ՀԱԿ-Ը ՊԵՏՔ Է ԿՐԿԻՆ ԴԱՌՆԱ ԳՈՐԾՈՂ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց կուսակցությունն այժմ քայլեր է ձեռնարկում, որպեսզի հասարակությունը կրկին ՀԱԿ-ին ընդունի, ու այն դառնա այլընտրանք:
-Պարո՛ն Մակեյան, Կոնգրեսը որոշել է ՏԻՄ ընտրություններին խոշոր համայնքներում քաղաքապետի թեկնածուներ չառաջադրել: Ի՞նչն է այդ ամենի պատճառը, ինչո՞ւ եք պասիվ:
-Չգիտեմ՝ Կոնգրեսը կոնկրետ նման որոշում ընդունել է, թե ոչ, բայց փաստը մնում է փաստ, որ մեծ համայնքներում քաղաքապետի ընտրություններին չի մասնակցում: Ենթադրում եմ, որ պատճառը մայիսի 6-ի ընտրությունների արդյունքներն են:
-Բայց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը նշել է, որ ընտրություններին չմասնակցելու պատճառը ֆինանսական խնդիրներն են:
-Եթե հաշվի առնենք, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ֆինանսական ծախսերը անհամեմատ ավելի փոքր են, քան մյուս ընտրություններինը, ապա կարծում եմ՝ այդ պատճառաբանությունը տեղին չէ:
-Նշեցիք, որ ՀԱԿ-ը, տեսնելով, թե ինչ է տեղի ունեցել ԱԺ ընտրությունների ժամանակ, որոշել է ՏԻՄ ընտրություններին չմասնակցել, այստեղից կարելի՞ է եզրակացնել, որ ՀԱԿ-ը նույն տրամաբանությամբ նախագահական ընտրություններին չի մասնակցի:
-Մեր կուսակցությունը մայիսի 6-ի ընտրություններից հետո հայտարարեց, որ ՀԱԿ-ն ամեն ինչ պետք է անի, որպեսզի ձեւավորվի  նոր ուժային կենտրոն, որը կդառնա այլընտրանք: Ցավոք սրտի, մինչեւ այժմ ես այդ գործընթացը չեմ տեսել, միգուցե այս հաջորդող շրջանում այն սկսվի: Փորձում ենք քաղխորհրդում ներկայացնել մոտեցումները, բայց առայժմ ակնկալիքներ, հաջողություններ չենք տեսնում:
-Այդ դեպքում ո՞րն է Ձեր անելիքը, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում այդ այլընտրանքի ձեւավորման համար:
-Մենք սպասումների մեջ չենք, փորձում ենք Կոնգրեսում անել ամեն ինչ, որպեսզի Կոնգրեսն աջակցի, որպեսզի նոր ուժային կենտրոն ձեւավորվի կամ էլ դառնա լուրջ այլընտրանք, առաջիկա նախագահական ընտրություններում կարողանա հասարակությանը տանել իր հետեւից:
-Ասացիք, որ անելու եք ամեն ինչ, կոնկրետ մի քանի բառով կնշե՞ք՝ ինչ եք անում այդ ամենին հասնելու համար:
-Բարդ է այդ բոլոր քայլերը նշել, նաեւ սխալ է բոլոր քայլերը նշել. ներքին քննարկումներ են, միջկուսակցական քննարկումներ են, որոնք շարունակվում են:
-ՏԻՄ ընտրություններին չմասնակցելն արդյոք ՀԱԿ-ի անվան վրա բացասական չի անդրադառնա:
-Հնարավոր է՝ որոշակի ինչ-որ ազդեցություն լինի: Բայց կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե Կոնգրեսը հասարակությանն ընդգծված մեսիջներ ուղարկի: Այնպես որ, կարծում եմ՝ դա հաղթահարելի է:
-Կոնգրեսին այդքան քննադատելուց հետո հնարավո՞ր է՝ մոտ ապագայում Դուք եւս այն լքելու վերաբերյալ որոշում կայացնեք:
-Հայ ազգային կոնգրեսը լքելը կլինի ամենավերջին քայլը: Դա ամենահեշտն է: Բայց մենք  փորձում ենք ՀԱԿ-ի ներսում կոնկրետ քայլեր անել, որպեսզի հասարակության համար Կոնգրեսի քայլերն ընկալելի լինեն: Մեր խնդիրն այն է, որ ՀԱԿ-ը կրկին դառնա գործող: Մեր խնդիրը երկրում սահմանադրական կարգը վերականգնելն է:
-Կոնգրեսականները հայտարարեցին, որ սպասենք աշնանը, քանի որ ՀԱԿ-ում այդ ժամանակահատվածում են զարգացումներ լինելու: Արդեն հստակ որոշվա՞ծ է, թե ինչ է լինելու աշնանը:
-Կապրենք կտեսնենք, ամառն ավարտվեց, շուտով աշուն է, կտեսնենք: Կարծում եմ՝ հստակ ծրագիր կազմելու համար դեռեւս շուտ է:
-Պարո՛ն Մակեյան, ՀԱԿ ակտիվիստներին 2-6 տարվա ազատազրկման են դատապարտել, ի՞նչ եք կարծում, իշխանությունն այդքան վախենո՞ւմ է նրանցից, որ նման քայլի դիմեց:
-Միանշանակ կարող եմ ասել, որ սա քաղաքական ենթատեքստ ունի, նման դատավարություններն իրավական հարթության մեջ տեղ չունեն, Հայաստանի նման երկրում դրանք քաղաքական վճիռներ են:  Ըստ իս, իշխանությունները ոչ թե վախենում են այլ… Ա՛յ եթե վախենային Կոնգրեսից, Կոնգրեսն այն լուրջ ուժը լիներ… նրանք չէին փորձի նման վճիռ կայացնել: Այսինքն՝ ընդհակառակը, կարծես թե իրենք ավելի հանգիստ են այդ առումով եւ մնացածներին վախեցնելու համար այդ վճիռը կայացրին: Եթե այսօր լիներ երկու տարի առաջվա Կոնգրեսը, այն հզորությունը, որն ուներ հասարակության մեջ, նման վճիռ չէին կայացնի: Այդ վճռով երկու խնդիր է լուծվում. նախ՝ Կոնգրեսի վախը պակասել է, եւ երկրորդ՝ ուզում են վախեցնել այն մնացած ակտիվիստներին, որոնք առաջիկա նախագահական ընտրություններում կարող են գործոն լինել, իսկ նրանք այս վճռով վախեցնում են նրանց:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս