Գեղատես շենքը ներկայացնելով որպես վթարային` հերթական «մոնստրը» կկառուցեն. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի ճշմարտություն է` քաղաքաշինությունը լավագույնս արտացոլում է տվյալ պետության կառավարման համակարգի էությունը: Բավական է նայել Երեւանի հին ու նոր շենքերին, խորհրդային տարիներին եւ անկախացումից հետո կառուցված փողոցներին, եւ լավագույնս երեւում է, որ մայրաքաղաքի քաղաքաշինական պերճանքը մնացել է անցած դարի վաթսունականներում, իսկ, ահա, թշվառությունն ամբողջովին փոխանցվել է մերօրյա թամանյանասերներին:

Ի հակառակ համընդհանուր կարծիքի՝ Ալ. Թամանյանը Երեւանում շատ քիչ շենքեր է հեղինակել: Լինելով ողջ քաղաքի գլխավոր հատակագծի հեղինակը` հանճարեղ ճարտարապետը, այդուհանդերձ, մեկ տասնյակից էլ քիչ շենքերի նախագծեր է հասցրել իրականացնել, որոնք, թվում էր, պետք է որ պահվեին «աչքի լույսի» նման: Սակայն, ցավոք, դրանք եւս մեկը մյուսի հետեւից ձեւախեղվում են: Հայտնի ԱՕԿՍ-ի հետնամասում խոյացած հսկայական հյուրանոցի «հաջողված» օրինակից հետո հիմա էլ վտանգված է Պուշկինի 25 հասցեում գտնվող գեղատես շենքը: Արդեն հայտնի է, որ դրա տեղում նախատեսված է կառուցել 17 հարկանի հյուրանոց` երկհարկանի ստորգետնյա կանգառով:

Ու թեեւ ասվում է, որ այն չեն քանդի, սակայն նման վերաձեւումներում մասնագիտացած ճարտարապետ Լեւոն Վարդանյանն արդեն իսկ հայտարարում է, որ շենքը գտնվում է «շատ վատ վիճակում»: Այս արդեն ստանդարտ դարձած հայտարարությունը, ինչպես հայտնի է, արվում է բոլոր այն դեպքերում, երբ այս կամ այն հուշարձան-շենքը «հանրային շահի» անհասկանալի մեխանիզմով ձեռք գցած սեփականատերը ցանկանում է տեղում մի նոր «մոնստր» շինություն կառուցել եւ հուշարձան-շենքի քանդման աղմուկը մեղմելու համար՝ տարբեր վարձու «թամանյանասերների» շուրթերով սկսում է շրջանառել շենքի վթարայնության մասին սին պնդումները: Այդպես եղավ Սեւան հյուրանոցի, Երիտասարդական պալատի, Կրկեսի եւ հենց նույն` Աֆրիկյանների տան դեպքում:

Պուշկին 25-ում, սակայն, ինչպես հայտնի անեկդոտում` վարորդը նաեւ հսկիչ է, ճարտարապետը նաեւ զբոսաշրջության պատասխանատու է եւ անհասկանալի տրամաբանությամբ փորձում է հիմնավորել Պուշկինի փողոցում հյուրանոցի կառուցման անհրաժեշտությունը, քանի որ, ըստ նրա, զբոսաշրջիկը պետք է հյուրանոցից ոտքը դուրս դնի եւ հայտնվի քաղաքի կենտրոնում:

«Եթե նա քաղաքաշինորեն ոչ մի բանի չի խանգարում, ես՝ որպես մասնագետ, ճարտարապետ, գտնում եմ, որ ուզում են՝ 17 դնեն, ուզում են՝ 24 դնեն, ուզում են՝ 30 դնեն, ուզում են՝ 50 դնեն»,- ասում է «թամանյանասեր» մասնագետը, այդպես էլ մեզ` Թամանյանից անտեղյակներիս, չբացատրելով, թե ինչպես կարող է «քաղաքաշինորեն չխանգարել» միմյանց կպած երկու բազմահարկ շենքի կառուցումն այնպիսի նեղլիկ փողոցի վրա, ինչպես Պուշկինն է:




Լրահոս