Խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը երեկ դարձյալ չկարողացան իրենց բողոքի ձայնը լսելի դարձնել երկրի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին: Սեւազգեստ երեք մայրերի առջեւ պատ կազմած երկու տասնյակից ավել ոստիկանները պարզապես թույլ չտվեցին որդեկորույս կանանց մոտենալ նախագահականի դարպասներին, այն դեպքում, երբ վերջիններս պնդում էին, թե պարզապես ցանկանում են գնալ նամակների բաժին՝ պարզելու, թե երբ է, ի վերջո, գերագույն գլխավոր հրամանատարը պատասխանելու իրենց նամակին։
Հիշեցնենք, որ որդեկորույս այս մայրերի նախորդ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններն իրենց թույլ էին տվել անգամ բիրտ ուժ կիրառել` իրենց մայրերի տարիքի այս կանանց քարշ տալով տանել հանդիպակաց մայթ: Նման վերաբերմունքը Հայոց բանակին զինվորներ տված եւ կորցրած կանանց նկատմամբ պարզապես ազգային խայտառակություն է, որը, թերեւս, համահունչ է երկրի գերագույն գլխավոր հրամանատար լինելու մասին լրագրողի հիշեցմանը Սերժ Սարգսյանի տված պատասխանի մակարդակին: «Իյա, իրո՞ք» բացականչությամբ հեգնած Սարգսյանը, որը երբեմն հուզաթոթով ելույթներ է ունենում հայոց բանակի, հայ զինվորներից յուրաքանչյուրի կյանքի կարեւորության մասին, փաստորեն չի ցանկանում լսել այդ նույն զինվորների մայրերի աղերսանքներն ու բողոքները:
Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ, երբ որդեկորույս մայրերը բողոքի ակցիա էին անում նախագահականի դարպասի առջեւ, Սերժ Սարգսյանը հարկ էր համարել իր «բարձունքներից» իջնել ու մոտենալ սեւազգեստ կանանց: Սակայն, ի զարմանս նրա, որդեկորույս մայրերն այդ քայլից չէին շոյվել այն աստիճան, որ Սերժ Սարգսյանի երեսին չնետեին ամենադառը մեղադրանքներ` իրենց որդիների սպանությունների չբացահայտման համար նաեւ իր պատասխանատվության ամրագրմամբ: Արդյունքում` տհաճ անակնկալի եկած Սարգսյանը խստիվ հանձնարարել էր երկրի՝ այն ժամանակվա զինդատախազ Գեւորգ Կոստանյանին բացահայտել կատարված սպանությունները:
Ինչպես ցույց տվեց ժամանակը` խոստացված բացահայտումները չեղան, փոխարենը նախագահականը որդեկորույս մայրերի համար դարձավ վերջնականապես անհասանելի: Անկախ այն բանից, թե որքանով են օբյեկտիվ սեւազգեստ եւ սգակիր այս կանանց պահանջները, նրանց հետ նման կերպ վարվելը, մեղմ ասած, բարոյական չէ: Ի վերջո, հենց այսպիսի վերաբերմունքն է, որ պատճառ է դառնում երիտասարդների հուսալքման, իսկ նրանց ծնողներին դրդում իրենց որդիներին Հայաստանից հնարավոր բոլոր միջոցներով օր առաջ հեռացնելու ճանապարհ փնտրել: Մինչդեռ մեր երկիրը գտնվում է պատերազմի վերսկսման մշտական վտանգի առջեւ: