Արձանագրությունների հետկանչով կվերսկսվի Ցեղասպանության միջազգային ճանաչումը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-թուրքական արձանագրությունները ՀՀ Ազգային ժողովից հետ կանչելու Սերժ Սարգսյանի որոշմանը արձագանքելով` երեկ Բաքվում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն իր ադրբեջանցի գործընկերոջ` Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է. «Որպեսզի ցյուրիխյան արձանագրություններն ուժի մեջ մտնեն, Թուրքիան պայման է առաջ քաշում՝ Հայաստանը պետք է ազատի Ադրբեջանի օկուպացված հողերը»:

Այսպիսով` Թուրքիան դարձյալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է ղարաբաղյան հակամարտության` ադրբեջանահաճո լուծմամբ, ասել է թե` պաշտոնապես վերադառնում է մինչ 2009 թվականն ունեցած դիրքորոշմանը: Իհարկե, Ս. Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտության» ընդդիմախոսները կարող են ասել, որ Թուրքիան երբեք էլ չէր հեռացել իր այդ դիրքորոշումից, սակայն դա իրականում այդքան էլ այդպես չէ: Հակառակ պարագայում Ղարաբաղի հետ կապված որեւէ նախապայման կներառվեր արձանագրությունների բուն տեքստում, կամ էլ այդ մասին թուրքական կողմից առնվազն հայտարարություն կհնչեր 2009 թվականի հոկտեմբերի 10-ին` Ցյուրիխում, արձանագրությունները ստորագրելուց առաջ:

Եվ անկախ այն հանգամանքից, որ ըստ դիվանագիտական խողովակներով շրջանառվող տեղեկատվության՝ արձանագրությունների ստորագրման գործընթացը ժամեր շարունակ ձգձգվում էր հենց Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի կողմից նման հայտարարություն անելու պահանջի պատճառով, փաստն այն է, որ Թուրքիան մտավ այս գործընթացի մեջ, գոնե ֆորմալ առումով, առանց նախապայմանների: Իսկ դա էլ, բնականաբար, Թուրքիան արեց գերտերությունների ճնշման արդյունքում, ասել է թե` գոնե այդ պահին բավականին նշանակալի հիմքեր կային սկսելու հայ-թուրքական այդ գործընթացը: Եվ այն, որ այդ փորձը ձախողվեց, չի նշանակում, թե չարժեր փորձել:

Ի վերջո, երկար տարիներից ի վեր, հայ-թուրքական հաշտեցման հարցում գերտերությունները ցուցաբերեցին աննախադեպ շահագրգռվածություն, եւ դրանից արժեր առնվազն օգտվելու փորձ կատարել: Այլ բան է, որ արձանագրությունների ստորագրումից մեկ տարի անց արդեն ակնհայտ դարձավ, որ Թուրքիան չի գնալու էական քայլերի, եւ առավելագույնը, որը այդ երկիրը խոստացել էր իր դաշնակից ԱՄՆ-ի վարչակազմին, արվեց, համենայնդեպս, ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբաման կարողացավ ապրիլքսանչորսյան իր ուղերձում «ցեղասպանություն» բառը չարտաբերելու լուրջ հիմնավորում ունենալ: Ուստի ՀՀ նախագահն արդեն մեկ տարի անց պետք է արձանագրությունները հետ կանչեր:

Իհարկե, միանգամայն իրավացի են Ս. Սարգսյանի ընդդիմախոսները` նշելով, որ արձանագրություններով կասեցվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ընթացքը: Սակայն կասկածից դուրս է, որ այն, որոշակի հապաղումով, այնուամենայնիվ, կվերսկսվի: Իսկ թե առաջիկայում կլինի արդյոք Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու նման պատեհություն, դժվար է ասել:




Լրահոս