ կպահանջվեն: Տեսնենք՝ ինչպես կստացվի…
ՏՐԱՄՊԼԻՆ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Երեւանի ստեղծագործ շերտը` դերասաններ, ռեժիսորներ, նկարիչներ եւ այլ արվեստագետներ, մի վայրում հավաքվելու եւ համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորություն կստանան: Արվեստի ոլորտի մի քանի երիտասարդներ, այդ թվում՝ «Խամաճիկներ»-ի պետական թատրոնի դերասաններ, որոշել են վերադարձնել տարիներ առաջ գործած ավանդույթը. «Մի ժամանակ Երեւանի թատերական եւ Երեւանի գեղարվեստի ինստիտուտները միասին էին, այս երկու ոլորտների արվեստագետները՝ մշտական կապի մեջ: Հիմա, երբ այդ թելը կտրվել է, ցանկություն ունենք նույն սխեմայով տարբեր ոլորտի անձանց հավաքել մի վայրում, հետաքրքիր ներկայացումներ անել, փոքրիկ ֆիլմեր ցուցադրել, ցուցահանդեսներ կազմակերպել եւ այլն»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեկնաբանեց ռեփեր, դերասան Համո Ադիյանը:
Նրա խոսքով՝ ժամանակին, երբ Անգլիայում ստեղծվեց փաբը, այդ տարածքում մարդիկ թատրոնի փոքր մոդելը հիմնեցին, փոքր ներկայացումներ արեցին, եւ այդ կուլտուրան այնքան զարգացավ, որ հոլիվուդյան շատ աստղեր, այդ թվում՝ Գարի Օլդմենը, դուրս եկան հենց այդ փոքր թատրոնից: «Սա կարող է տրամպլին հանդիսանալ բոլոր երիտասարդ ստեղծագործողների համար, ոգեւորել նրանց, իրենց ոլորտում առաջ գնալու հնարավորություն տալ: Նրանք կստանան բեմ՝ ներկայացումներ, մոնոներկայացումներ, «stand-up» շոուներ անելու համար»,-ընդգծեց Հ. Ադիյանը՝ հավելելով, որ իրենք մտադիր են համագործակցել տարբեր թատերախմբերի եւ փառատոնների հետ:
Նրա խոսքով՝ իրենք փորձել են «այս մոխրագույն դարձած քաղաքում» արվեստի մարդկանց համախմբելով՝ մի նոր, գունավոր մթնոլորտ ստեղծել, կտրել մարդկանց տեխնոլոգիական դարաշրջանի բերած անվերջանալի ինֆորմացիաներից եւ արվեստին մոտեցնելու ուղիներ ցույց տալ, վերականգնել մարդկային շփումները:
Դերասան, նկարիչ Հակոբ Հակոբյանի խոսքով էլ սպասվում են կտավների, կոլաժների ցուցահանդեսներ. «Մենք շահագրգռված ենք, որ երիտասարդ նկարիչներն իրենց ստեղծագործությունները ներկայացնելու հարթակ ունենան: Կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ՝ նրանց աջակցելու համար»,-մեզ հետ զրույցում ասաց նա:
Հ.Գ. Երիտասարդների հիմնած վայրը՝ «Shakesbeer» փաբը, պաշտոնապես կբացվի փետրվարի 21-ին:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՍԱՐՈՅԱՆԸ՝ ՄԵԾ ԷԿՐԱՆԻՆ
Ժանրը՝ դրամա, պետությունը՝ ԱՄՆ, բյուջեն՝ հինգ միլիոն դոլար, անձնակազմը՝ պրոֆեսիոնալ եւ աշխարհահռչակ: Սա IMDB.com կայքում վերջերս հայտնված համառոտ նկարագրությունն է ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» գրքի հիման վրա նկարահանված «Իթաքա» ֆիլմի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Իթաքա» ֆիլմի պրեմիերան, որի ռեժիսորը հոլիվուդյան գերաստղ Մեգ Ռայանն է, իսկ պրոդյուսերը՝ Թոմ Հենքսը, կկայանա տարեվերջին՝ դեկտեմբերի 31-ին, ԱՄՆ-ում: The Hollywood Reporter-ը ֆիլմն ընդգրկել է տարվա հարյուր ամենասպասված ֆիլմերի ցանկում: Ըստ ամսագրի՝ դրանում լուրջ դերակատարություն է ունեցել ոչ միայն Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունը, այլեւ դերասանական կազմը, որ բավական հզոր է: Բացի ռեժիսուրայից՝ Ռայանը ֆիլմում կմարմնավորի հերոսի մոր կերպարը: Ֆիլմում խաղում են նաեւ Մելանի Գրիֆիտը, Սեմ Շեփարդն ու Լուիս Ռոբբինսը:
ՆՈՐ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿ
«Հովեր» պետական կամերային երգչախումբը հանրությանը ներկայացրել է իր նոր ձայնասկավառակը: Յոթերորդ CD-ն ամփոփում է Կոմիտասի, Սյունիի, Սայաթ-Նովայի, Վ. Մանուկյանի, Ա. Ոսկանյանի, Ս. Բոյաջյանի եւ այլոց ոսկեհյուս խմբերգային ստեղծագործությունները: Ձայնասկավառակի շնորհանդեսն անցկացվել է փետրվարի 16-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել են ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն ու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Հիշեցնենք, որ երգչախումբը ձայնագրել է 6 ձայնասկավառակ, մասնակցել է գեղարվեստական ֆիլմերի երաժշտական ձեւավորումներին, համերգներով ներկայացել է արտերկրում, հանդես եկել մեծանուն երաժիշտների հետ:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՐԿԱՎՈՐ
Կինոօպերատոր Վարդան Զիլֆուղարյանն օգնության կարիք ունի: Նա, ում որպես իր գործի հմուտ գիտակ, ճանաչում է հայկական ողջ մեդիադաշտը, ով չնայած իր երիտասարդ տարիքին, հասցրել է աշխատել նաեւ «Մոսֆիլմում», առողջական լուրջ խնդիր ունի: Վարդանն այժմ գտնվում է Գերմանիայում եւ քիմիոթերապիա է ստանում լեյկոզի դեմ, սակայն սա բուժման սկիզբն է միայն: Նրան սպասում է եւս մի քանի կուրս, եւ ողնուղեղի փոխպատվաստում, որի համար անհրաժեշտ է շուրջ 200.000 եվրո: Վարդանին օգնել ցանկացողները կարող են կապվել Վարդանի քրոջ՝ Աննայի հետ հետեւյալ հեռախոսահամարով՝ 094 300 577: